Շանհայի համագործակցության կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանն անդամակցել է կազմակերպությանը։ Այս մասին որոշումը կայացվել է կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում, որը նախագահել է Հնդկաստանը։ Իրանը կազմակերպության 9-րդ անդամն է։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովին ստորագրվել էր հուշագիր՝ Իրանի անդամակցության նպատակների եւ պարտավորությունների վերաբերյալ։ Տեղի ունեցածը, չափազանց հետաքրքիր է ու անսովոր՝ բազմաթիվ առումներով։
Նախ, որ առաջին անգամ՝ 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո իսլամական հանրապետությունը դառնում է խոշոր միջազգային միավորման անդամ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ միջազգային ասպարեզում Իրանի մեկուսացման Արեւմուտքի ջանքերը, ըստ էության, հաջողություն չունեցան։ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությունը Թեհրանը կարող է իր դիվանագիտական խոշոր հաղթանակը նաեւ համարել, քանի որ սա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ իր տնտեսական դիմակայության պայմաններում ստանում է բավականին խոշոր ու ազդեցիկ միավորման աջակցությունը։
Բացի այդ, Իրանը, ըստ էության, ողջ Մերձավոր Արեւելքում ուժեղացնում է դիրքերը։ Նաեւ ավելի զգալի է դառնում Իրանի՝ որպես ինքնուրույն խաղացողի ներկայությունն աշխարհում։ Պատահական չէ, որ հենց այս բովանդակությամբ «մեսիջներ» պարունակող հայտարարություններ են հնչել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի կողմից, իսկ իսլամական հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռեիսին էլ հայտարարել է, որ Իրանի նոր կարգավիճակը կապահովի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ ավելի բարձր մակարդակում, քան մինչ այդ էր։
Իսկ ի՞նչ է շահել Շանհայի համագործակցության կազմակերպությունը նոր՝ արդեն իններորդ անդամն ունենալով իր շարքերում։ Առաջին հերթին սա նշանակում է, որ կազմակերպության գոյությունն ու ընտրած ձեւաչափն ինքնին ժամանակի քննությունն են հանձնում եւ ապացուցում իրենց արդյունավետությունը։ Բացի այդ, կազմակերպությունը զգալիորեն բարձրացնում է իր միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը։ Մյուս կողմից էլ, եթե հարցը դիտարկենք նոր աշխարհակարգի հաստատման համատեքստում, ապա ՇՀԿ-ն, հասկանալով նոր ձեւավորվող գեոպոլիտիկ իրականությունը, սկսում է ավելի ակտիվացնել տարբեր ուղղություններով իրականացվող իր գործողությունները։
Ի դեպ, ՇՀԿ-ն հանդես է գալիս որպես բաց կազմակերպություն, որին անդամակցելու ցանկություն ունեն նաեւ այլ երկրներ։ Անդամակցության հայտ ներկայացրել է Բելառուսը։ Կազմակերպության հանդեպ հետաքրքրվածություն են դրսեւորել Եգիպտոսը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, որը, ի դեպ, կարծես թե բազմաբեւեռ աշխարհում ներկայանում է որպես արաբա-իսլամական Արեւելքի ուժային կենտրոն։ Կազմակերպության գործընկերներ են հանդիսանում Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Շրի Լանկան, Կամբոջան, Նեպալը։