Այլ

Ամենաթանկ պատգամը․ «Պապաս երկնքում է, խնդրում եմ դուք իմ պապան լինեք»

Ամենաթանկ պատգամը․ «Պապաս երկնքում է, խնդրում եմ դուք իմ պապան լինեք»

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն է։ Ուզում եմ հիշեցնել  ոչ թե նրա  բարձր գահը, այլ՝ մարդու պարզ ու իրական քայլերը։

Փոքրիկ Կտրիճը, ով մեծանում էր Էջմիածնի բակում, իր մանկության ընկերներին ասում էր․ «Ես էլ եմ մի օր ուզում այստեղ ծառայել»։ Դա չէր հնչում որպես խաղ, այլ որպես ճակատագիր։ Եվ տարիների ընթացքում այդ երազանքը դարձավ մի իրականություն, որի հետ այսօր ապրում է ամբողջ ժողովուրդը։

Նրա կերպարը հուզիչ է Սպիտակի երկրաշարժի օրերից։ Երբ երկրաշարժից փլատակների տակ մնացած ժողովուրդը հացի ու ջրի կարիք ուներ, նա չէր կանգնում միայն աղոթքի տեղում․ իր ձեռքով էր բաժանում այն փոքրիկ հացը, որ կար։ Այդ պատճառով մարդիկ նրան հիշում են ոչ թե ոսկե խաչով, այլ սև համեստ շորերով։
Նույն կերպ նա ներկայանում էր Արցախում՝ պատերազմի խրամատներում։ Զինվորները հետագայում ասում էին․ «Նրա օրհնությունը մեզ ուժ էր տալիս այնպես, ինչպես զենքը»։ Երբ առաջնորդը քո կողքին է՝ վտանգի նույն շնչով, նրա աղոթքը դառնում է ուժի ճշմարիտ աղբյուր։

Կաթողիկոսին հուզել ու դաստիարակել են հատկապես երեխաները։ Մի փոքրիկ աղջիկ, որի հայրիկը զոհվել էր Արցախում, նրան գրել էր․ «Ես գիտեմ, որ իմ պապան հիմա երկնքում է, խնդրում եմ դուք էլ իմ պապան լինեք»։ Այդ նամակը նա պահում է իր սեղանի դարակում՝ որպես ամենօրյա հիշեցում ու ամենաթանկ պատգամ։ 

Սակայն նրա ամենախորը գործերը հաճախ անտեսանելի են։ Ուսանողների կրթության վարձերը, հիվանդների բուժման ծախսերը, անանուն օգնությունները․ այս ամենի մասին մենք հաճախ իմանում ենք միայն տարիներ անց։ Նա ինքն է ասում․ «Եթե քո աջը տալիս է, թող ձախը չիմանա»։

Այսօր, նրա ծննդյան օրը, ուզում եմ հիշել ոչ թե Կաթողիկոսին, այլև մարդուն՝ այն սրտի լույսով առաջնորդին, ով տարիներ շարունակ փորձում է բաժանել հավատքի, սիրո ու հույսի հացը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image