Բազմաբնակարան շենքերի կառուցապատողներն ահազանգում են՝ Երեւանի քաղաքապետարանն ավարտական ակտերը ժամկետների մեջ չի տրամադրում, արհեստական խնդիրներ են առաջացնում բիզնեսմենների համար։ Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նման ահազանգեր իրենք էլ են ստացել։
- Վերջին ամիսներին քաղաքաշինական թույլտվություններ, փաստաթղթեր, գործընթացներ Երեւանի քաղաքապետարանը չի իրականացնում։ Տարբեր պատճառներ են առաջ բերում, բայց հիմնական պատճառը, ասում են, այն է, որ դեռեւս չկա Երեւանի գլխավոր հատակագծի հաստատման որոշումը:
- Առհասարակ, ի՞նչ խնդիրներ ունեն կառուցապատողներն իշխանությունների հետ։
- Մի քանի խմբի են բաժանվում խնդիրները՝ պետական մարմինների հետ վարչարարական խնդիրներ, փաստաթղթերի ուշացումներ, ժամկետներ։ Հաջորդ խնդիրը, որին մշտապես բախվում են կառուցապատողները, մատակարար կազմակերպություններն են՝ «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա», ՀԷՑ։ Ամենօրյա կտրվածքով այս ընկերությունների հետ խնդիրները շատանում են։ Կառուցապատողների համար խնդիրներ են առաջանում նաեւ իրավական փոփոխությունների ժամանակ, որը ենթադրում է խաղի կեսից խաղի կանոնների փոփոխություն, որն իր բացասական ազդեցությունն է թողնում մեկնարկված քաղաքաշինական ծրագրերի վրա։
- Ինչո՞վ է պայմանավորված, որ քաղաքապետարանը չի տրամադրում շենքերի ավարտական ակտերը։
- Այո, կառուցապատողներն ահազանգում են, որ էական ժամանակ է պահանջվում, մինչեւ ավարտական ակտը ստանում են։ Բոլոր կառուցապատողների մոտ կա այս խնդիրը։ Մենք հարցրել ենք քաղաքային իշխանություններին, թե որն է պատճառը, սակայն պատասխան չենք ստացել։ Ավարտական ակտերի տրամադրման գործընթացում երկու խնդիր կարող է լինել՝ կառուցապատողը խախտում թույլ չի տվել, սակայն, վարչարարությամբ պայմանավորված, ձգձգումներ են լինում։ Օրինակ՝ քաղաքապետարանի աշխատակիցները չեն հասցնում աշխատանքը կատարել։ Մյուս խնդիրն այն է, որ կառուցապատողը շեղումներ ու խախտումներ է թույլ տվել, եւ քանի դեռ դրանք վերացված չեն, ավարտական ակտ չի կարող ստանալ։
- Եթե կառուցապատողն ավարտական ակտ դեռ չունի, արդյոք կարո՞ղ է շենքը բնակեցվել, բնակիչը կարո՞ղ է տունը վերանորոգել։
- Ոչ, չի կարող։ Այս մասով կառուցապատողի համար նախատեսված սանկցիա կա՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։ Եթե կառուցապատողն առանց շահագործման թույլտվության թույլ տա բնակչին՝ բնակեցում իրականացնել, կտուգանվի։
- Քաղաքապետարանի կողմից փաստաթղթերի ուշացման պատճառով շենքերի շահագործման ժամկետների խախտումը կառուցապատողի եւ բնակչի միջեւ կոնֆլիկտ չի՞ առաջացնում, այս իրավիճակի պատասխանատուն ո՞վ է։
- Բնակիչները տեսնում են, որ կառուցապատողը հավուր պատշաճի իրականացրել է իր գործառույթը, եւ քաղաքապետարանն է ուշացնում, ուստի ձեռնպահ են մնում դատական գործընթացներից։ Հասկանում են, որ պետական վարչարարության զոհ է ե՛ւ բնակիչը, ե՛ւ կառուցապատողը։
- Քաղաքապետարանի կողմից ժամկետների, ավարտական ակտերի ուշացումն ի՞նչ խնդիր է առաջացնում կառուցապատողի համար։
- Մի քանի խնդիր՝ իրավահարաբերություններ բնակիչների հետ, հնարավոր պայմանագրային խախտումներ՝ իրավական հետեւանքներով հանդերձ։ Բնակիչները կարող են դատական հայցեր սկսել կառուցապատողների դեմ, կամ սնանկության գործընթացներ սկսվեն, պայմանագրերի խզում, գումարի հետվերադարձի պահանջ։ Խնդիրներ կարող են առաջանալ նաեւ բանկերի հետ։ Օրինակ, բանկը վարկը տրամադրում է 36 ամսում, սակայն կառուցապատողն արդեն 45 ամիս է՝ ավարտական ակտը չունի։ Բանկը կարող է հետ պահանջել իր տրամադրած վարկը։
- Այդպիսի դեպքեր եղե՞լ են։
- Վերջին տարիներին չեն եղել, որովհետեւ բոլորն էլ գիտակցում են, որ եթե այդ քայլն անեն, դատական քաշքշուկների մեջ կընկնեն։