Քարոզարշավի վերջին օրերի դրությամբ արդեն իսկ կարելի է եզրահանգել, որ նախընտրական քարոզարշավը տվեց իր ցանկալի արդյունքները։ Քարոզարշավն իրոք արդյունավետ էր ընտրողի համար, քանի որ առաջ քաշվեցին կողմնորոշիչներ, և լայն հնարավորություն ստեղծվեց՝ հասկանալու մանդատ խնդրող ուժերին՝ ընդհանուր առմամբ, և առանձին թեկնածուներին՝ մասնավորապես։ Ընտրողը տեսավ, որ ընտրություն կա, առաջարկները բազմազան են։
Ինչպես մտնես շուկա և ընտրես քո քիմքին հաճելի սնունդ՝ ամեն ինչ կգտնես, այնպես էլ այստեղ՝ քո ճաշակին համապատասխան քաղաքական ուժ՝ կգտնես։ Իհարկե, կլինեն ապրանքներ՝ տեսքից առողջ, ներսից՝ փտած, խակ կամ անհամ, բայց այդ հարցում էլ չխաբվելու համար քարոզարշավը օգտակար էր։
Եվ այսպես, եթե արտաքին աշխարհում ունես նախասիրություններ, կան և՛ հյուսիս, և՛ արևմուտք ուղղությունների առաջարկներ։
Ո՞ւր է քամին մեզ քշում
Իշխող ուժը ևս ամեն կերպ փորձեց եվրոպամետ մարդկանց համար գրավիչ լինել, բայց վերջում ստիպված եղավ կրկնողաբար պնդել, որ Ռուսաստանը դեռևս այլընտրանք չունի՝ իրենց կարծիքով, ստիպված եղավ բացահայտել, որ Հայաստանը դեռևս չի դիմել պաշտոնապես ԵՄ-ի անդամակցության իրական գործընթաց սկսելու համար, չունի հրավեր և ոչ մի ռեալ ժամանակացույց՝ Եվրոպայում հայտնվելու համար։ Այնպես որ, այս մասով առաջարկը եվրոպամետների համար կամ խակ է, կամ փտած։ Ըստ էության, մեկնաբանության հարց է՝ այս իշխանությունն ունի եվրոպական ուղու որևէ ռեալ ծրագիր, թե իրականում իրեն տեսնում է ռուսական շուկայում, բայց անտաղանդ գործելաոճով նաև այդ շուկան է իր առջև փակել։ Գործող իշխանությունը հետևում է արտաքին աշխարհից եկող քամիներին, ով է այս պահին ուժեղ, ով է հաղթում Ուկրաինայում, ով է այս պահին վտանգ խոստանում։ Չկա գաղափարական և հիմնավոր քաղաքկան գիծ, թե որտեղ է իրականում Հայաստանի շահը։ Քամին փչի՝ ամեն ինչ կարողէ փոխվել։ Այդպիսի անկայուն գործընկեր աշխարհում ոչ ոք չի ուզում։
Այսօր արդեն վարչապետ եվրոպամետ Փաշինյանը ընտրողներին ավետաբեր ծանուցում էր հաղորդում, որ ընտրություններից անմիջապես հետո մեկնելու է Ռուսաստան՝ Պուտինի հետ բարեկամաբար ընթացիկ հարցերի քննարկման։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստան, եթե երեկ խոստանում էր, որ ճանապարհից հետ եկած գյուղմթերքը ուղարկում են Եվրոպա։ Ինչո՞ւ։ Որովհետև մի քանի օր է հյուսիսային սառը քամին խոստանում է փչացնել ամբողջ հայկական արտահանումը՝ առանց կատակների։
Միանգամից երկու թիրախին էլ հասնելու համար ներկա իշխանությունները Ռուսաստանից՝ բիզնեսի կամ հարազատների պատճառով, հետաքրքրություն ունեցող մարդկանց ուզում են համոզել, որ ամեն ինչ լավ է, սրում չկա, Պուտինի հետ արդյունավետ աշխատում են, ամեն ինչ կշտկեն։ Բարկեմա , հարազտ են Պուտինի հետ, սիրում են իրար։ Բայց միաժամանակ եվրոպական երազանքներ ունեցող ընտրողին էլ ուզում են ցույց տալ, որ Ռուսաստանի հետ հարցերը փակված են, արհամարհված է և մերժված, Պուտինի քաղաքականությունը անընդւնելի է։ Հայաստանը ռուսական հիբրիդային պատերազմի զոհ է, ուզում են մեր ինքիշխանությունը խլել, մեր անկախությունը վերացնել և այլն և այդպես շարունակ։ Խոստանում են, թե շուտով կհեռանանք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, կգնանք մեր միրգ-բանջարեղենով Եվրոպա, ու մեզ ոչինչ այլևս չի կապի Ռուսաստանի հետ։ Այնպես որ, միաժամանակ երկու հակասող թևերին այսպես «շուստրիությամբ» գրավել փորձող իշխանությունը, փաստորեն, խաբում է երկուսից մեկին՝ կամ ռուսամոլին, կամ ռուսաֆոբին։ Իսկ, որ ամենահավանականն է, մոլորեցնում է երկուսին էլ, քանի որ այսպիսի վարքագծով և վերաբերմունքով շատ հնարավոր է զրկված լինել երկու ուղղություններից էլ բավականին երկար ժամանակով։
