Հարցազրույց

Լավագույն հնգյակում ենք․ եւ՛ ոգեւորված էինք, եւ՛ խաղն էր ընթանում մեր սրտով

Լավագույն հնգյակում ենք․ եւ՛ ոգեւորված էինք, եւ՛ խաղն էր ընթանում մեր սրտով

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի համար Բուդապեշտում կայացած համաշխարհային օլիմպիադան բացառիկ էր, քանի որ իմաստուն խաղի ներկայացուցիչ հայուհիները մինչ այս նման բարձր տեղ չէին զբաղեցրել նմանատիպ խոշոր մրցաշարում: Մեր ընտրանին թիմային պայքարում կիսեց 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ հավաքականի անդամները` Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին առանձին խաղատախտակների վրա:

«Հրապարակի» զրուցակիցը գրոսմայստեր, շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է:

- Էլինա, որպես թիմի տիտղոսակիր «հնաբնակ», ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք մեր ընտրանու մրցելույթները հերթական օլիմպիադայում: Ցուցանիշը, կարծես, «պատմական» է:

- Սա մեր լավագույն արդյունքն էր, քանի որ 10 տարի առաջ Տրոմյսո-2014 օլիմպիադային էլի գրավեցինք 5-րդ տեղը՝ ուղղակի կիսելով 4-6-րդ հորիզոնականները: Այս անգամ կիսեցինք 3-6-րդ տեղերը: Աշխարհի լավագույն հնգյակում ենք՝ իհարկե, սա բարձր արդյունք էր: Ուղղակի մենք էլ էինք սպասում, որ կարող ենք պայքարել բրոնզի համար: Ինչ պահանջվում էր մեզնից, դա հաղթելն էր վերջին տուրում, մենք դա արեցինք, մյուս արդյունքներն արդեն մեր դեմ էին, եւ այդպես մնացինք լրացուցիչ ցուցանիշով:

- Անհատական առումով եւս մրցաշարն արդյունավետ էր Ձեզ համար. բրոնզե մեդալ՝ առանձին խաղատախտակի վրա (7.5 միավոր՝ 10 հնարավորից): Ձեր գրանցած արդյունքից գո՞հ եք, թե՞ կարելի էր այլ նշաձող սահմանել:

 - Իմ արդյունքներից գոհ եմ, բայց, իհարկե, միշտ տեղ կա դժգոհելու:

- Ձեր խաղացած պարտիաներից ո՞րը կառանձնացնեք եւ ինչո՞ւ:

-  Երեւի կառանձնացնեմ վերջին երկու պարտիաները, որտեղ պարտադիր հաղթանակ էր պետք նախավերջին տուրում, որ խաղը չպարտվեինք, իսկ վերջում, որ պայքարեցինք մեդալի համար... հաջողվեց դա անել:

- Օլիմպիադայի մեկնարկը բավականին հաջող էր հավաքականի համար. առաջին 5 տուրից հետո 5 հաղթանակ գրանցեցիք, ընդ որում՝ 5-րդ տուրում պատմության մեջ առաջին անգամ առավելության հասաք չինացի շախմատիստուհիների նկատմամբ: Ի՞նչն այնպես չընթացավ:

- Իհարկե, յուրաքանչյուր մրցաշարի սկիզբը շատ կարեւոր է, եւ մեր 5 անընդմեջ հաղթանակները բերեցին նրան, որ մենք մրցաշարի ընթացքում բարձր տեղերում էինք: Ե՛վ ոգեւորված էինք, ե՛ւ խաղն էր ընթանում մեր սրտով: Ինչպես նշեցիք՝ առաջին անգամ հաղթեցինք չինացիներին: Օլիմպիադան բավականին երկար եւ բարդ մրցաշար է, եւ շատ դժվար է լինում 2-րդ կեսն ավարտել նույնկերպ, ինչպես սկիզբն է ստացվում:

- Օլիմպիադայի ապագա չեմպիոն Հնդկաստանից ցավալի պարտություն կրեցիք՝ 1,5:2,5 հաշվով: Ո՞րն էր հնագույն խաղն ստեղծած երկրի ներկայացուցիչների հաջողության բանալին՝ ամբողջ մրցաշարի ընթացքում:

- Հնդկաստանը հիմա շախմատային վերելք է ապրում` ե՛ւ տղամարդկանց մոտ, ե՛ւ կանանց: Բոլորն ուժեղ, երիտասարդ շախմատիստներ են՝ մեծ ապագայով: Շախմատը վերադառնում է իր պատմական հայրենիք:

- Հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի բնորոշմամբ՝ այժմ կանանց հավաքականում երկու սերնդի համադրություն է. ավագները` Դուք եւ Լիլիթ Մկրտչյանը, ձեր մեծ փորձով, եւ երիտասարդները` Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ իրենց երիտասարդ մտքով: Ի՞նչ նոր նվաճումներ սպասել այս համադրությունից:

-  Իմ կարծիքով, մեր մարզիչը շատ ճիշտ է նկատել դա. փորձ եւ երիտասարդություն, համալրում ենք իրար շատ լավ: Կարծում եմ՝ թիմային նույն ձեւաչափով էլ կարող ենք պայքարել բարձր տեղերի համար: Հուսով եմ՝ մեզ մոտ դա կստացվի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image