ՀՀ պետբյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, Գեղարքունիքի մարզի Գագարին, Ակունք եւ Վերին Գետաշեն համայնքների միջնակարգ դպրոցներում դեռ 2022 թվականին ներկայացված նախագծով նախատեսված էր մարզադահլիճների կառուցում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի աշնանը, կառուցապատման ավարտման ժամկետ է նշված 2023 թվականի դեկտեմբերը։ Սակայն մինչեւ օրս այս 3 դպրոցում մարզադահլիճների շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանից հետաքրքրվեցինք, թե երբ կավարտվեն մարզադահլիճների շինարարական աշխատանքները, եւ որքան գումար է հատկացվել պետական բյուջեից: «Կառուցապատումն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից, մոտ 2 տարի ընթանում է շինարարությունը, մեր ուշադրության կենտրոնում է, թե երբ կավարտվի, չեմ կարող ասել: Չեմ կարող հիշել, թե որքան գումար է հատկացվել, գումարի չափը քաղշինից պարզեք: ԿԳՄՍՆ-ի հետ միասին է այդ ծրագիրն իրականացվում»:
Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ մարզպետարանից ասացին, որ ես դատարկեմ տարածքը, որպեսզի նոր մարզադահլիճ կառուցվի: Նախագծին ծանոթ եմ, տեսել եմ, բայց ոչ մի թղթաբանության հետ կապ չունեմ եւ ոչ մի տվյալ չեմ կարող Ձեզ տալ՝ ո՛չ գումարային, ո՛չ էլ այլ հարցերով: Աշխատանքների մոտ 90%-ն արդեն ավարտվել է, նոր ուսումնական տարում կունենանք նոր սպորտդահլիճ»:
Գագարինի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ստեփանյանի խոսքով՝ մարզադահլիճի շինաշխատանքները դեռ շարունակվում են: Գոնե նոր ուսումնական տարում մարզադահլիճը պատրաստ կլինի՞։ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պատվիրատուն չեմ, որեւէ հարցի չեմ կարող հստակ պատասխան տալ, մենք կապ չունենք այդ շինարարության հետ»:
Մինչդեռ գագարինցիները մեզ պատմեցին, որ մեկ տարուց ավելի է՝ շինարարություն է ընթանում համայնքում, բայց գործի կեսը դեռ կատարված չէ, քանի որ այդ ժամանակահատվածում մի քանի շինարարական կազմակերպություն է փոխվել: «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդումը դպրոցում, բնականաբար, խոչընդոտվել է` գրեթե չեն պարապում, քանի որ չունեն մարզադահլիճ ու համապատասխան պայմաններ։ Հարց ուղղեցինք ԿԳՄՍ նախարարություն, թե ինչու են ձգձգվում կառուցման աշխատանքները եւ երբ կավարտվեն։ Նաեւ` որքան գումար է հատկացվել 3 մարզադահլիճ կառուցելու համար, որ կազմակերպությունն է իրականացնում շինարարությունը։
«Իրականում ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, թե երբ կավարտվի, եւ ինչքան գումար է տրվել, Քաղաքաշինության կոմիտեն է պատվիրատուն, եւ իրենք էլ այդ տեղեկատվությանը տիրապետում են, քանի որ ըստ շինարարության փուլերի է գումարը հատկացվում»: Իսկ ո՞ր մասով է ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատու։ «Գիտեք, որ պետության կողմից իրականացվում է դպրոցաշինության ծրագիր, դրան զուգահեռ, ունենք նաեւ մեծ թվով դպրոցներ, որտեղ մարզադահլիճներ չկան, եւ այդ դպրոցներն ընդգրկում ենք ծրագրում: ԿԳՄՍՆ-ն պատասխանատու է գույքի ձեռքբերման համար, եւ դա սովորաբար լինում է, երբ որ շինարարությունը գտնվում է ավարտական փուլերում»: Գույքի ձեռքբերման համար գումար հատկացվե՞լ է, որքա՞ն։ «Չեմ կարող ասել, քանի որ շատ մեծ ծավալի գույք է ձեռք բերվում: Գնումներ արդեն կատարվել են Վերին Գետաշենի եւ Ակունքի մասով, քանի որ անցած տարի պետք է ավարտված լինեին, իսկ Գագարինի դպրոցի հետ կապված դեռ ոչ մի գնումներ չենք կատարել, քանի որ Գագարինի մարզադահլիճի ավարտը նախատեսված չէր եղել անցած տարի»,- ասաց ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Նշենք, որ դպրոցների մարզադահլիճների շինարարական աշխատանքներն իրականացվում են «Տ-Քոնսթրաքշն» ՓԲ ընկերության կողմից: Այս ընկերությունը 2022 թվականին իրականացրել է նաեւ Լոռու մարզի համայնքների դպրոցների շինարարական աշխատանքները, որից դժգոհել էր Փաշինյանը՝ մարզ այցելության ժամանակ․ հավանաբար, հիշում եք «դուշերի» եւ բասկետբոլի շիթի պատմությունը: