Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանը չի բացվի, Թուրքիան Հայաստանը շրջանցող երկաթգիծ է կառուցում

Հայ-թուրքական սահմանը չի բացվի, Թուրքիան Հայաստանը շրջանցող երկաթգիծ է կառուցում

Վրաստանում գործող jnews.ge կայքն իր ընդամենը մեկ լուրով ցույց է տալիս, թե որքան հեռու են Հայաստանի իշխանություններն իրականությունից, եւ ինչ արժեն նրանց անտրամաբանական գործողությունները միջազգային հարթակներում, որ իրենք սովորաբար բանակցություն են անվանում: Սույն կայքը գրում է, որ թուրքական Կարսի, Իգդիրի եւ Ադրբեջանի Նախիջեւանի միջեւ երկաթուղային նախագիծն արդեն իսկ ընթացքի մեջ է եւ ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու հետ. այդ մասին ասել է նախագծի ղեկավար Օսման Բեշերեկը։ Երկաթուղու երկարությունը կազմելու է 224 կիլոմետր եւ, ըստ նախագծի հեղինակի, «Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը Զանգեզուրի միջանցքի մի մասն է եւ ոչ միայն Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, այլեւ դառնալու է աշխարհի տրանսպորտային եւ առեւտրային ուղիների հիմնական զարկերակներից մեկը»։ Թուրքիան հարյուրավոր միլիոններ է ներդնում Հայաստանը շրջանցող երկաթգիծ կառուցելու համար, աշխարհի տրանսպորտային եւ առեւտրային ուղիներից մեկն անցնելու է Հայաստանի կողքով: 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նիկոլ Փաշինյանը մի շատ ուժեղ նախագիծ է մտածել եւ անունը «խաղաղության խաչմերուկ» դրել: Այդ նախագծով ենթադրվում է, որ Հայաստանն իբրեւ թե պետք է ենթակառուցվածքային հանգույց դառնա հյուսիսի եւ հարավի, արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, այդ ուղիները պետք է խաչվեն Հայաստանում: Որ Փաշինյանի նախագիծը կյանքի կոչվի, Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է բացեն իրենց սահմանները Հայաստանի համար, իրենք օգտագործեն Հայաստանի տարածքը տարանցիկ բեռնափոխադրումների համար եւ թույլ տան, որ այլ երկրներ օգտագործեն այդ ճանապարհները: Ադրբեջանը եւ Թուրքիան հասկացնում են, որ Հայաստանի տարածքն իրենց պետք չէ, ավելի ճիշտ՝ պետք է Սյունիքը, որ իրենք իրար հետ ուղիղ կապ ունենան, շրջանցեն Հայաստանը, Հայաստանի մնացած հատվածն էլ վերածեն փակուղու, թե ինչպես կանվանվի այդ փակուղին, արդեն էական չէ, գուցե՝ հավերժական լարվածության կամ հետամնացության փակուղի:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սեւ ծովի, Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջեւ»,- անցյալ տարի սեպտեմբերին Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձեւաչափով հանդիպմանն ասել է իրեն Հայաստանի արտգործնախարար համարող Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, թե ինքն իբրեւ թե պայմանավորվել է, որ Հայաստանը եւ Թուրքիան համատեղ գնահատեն Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միրզոյանի այս եւ մյուս պայմանավորվածություններն իրականում երազանքներ են, որոնք երբեւէ կյանքի չեն կոչվում: Բայց ինքը շարունակում է պայմանավորվել եւ ինչ-որ գաղափարներ ներկայացնել, որովհետեւ իրեն թվում է, որ ինքն արտգործնախարար է աշխատում: Նա այդպես մտածելու հիմքեր դեռ ունի` աշխատասենյակի պատին եւ ռոճիկացուցակում գրված է՝ ԱԳ նախարար:

Թուրքիան ցանկություն ունենար բացել Կարս-Գյումրի երկաթգիծը, հաստատ արդեն բացած կլիներ, եթե ցանկություն ունենար բացել երկաթգիծը, հաստատ հարյուրավոր միլիոն կամ գուցե միլիարդավոր դոլարներ չէր ծախսի Հայաստանը շրջանցող երկաթգիծ կառուցելու վրա: Կարս-Գյումրի երկաթգիծը բացելու դեպքում Թուրքիան միանգամից երկաթուղային հասանելիություն է ստանում Նախիջեւանի հետ․ Գյումրուց՝ Երեւան, Երեւանից՝ Երասխ, իսկ այնտեղից էլ՝ Նախիջեւան: Ճիշտ է, Երասխ-Նախիջեւան հատվածը վերականգնման կարիք ունի, բայց դա անհամեմատ ավելի արագ կարող էր իրականացվել, քան Կարսից դեպի Նախիջեւան նոր երկաթուղի կառուցելը: Բայց Թուրքիան որոշել է հինգ տարի սպասել, այսքան տարի փակ են պահել երկաթուղին, մի հինգ տարին ի՞նչ է, որ չսպասեն: Եթե Թուրքիան երկաթուղի է կառուցում դեպի Նախիջեւան, նրա էլ ինչի՞ն է պետք Կարս-Գյումրին, այդ երկաթուղով ի՞նչ պետք է Կարսից ուղարկի Գյումրի կամ Գյումրուց՝ Կարս:  

Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին հիմարի տեղ են դնում՝ ամեն անգամ ինչ-որ բան խոստանալով եւ խաբելով, թե՞ Հայաստանի իշխանություններն են իրենք իրենց հիմարի պես պահում, հասկանալով, որ իրենց հիմարացնում են, բայց հաճույքով մտել են այդ դերի մեջ: Բայց ի՞նչ իմաստ ունի հիմար խաղալը, ի՞նչ է տալիս դա իշխանությանը կամ նրա առանձին վերցրած ներկայացուցիչներին: 2021 թվականին գաղտնազերծված ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասում էր, որ ինքն իրեն հատուկ է գժի տեղ դնում, որ կարողանա խաբել միջազգային գործընկերներին: Որեւէ մեկը նրան չհարցրեց՝ իսկ կարո՞ղ է Փաշինյանն իրեն բանական մարդու տեղ դնել: Գուցե հիմարի տեղ դնելը միակ միջոցն է, որ արդարացնեն իրենց խելոքի տեղ դնելու անհնարինությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image