Հասարակություն

Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության շուրջ ինտրիգների մասին

Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության շուրջ ինտրիգների մասին

Սեպտեմբերի 28-29-ին կկայանան Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությունն ու Մյուռոնօրհնությունը։ Արդեն իսկ բավականին ինտրիգային տեղեկություններ կան թե՛ տաճարի վերանորոգման հետ կապված, թե՛ այդ կարեւոր իրադարձություններին հրավիրյալ հյուրերի կազմի, թե՛ հատկապես նրա հետ կապված, թե Հայաստանի իշխանությունները մասնակցելո՞ւ են այդ իրադարձություններին։

Իրականում շատ հարցեր ավելի պարզ են, քան կարելի է պատկերացնել։ Մի քանի դիտարկում անենք։ Նախ, Մայր տաճարի նորոգչական աշխատանքների ավարտունության հետ կապված։ Խնդիրը, ինչպես կարելի է հասկանալ «Հրապարակի» նախորդիվ արած հրապարակումներից, ոչ այնքան այն է, թե ինչու է տաճարի նորոգությունն այսքան ձգձգվել, այլ այն, թե այդ ձգձգումն օբյեկտի՞վ է, թե՞ կան սուբյեկտիվ պատճառներ։ Էջմիածնի Մայր տաճարի նման կառույցների նորոգությունը կարող է տեւել նաեւ տասնամյակներ։ Այլ է հարցը, թե այդ նորոգման գործընթացը որքանով է թափանցիկ։ Ընդ որում, թափանցիկությունը վերաբերում է ոչ միայն տեխնիկական կողմին, այլ նաեւ՝ ֆինանսական։
Այո, Մայր Աթոռն իրեն ենթակա մեդիա ռեսուրսներով մի քանի անգամ ներկայացրել է նորոգման ընթացքը։ Սակայն դրանք եղել են զուտ տեխնիկական-տեղեկատվական բնույթի եւ հիմնականում՝ եկեղեցուն պատկանող «Շողակաթով»։ Մինչդեռ հարցը նաեւ ֆինանսական բաղադրիչ ունի, որի «ոչ թափանցիկության» հարցում է «Հրապարակը» խնդիր տեսնում եւ նորոգման ձգձգումը դիտարկում է այդ «ոչ թափանցիկության» համատեքստում։ Օրինակ, հասարակությունը չգիտի, թե որքան է արժեցել տաճարի նորոգությունը, որ մասն է այդ գումարից հավաքվել համազգային-համահայկական հանգանակությամբ, եթե, իհարկե, նման հանգանակություն արվել է առհասարակ, որ մասն է իրականացվել հարուստ թեմերի մասնակցությամբ, որը՝ անհատ բարերարների։

Հասարակությունը տեղյակ չէ, թե նորոգչական որ փուլը որքան է արժեցել, օրինակ՝ որմնանկարների ռեստավրացիան, հատակի սալիկապատումը, գմբեթների ամրացումը եւ այլն, որքան են արժեցել։ Ի վերջո, Էջմիածնի Մայր տաճարը համաշխարհային նշանակության կրոնական-ճարտարապետական կոթող է եւ բացառիկ նշանակություն ունի նաեւ համահայկական միջավայրում, համայն հայության՝ առնվազն մինչեւ 10 միլիոն հայի համար։ Եթե, օրինակ, Մայր տաճարի նորոգումն իրականացվեր բաց ու թափանցիկ գործող հիմնադրամով, որն ամեն եռամսյակը մեկ ֆինանսական հաշվետվություն ներկայացներ հասարակությանը, ապա չէին առաջանա տարբեր մեկնաբանություններ։ Իսկ այսպես՝ կարծես անգամ եկեղեցու սպասավորները տեղյակ չեն այդ խոհանոցից։ Եվ եթե Մայր Աթոռը նախընտրում է գործել այնպես, ինչպես գործում է, ապա հասարակությունն էլ ու հատկապես՝ չորրորդ իշխանություն հանդիսացող մամուլը, կարող են իրենց մտահոգություններն ու խնդիրները սույն հարցի առնչությամբ բարձրացնել, հատկապես որ իր աղբյուրներից ստացած տեղեկություններն իրոք մտահոգիչ են եւ ճշմարիտ, որքան էլ կաթողիկոսին կից որոշ գործիչներ ու կառույցներ փորձեն դա հերքել։

Ինչ վերաբերում է Մյուռոնօրհնության արարողությանը Հայաստանի իշխանությունների հնարավոր մասնակցությանը կամ չմասնակցությանը, հրավերներ ուղարկելուն եւ այլն, ապա խնդիրն այստեղ լրիվ այլ է։ Նախ՝ Սրբազան մյուռոնն առաքելական եկեղեցու ծիսական պրակտիկայում ամենօրյա կիրառություն ունեցող սրբազան յուղ է, ծիսական բաղադրիչ։ Մյուռոնօրհնությունն էլ, ըստ այդմ, զուտ կրոնական-ծիսական արարողություն է, որին մասնակցելու հրավիրատոմս ուղարկելն արդյո՞ք առհասարակ ճիշտ է։ Դա նույնն է, որ բոլոր հայերին կամ իրենց հայ համարողներին, Հայ առաքելական եկեղեցու անդամներին հրավիրատոմսեր ուղարկես։ Դա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, Սբ պատարագի արարողությանը, որը Քրիստոսի Մարմնի ու Արյան խորհուրդն է, ամեն կիրակի հրավիրատոմս ուղարկվի տվյալ համայնքի անդամներին՝ տեղի կրոնավորի կողմից։ Սա անհասկանալի է։

Մասնակցել ցանկացողներն իրենք պետք է շահագրգռված լինեն, նախապես դիմեն, որ ցանկանում են մասնակցել արարողությանը՝ եթե Հայաստանից չեն, որպեսզի նրանց հետ կապված կազմակերպչական ինչ-ինչ հարցեր լուծվեն։ Նույնը եւ՝ ՀՀ իշխանությունների դեպքում։ Իշխանավորը՝ ինքը, պետք է շահագրգռված լինի այդ կարեւոր քրիստոնեական արարողությանը մասնակցելուն։ Ի վերջո, կմասնակցի իշխանավորը, թե ոչ՝ դրանից սրբազան արարողության ո՛չ իմաստը, ո՛չ նշանակությունը չի նվազի եւ չի ավելանա։ Ու ավելորդ ձեւականություններից է պետք ազատվել։ Բոլորս Աստծո զավակներն ենք, ու եթե, օրինակ, ՀՀ նախագահի կամ վարչապետի կամ որեւէ մեծահարուստ բարերարի համար հրավիրատոմս է ուղարկվում, ապա պետք է հրավիրատոմս ուղարկվի նաեւ, օրինակ, Հայաստանի ամենահեռավոր գյուղում բնակվող առաքելադավան թոշակառու տատիկին նույնպես, որովհետեւ Աստծո համար չկա տարբերություն՝ նախագահ ես, վարչապետ, թե միլիարդատեր կամ մի քանի կոպեկով գոյատեւող թոշակառու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image