Այլ

«Ասում են՝ եկել եմ Արցախը հանձնելու»․ սու՞տ էր, Նիկոլ․ հիմա էլ՝ Զանգեզուրը․․․

«Ասում են՝ եկել եմ Արցախը հանձնելու»․ սու՞տ էր, Նիկոլ․ հիմա էլ՝ Զանգեզուրը․․․

2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում, պաշտոնավարման 100 օրն ամփոփելով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղի թեմայից՝ ասելով․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում»։

Այս ելույթից ընդամենը երկու տարի և երկու ամիս անց Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ճիշտ էին ասում։ Եկավ ու Արցախը հանձնեց։ Հիմա էլ նույն մեթոդով Հայաստանի վրա է աշխատում։ Տեսեք ինչ անեկդոտանման պատմություն է գրել։

Հիշեցնեմ, որ նման անհեթեթություն գրողը պաշտոնով ՀՀ վարչապետ է․ «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»։

Փաստորեն նույն բանն է ասում։ Էլի զարմանում է՝ տեսե՜ք ինչեր են ասում։ Բայց դա գցել է հայկական ռադիոյի վրա, որ հետո ասի՝ ես չեմ ասել, որ միջանցքը Մեծ Թուրան չէ, հայկական ռադիոն է ասել։ Բայց իրականում խոսքը նույն գործողության տարբեր փաթեթավորման մասին է։ Երկու դեպքում էլ մեթոդաբանությունը կրկնվում է։ Սկզբում հերքում են նույնիսկ մտադրությունը։ Հետագայում մեղադրանքները ի կատար ածվում են՝ բայց այլ բառերով, փաթեթավորված տարբեր անվանումներով։ Հիմնական նպատակը հասարակությանն անընդհատ ներկայացնել, թե կատարվողը ոչ թե զիջում է կամ պարտություն, այլ «խաղաղություն», «խաչմերուկ», «շահավետ համագործակցություն»։

Տրամաբանական եզրակացությունը հետևյալն է․ Եթե առաջին դեպքում հերքված մեղադրանքները վերջում իրականություն դարձան, ապա երկրորդ դեպքում էլ շատ մեծ հավանականությամբ կրկնվելու է նույն սցենարը․ ներկայումս ներկայացվող «ուղիներ» և «խաչմերուկներ» իրականում կարող են վերածվել այն նույն «արտատարածքային միջանցքի», որի մասին պաշտոնապես հիմա ասում են՝ իբր չկա։ Ստեղծվում է խաբեության լեզվական դիմակ․ «միջանցք» չի ասում «ուղի» է ասում։ Բայց Ալիևը հիշեցնում է, որ միջանցք է։ Ինքը իբր վիրավորվում ու չի համաձայնվում։ Այդպես էլ պիտի լինի, այդպես էլ պայմանավորվել են։ Հերքում, հետո համաձայնվում է։ Փորձը ունենք։ Ասում էին՝ եկել ես Արցախը հանձնելու, սու՞տ էր, հիմա էլ՝ Զանգեզուրը․․․ Մեր տառապած փորձի՞ն հավատանք, թե՞ լեզվական դիմակիդ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image