Քաղաքականություն

1000-ից ավելի սոցիալապես անապահովներ տուժել են՝ Ակադեմիական քաղաքի գաղափարի պատճառով

1000-ից ավելի սոցիալապես անապահովներ տուժել են՝ Ակադեմիական քաղաքի գաղափարի պատճառով

«Մենք սոցիալական բնակարանաշինությամբ ենք զբաղվում, որոշակի սոցիալական թիրախային խմբերի շուկայականից շատ մատչելի գնով տներ ենք տրամադրում։ Հերթական նախագիծը, որ բնակարանի կարիք ունեցող 1000-ից ավելի անձի բնակարանային հարցը կարող է լուծել, խոչընդոտվում է Կադաստրի կոմիտեի կողմից»,- «Հրապարակ»-ին ահազանգում է «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության նախագծերի տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Այն հողատարածքը, որի նշանակությունը, ըստ զրուցակցիս, Կադաստրի կոմիտեն հրաժարվում է փոխել, գտնվում է «Ակադեմիական քաղաք» կոչված վայրին կից, սակայն չի մտնում այդ տարածքի մեջ։ 
 
 «Մեր կազմակերպությունը մատչելի գնով բնակարաններ է տրամադրում որոշակի սոցիալական խմբերի պատկանող անձանց, ովքեր ունեն դրա կարիքը՝ պատերազմի մասնակիցներ, մեծ ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ և այլն։ Սփյուռքի աջակցության դրամաշնորհային ծրագիր է գործում։ Այս ծրագրի շրջանակներում մենք բախվել ենք խնդրի՝ հողի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված։ Մեր նախորդ ծրագրում այսպիսի խնդիր չի եղել։ Սա մեր երրորդ ծրագիրն է: Նախորդ տարիներին այս նախագիծն իրականացվել է Գյումրիում ու Պռոշյանում»,-ասաց Պետրոսյանը։
 
Ծրագրի հերթական փուլը, որտեղ առաջացել է խնդիրը, իրագործվելու է Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի տարածքում։ Կառուցապատում անելու համար գյուղատնտեսական նշանակության հողը պետք է փոխվի բնակելիի։ Բոլոր գերատեսչությունները, համայնքապետարանը, կոմունիկացիաներ տրամադրող ընկերությունները առարկություն չեն ունեցել, միայն Կադաստրի կոմիտեն է առարկել՝ իրարամերժ պատճառաբանություններով։  «Կադաստրի կոմիտեից ասում են, թե այդ տարածքում կառավարության ռազմավարության համաձայն պետք է գյուղատնտեսությունը զարգանա, բայց այդ տարածքն ամբողջությամբ տափաստան է, լցված է շինաղբ՝ ինչ ասես։ Բացի գյուղատնտեսությունից, այդտեղ ամեն ինչ կա։ Երբ մենք հիմնավորեցինք մեր ծրագրի մանրամասները, որ այն բարեգործական բնույթ է կրում, սոսկ բիզնես-նախագիծ չէ, 1400 շահառու ունենք, 50 հազար հայտ, իրենք բերեցին մեկ այլ հիմնավորում»։ 
 
Պետրոսյանը շեշտում է՝ հողն իրենց սեփականությունն է, գնել են մասնավորից, սեփականության իրավունքով իրենց է պատկանում։ Այն ակադեմիական քաղաքի տարածքում չէ, սակայն կադաստրի կոմիտեն ասել է, որ գլխավոր հատակագծի հաստատումից հետո նոր կորոշեն հողի ճակատագիրը։ 
 
«Չեն հիմնավորում, թե մենք ինչ կապ ունենք ակադեմիական քաղաքի հետ։ Գուցե չեն ուզում, որ ինչ-որ կառուցապատում արվի, նպատակ ունեն այդ տարածքը ոչ օրինական ճանապարհներով ձեռք բերել, շահավետ բիզնես նախագծեր անել հետագայում։ Այն անձինք, որոնց հողն ընկնում է ակադեմիական քաղաքի մեջ, արդեն հանրային գերակա շահ ճանաչելու մասին ծանուցումներ են ստացել, բայց մեզ դա չի վերաբերվում»,- նշեց նա։
 
Հ.Գ. Փաստացի, սոցիալական բնակարանաշինության բարեգործական ծրագիրը կյանքի չի կոչվում՝ ակադեմիական քաղաքի անիրատեսական պլանի պատճառով, որը 2030 թվականին կամ կիրականացվի, կամ՝ ոչ։ Ստացվում է, պետական մարմինների հերթական քմահաճույքով որոշվում է բնակարանի խնդիր ունեցող 1000-ից ավելի անձանց ճակատագիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image