Եվրոպական նավերը՝ հայկական լեռնաշխարհում
Եվրոպամետները, այդուհանդերձ, կարող են գտնել ուժեր, որոնք շատ մեծ խոստումներ են տալիս Հայաստանը եվրոպական ընտանիք տեղափոխելու հարցում և միայն դա են պնդում՝ Ռուսաստանը բացառապես բացառելով։ Նրանք խոստանում են, որ վտանգի դեքում արդեն այսուհետ եվրոպական նավերը կկարողանան մագլցել հայկական լեռներ ու փրկել մեզ, միաժամանակ մեզ կտանեն ու ռուսներից զզված լինելու վարձքը կատար՝ կդարձնեն մեզ եվրոպացի։ Այնպես որ, կա ընտրություն, թեև դա լինելու է ՔՊ-ամերձ շրջանակում և առանց որևէ հուսալի երաշխիքի։ Նրանք այդ եվրոպամետ ուժերը գիտակցում են, որ այս գեղեցիկ խոստման տակ ուղղակի արևմտամետ ընտրողին գայթակղելու խնդիր են դրել, ավելին անել իրենց առաջին 10-ամյակում չի էլ հաջողվելու։
Հյուսիսային արջի բարեկամությունը
Հյուսիսային «ավագ եղբոր» նկատմամբ ջերմ վերաբերմունք պահպանած մարդիկ, բնականաբար, ՔՊ-ի ու մյուս արևմտամետների խոստումներին չեն հավատալու։ Նրանք ներողամիտ են Ռուսաստանի վերջին տարիների դրսևորած վերաբերմունքի նկատմամբ և հարաբերությունների անհարկի սրման հետ են կապում Ռուսաստանի կողմից մեր երկրին պատշաճ աջակցություն ցույց չտալը։ «Մենք ենք նեղացրել մեր հզոր գործընկերոջը՝ հաշվի չառնելով, որ արջին նեղացնելը ճիշտ չէ,- բացատրում են նրանք ու հիմնավորում,- համենյան դեպս, անտառում ճիշտը՝ արջի հետ բարեկամ լինելն է»։ Նրանք՝ ռուսամետները, ունեն ընտրություն, կարող են գնալ և քվեարկել ոչ իշխողների և ոչ էլ արևմտամետների օգտին։
Այլ հարցերում կարելի է պարզորոշ տարանջատել թեկնածուների առաջարկը և տեսնել, որ իրոք շուկան խայտաբղետ է, մնում է, որ գնորդը՝ մեր դեպքում ընտրողը, սթափ հասկանա, թե ինչ է իր փնտրածը։
Ընդդիմությունը հիմնականում ռուսախոս է
Ընդդիմությանը եվրոպամետ գնահատել չենք կարող։ Ավելին, մեծությամբ առաջին երկուսը, ինչպես երևում է՝ ավելի լավ են տիրապետում ռուսերեն։ Ինչպես իրեն կդրսևորի ՔՊ-ականների կողմից «Կալուգացի օլիգարխ» անունը ստացած Սամվել Կարապետյանը, դեռ չենք կարող հստակ ասել, բայց նա հաստատ ռուսամետ է, թեև Եվրոպան նույնպես սիրում և ընդունում է միլիարդատերերին։
Հստակ չէ նաև հայ-ռուսական հարաբերություններում որքան հեռու կգնա Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որ նույնպես կապեր ունի, ընկերներ, արդեն անգամ հարազատներ, օրինակ՝ Բելառուսում։ Նա ևս վստահ հակված է դեպի հյուսիս։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա, բնականաբար, ամեն կերպ կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ և դա կանի շատ արագ։ Բայց նկատենք, որ հենց Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը որդեգրել էր կոմպլեմենտար արտաքին քաղաքական գիծը, և դա իրականացվում էր մեծ արդյունավետությամբ։ Այդ տարիներին Հայաստանին հաջողվել էր բարեկամական հարաբերություններ ձևավորել ու զարգացնել դրանք և՛ հյուսիսի, և՛ արևմուտքի, և՛ հարավի հետ։ Ռազմական գործընկերություն կար միայն Ռուսաստանի հետ, այդպես է, բայց մյուս կողմից՝ Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարբեր ռազմական նախաձեռնությունների։ «Լավագույն ջանք» էր դա, որը տալիս էր որոշակի ապահովության զգացում։ Դրանում կային և՛ բազմազան ու դիվերսիֆիկացված հարաբերություններ, և՛ ազնվություն այն գործընկերոջ նկատմամբ, որը, համենայն դեպս, փաստաթղթավորված էր որպես ռազմավարական՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու ինչու չէ՝ նաև տարբեր արդյունքներով։
Մարզերից մեկում ընտրողների հետ զրուցելիս՝ Քոչարյանն ասաց․ «Ո՞վ չի ուզի գնալ դեպի Եվրոպա, դրանից լավ բա՞ն, բայց պետք է նայել ռեալ հնարավորություններին և ռեալ գործընկերությունը չվնասել՝ պատրանքների պատճառով»։ Սրանով Քոչարյանը միայն արևմուտք պահանջող ընտրողներին, ասաց՝ ինձ վրա հույս չդնեք։ Բայց, համեյան դեպս, ոչ էլ սուտ հույսեր առաջացրեց, Ինչ կա՝ կա։
Ոչ սպորտային շպագատ
Այս նույն իրավիճակին՝ կոմպլմենտարությանը հասնելու համար հիմա Հայաստանը հայտնվել է անհասկանալի «շպագատի» դիրքում, որից ոչ կարողանում է բարձրանալ, և ոչ էլ կարող է մնալ այդ վիճակում շատ երկար։
Ընդ որում, նկատենք նաև, որ կոմպլեմենտար հարաբերությունների ժամանակահատվածում Հայաստանը շատ սերտ համագործակցություն ուներ նաև Իրանի հետ։ Հիմա արևմտամետները լավ չեն բացատրում, թե իրենց ուղեծրում որտեղ է տեղավորված Հայաստանի հարևան և բարեկամ Իրանը։ Նրանց թվում է, թե միայն իրենցից է կախված հավասարակշռման որոշումը։ Իսկ արդյոք բոլորն իրենց շրջապատում ցանկություն ունե՞ն տեղավորվել իրենց ստեղծած հավասարակշռության մեջ, դա նրանց, կարծես, չի հուզում։ Դեռ ԹՐԻՓ-ը չկա, բայց արդեն նկատելի է եղել այդ առումով Իրանի անհանգստությունը։ Այս ուղղությամբ ևս անամպ չէ արտաքին աշխարհը Հայաստանի համար։
Վիզա ունե՞ս՝ երանի քեզ
Արտաքին քաղաքականության առումով շատ հեշտ է հասկանալ իրական վիճակը։ Ուղղակի պետք է տեսնել, թե շենգենյան վիզայի համար ինչպիսի հերթեր են գոյանում, և ինչ նյարդային պատմություն է վիզա ձեռք բերելը, հատկապես հիմա, երբ ամեն անկյունից ՔՊ-ականները խոսում են վիզաների ազատականացման ուղղությամբ իրենց ջանքերի մասին։ Վիզա ստանալը գնալով ավելի ու ավելի բարդ է։ Վիզա ունես՝ ուրեմն 100 մեկն ես, քեզ կարող են նախանձել, որ անցել ես այդ դաժան փորձության ճանապարհը։ Մի՞թե եվրոպական գործընկերները, որ վաղն իբրև խոստանում են մեզ տանել իրենց ընտանիք կամ գոնե տալ ազատ մուտքի ու ելքի հնարավորություն, այսօր մի փոքր չէի՞ն պարզեցնի կարճատև այցելությունների համար վիզաների տրամադրման գործընթացը։
Մինչ Եվրոպա մեկնելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում, նաև վտանգ է ծագում, որ շուտով Մոսկվա մեկնելու համար ևս մեզ անհրաժեշտ կլինի վիզա։ Դա, նկատենք, ամենևին չի բացառվում։ Իսկ ո՞վ մեզնից չունի Ռուսաստանում հարազատներ ու բարեկամներ, ո՞ւմ պետք չի լինելու վաղը ռուսական վիզա, և ի՞նչ ընթացակարգով է այդ վիզան հայերին տրվելու։
Այնպես որ, հավատանք ոչ թե խոսքերին, այլ գործերին, կողմնորոշվենք ոչ թե ապագայի անհավանական խոստումներով, այլ նայենք իրականությանը և կտեսնենք, որ արտաքին աշխարհում պրոբլեմներ առաջացնելուց բացի, այլ բան ներկա իշխանությունները դեռևս չեն արել։
Արեգ Մարգարյան