Իլհամ Ալիեւը որոշել է փոխել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ստատուսը՝ կարեւոր հանգամանք, որն ուշադրության չարժանացավ հայկական ԶԼՄ-ների կողմից: Այնինչ նոր աշխարհակարգի ձեւավորման արդյունքում ստեղծված քաոսից Ադրբեջանի իշխանությունները որոշել են օգտվել: Եվ այսպես․ սահմանադրությունից հեռացվում է 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը, ինչն ամբողջությամբ փոխում է պատմական հայկական բնակավայրի իրավական կարգավիճակը:
Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի քաղաքագետ, ադրբեջանական քարոզիչ Ֆարհադ Մամեդովը Minval Politik-ի հետ զրույցում անկեղծորեն հայտարարում է, որ այս փոփոխությունը հնարավոր է եղել կատարել՝ օգտվելով թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի՝ իրենց համար գոյաբանական խնդիրներով զբաղվածությունից։ Իհարկե, Մամեդովը «զավթել» բառով չի բնորոշում իրենց գործողությունները, սակայն հայտարարում է, որ Ադրբեջանն օգտվեց հարմար պահից եւ կարողացավ փոխել Նախիջեւանի կարգավիճակը: Սահմանադրության խմբագրված նոր տարբերակում նշվում է, որ Սահմանադրության հիմքում դրվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին 1991 թ․ սեպտեմբերի 30-ի հռչակագիրը, 1991 թ․ հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտն ու 1995 թ․ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը: Հիշեցնենք, որ այս նախագիծը երկրորդ լսմամբ ընդունվել էր Ադրբեջանի խորհրդարանի կողմից:
«Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը սահմանում էին Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ սահմանը։ Երկրորդ․ դրանք սահմանում էին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության իրավական կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ պարտավորություններ ունեին թե՛ Խորհրդային Ռուսաստանը, այսինքն, հետագայում՝ նաեւ ԽՍՀՄ-ը, թե՛ Թուրքիան։ Եվ եթե Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հղումները հանվեն Նախիջեւանի Հանրապետության սահմանադրությունից, դա նշանակում է, որ ՆԻՀ իրավական կարգավիճակը կարող է փոխվել կամ լիովին վերացվել՝ տարածքը վերածելով Ադրբեջանի Հանրապետության կանոնավոր վարչական շրջանի: Այսպիսով, Ադրբեջանը հրաժեշտ է տալիս իր խորհրդային ժառանգությանը։ Երկրորդ․ սա տարածաշրջանում նոր իրողությունների արդյունք է, իրողություններ, որոնք ձեւավորվում են Ադրբեջանի Հանրապետության՝ իր տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության հիման վրա»,- բացատրում է Ֆարհադ Մամեդովը:
Մամեդովը նշում է, որ այս փոփոխությունն առաջին հերթին շոշափում է պայմանագիրը կնքող կողմերին՝ Ռուսաստանին եւ Թուրքիային: Բնականաբար, Մամեդովը շեշտում է, որ Թուրքիան որեւէ կերպ չի կարող դեմ լինել Նախիջեւանի զավթմանն Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանում հաստատ չեն ուրախանա այս փաստից: «ԽՍՀՄ-ի իրավահաջորդն այսօր Ռուսաստանն է, իսկ Թուրքիան նույնն է մնացել, մենք կարող ենք վստահ հայտարարել, որ Թուրքիան որեւէ կերպ դեմ չի արտահայտվի այս քայլին, իսկ Ռուսաստանը որեւէ կերպ կարող է արտահայտել իր դիրքորոշումը: Մենք պետք է հասկանանք, որ միջազգային իրավիճակն այնպես է դասավորվել, որ այս պահի դրությամբ որեւէ քայլ անելու շանս Ռուսաստանն ուղղակի չունի: Չնայած Իրանը պայմանագրերից որեւէ մեկի կողմ չի հանդիսանում, սակայն իրենց քաղաքականության մեջ Նախիջեւանը միշտ առանձնահատուկ դիրք է զբաղեցրել: Եվ դա հաճախ շեշտվում էր ու դյուրագրգիռ արձագանք էր ստանում Բաքվում: Կարծում եմ, որ այսօր իրանական իշխող խմբի առաջ ավելի կարեւոր ու բարդ հարցեր են կանգնած, որպեսզի ինչ-որ կերպ դեմ արտահայտվեն այս փոփոխությանը»,- հայտարարում է ադրբեջանցի քարոզիչը:
Մամեդովը փաստացի հայտարարում է, որ Ալիեւը, օգտվելով իր հավատակից մուսուլման Իրանի դեմ ծագած գոյաբանական վտանգներից, նաեւ Ռուսաստանի՝ Ուկրաինայում պատերազմի մեջ ներքաշված լինելու հանգամանքից, հստակ գիտակցելով, որ այս երկու երկրները հերթական զավթողական քայլը որեւէ կերպ չեն կարողանալու զսպել, հենց ադրբեջանցիների սիրած բառով՝ բորենիների պես իրենցով են արել Նախիջանի Ինքնավար Հանրապետությունը: