Քաղաքականություն

Թուրքական հպատակություն եւ երաշխավորված պաշտոնավարում

Թուրքական հպատակություն եւ երաշխավորված պաշտոնավարում

Պետական կառավարման մարմինների աշխատողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտասանած ճառի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել. նա այլեւս կորցրել է հանրային վստահության ռեսուրսը եւ ստիպված է ելույթ ունենալ մի լսարանի առաջ, որը պարտադրված է ներկա լինել եւ լսել նրան, այլապես կզրկվի աշխատանքից։ Խոսելով ընտրություններից հետո Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին, նա ուղերձ է հղում Թուրքիային եւ Ադրբեջանին, որ պետք չէ իրեն հիմա խանգարել վերարտադրվել, որ եթե ինքն ընտրություններում հաղթի եւ պահի իշխանությունը, դրանից անմիջապես հետո կանցնի նրանց պահանջների բավարարմանը` Սահմանադրության փոփոխությանը եւ այնպիսի Սահմանադրության ընդունմանը, որը միանգամայն կբավարարի Ադրբեջանին եւ Թուրքիային: Սակայն Փաշինյանն այդ ելույթում ներկայացրեց ավելի կարեւոր բան` ապագա Հայաստանի իր տեսլականը` թուրքական հպատակություն, որը կապահովի երաշխավորված պաշտոնավարում բանաձեւով: Նա հավաքել էր պետական կառավարման մարմինների աշխատողներին՝ ասելու, որ դրա շահառուն միայն ես չեմ, այլ՝ բոլորս միասին, նաեւ դուք՝ դահլիճում նստածներդ։ Ովքեր համաձայն են կյանքի կոչել իմ առաջարկած բանաձեւը՝ աջակցելով ինձ թուրքական հպատակության հարցում, կստանան երաշխավորված պաշտոնավարում:

Փաշինյանն իր ելույթում խոսեց այն մասին, որ պետք է իրականացնել ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ ընդունել նոր Սահմանադրություն, եւ ներկայացրեց տափակ ու ոչինչ չասող հիմնավորումներ: Այդ սիրուն բառերն ու ձեւակերպումները ջուր են, բոլորի համար պարզ է, որ նոր Սահմանադրության պահանջը ներքին չէ, դա չի գալիս հայ հասարակությունից, հայ հասարակությունը նոր սահմանադրության ընդունման պահանջ չի դրել, որովհետեւ ներկայիս Սահմանադրությունը նորմալ գործում է, այն չի առաջացնում այնպիսի սահմանադրական ճգնաժամեր, որոնք անլուծելի կամ անհաղթահարելի են, եւ անհրաժեշտություն է առաջացել ընդունել նորը, որը կհամապատասխանի նոր իրողություններին: Որեւէ մեկի մոտ կասկած չկա, այդ թվում եւ իշխանության ներկայացուցիչների, որ Սահմանադրության փոփոխության պահանջը դրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որ դրանով այդ երկրները լուծում են ոչ այնքան Արցախից եւ ցեղասպանության միջազգային ճանաչումից Հայաստանի պետության հրաժարվելու հարցը, որքան դառնում են Հայաստանի ներքաղաքական օրակարգի թելադրողը, հայ հասարակությանը հասկացնում են, որ այսուհետ շարժվելու եք մեր թելադրանքով, նոր Սահմանադրության ընդունումը նշանակում է թուրքական հպատակության ընդունում:

«Նոր սահմանադրությունը պետք է լուծի մեկ այլ, թույլ տվեք ասել` ինժեներական խնդիր, պայմանականորեն: Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի աէրոդինամիկան, էլի պայմանականորեն: Եվ աէրոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ, միասնական չլինի, թե ինչ ենք ուզում մենք ունենալ արդյունքում»,- պետական ապարատի ծառայողների առջեւ ունեցած ելույթում ասել է Փաշինյանը: Քանի որ նա արդեն հայտարարել է, որ կառավարությունն ինքն է, ապա պետություն ասելով՝ նկատի ունի հենց պետական կառավարման մարմինների աշխատողներին, խոսելով պետության հարատեւության մասին՝ նա այդ մարդկանց ասում է, որ եթե դուք ուզում եք հարատեւ-երկարաժամկետ պաշտոնավարում, ապա պետք է ինձ աջակցեք Սահմանադրության փոփոխության` Հայաստանի թուրքական հպատակեցման հարցում: Ի՞նչ նկատի ունի Փաշինյանն աէրոդինամիկա ասելով․ այն դիմադրությունը, որը կարող է առաջանալ իր նախանշած նպատակին հասնելու ճանապարհին: Նա ասում է, որ հանրային դիմադրությունը հաղթահարելու` դիմադրության գործակիցը չեզոքացնելու կամ հնարավորինս մեղմելու համար իրենց պետք է միասնականություն, իրենք պետք է ունենան միասնական պատկերացում, որպեսզի հնարավորինս հեշտ հաղթահարեն այդ դիմադրությունը: 

Փաշինյանը գիտի, որ պետական կառավարման մարմիններում, աշխատողների մոտ եւս միասնական տեսակետ չկա Հայաստանի թուրքական հպատակեցման հարցում, այդ մարդկանց մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական հպատակեցումը, դա նրանց ուղղակի պետք չէ, նրանք չգիտեն, թե ինչ է տալիս դա իրենց, այդ մարդկանց հետաքրքրում են միայն իրենց պաշտոնը եւ դրանից բխող ազդեցությունն ու եկամուտը: Փաշինյանը նրանց ասում է․ ես 2026-ին ոստիկանական տեռորի` մարդկանց կալանավորելու, բռնության եւ կեղծիքի միջոցով նախ կապահովեմ իշխանության վերարտադրությունը, դրանից դուք կօգտվեք, քանի որ կպահեք ձեր իշխանությունը, բայց դրանից հետո էլ դուք պետք է ինձ աջակցեք՝ անցկացնելու նոր սահմանադրությունը, եւ եթե այս ամենը կարողանանք միասին անել, հաշվեք, որ ապահովել ենք մեր պաշտոնավարելու հարատեւությունը:

Փաշինյանը ոչ միայն փոխշահավետ գործարք է առաջարկում, այլեւ փորձում է ցրել այն կասկածները, թե իրեն չի հաջողվելու պահել իշխանությունը, նա համոզում է, որ իշխանությունը կորցնելու վտանգ գոյություն չունի, պետք չէ տարբեր տեղերում նոր հովանավորներ կամ տանիքներ փնտրել, պետք է միասնականություն դրսեւորել, եւ ամեն ինչ լավ կլինի: Քանի՞ մարդ է նրան հավատում, քանի՞սն է ուզում նրա հետ ձեռք-ձեռքի տված՝ թռչել անդունդը, դժվար է ասել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image