Քաղաքականություն

Փաշինյանը հիմա էլ միանում է եվրոպական հակաամերիկյան դաշինքին

Փաշինյանը հիմա էլ միանում է եվրոպական հակաամերիկյան դաշինքին

ԱՄՆ-ում իշխանության եւ քաղաքականության արմատական փոփոխությունից հետո փաշինյանական քաղաքականությունը դառնում է հակաամերիկյան: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ Միացյալ Նահանգներից իր իշխանությունը չի կարող աջակցություն ակնկալել, Ռուսաստանի հետ կապերը փչացրել է արմատապես, հիմա իր միակ հույսը մնացել է Եվրոպան, որտեղ դեռ իշխում են հին լիբերալ ֆաշիստական էլիտաները: Մեծ Բրիտանիան իր վրա է վերցրել Եվրոպայում հակաամերիկյան կոալիցիա ձեւավորելու առաքելությունը, թեեւ ֆորմալ առումով առաջնորդի դերը վերապահված է Ֆրանսիային՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմքով: Մակրոնը Փարիզում է հավաքում եվրոպական առանցքային երկրների ղեկավարներին՝ համատեղ հակաամերիկյան դաշինք ձեւավորելու համար:

Փաշինյանի այցը Մյունխեն եւ նրա ենթակա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտնվելն Ուկրաինայում ու Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին ԱԺ անունից աջակցություն հայտնելը՝ «խիզախ գործունեության» համար, վկայում են, որ Փաշինյանը հիմա էլ Հայաստանը դարձնում է հակաամերիկյան բլոկի սատելիտ: Հայաստանին հակառուսականությունը քիչ էր, հիմա էլ երկիրը դառնալու է հակաամերիկյան, որը ձեւակերպվելու է իբրեւ հակաթրամփական, հայտարարվելու է, որ նա չի ներկայացնում Ամերիկայի շահերը, իրենք ավելի լավ գիտեն, թե որն է ամերիկյան շահը, եւ ինչ է այն ենթադրում: 

Եվրոպայում հակաամերիկյան դաշինքի առաջացման անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մյունխենյան հայտնի ելույթից հետո: Մի քանի մեջբերում անենք այդ ելույթից, որ հասկանալի լինի, թե հատկապես ինչն է, որ այդքան անհանգստացրել է եվրոպական երկրների ղեկավարներին: Վենսը, որն ընդամենը 40 տարեկան է, ելույթ ունենալով եվրոպական երկրների անհամեմատ տարեց ղեկավարների առաջ, նրանց ժողովրդավարության եւ իրական հանդուրժողականության դաս տվեց. «Վտանգը, որ սպառնում է Եվրոպային, Ռուսաստանից, Չինաստանից կամ որեւէ այլ տեղից չէ, այլ՝ ներսից: Եվրոպան հետընթաց է արձանագրում իր մի քանի հիմնարար արժեքներից, որոնք կրում է Միացյալ Նահանգները: Մենք ականատես ենք լինում ժողովրդավարական արժեքների խեղաթյուրման, թվային գրաքննության: Ինձ զարմացրեց նախկին եվրակոմիսարներից մեկի խոսքը հեռուստատեսությամբ, նրա ձայնի մեջ հիացմունք հնչեց առ այն, որ Ռումինիայի կառավարությունն ամբողջությամբ չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները, նա զգուշացրեց, որ եթե ամեն ինչ ընթանա ոչ այնպես, ինչպես նախատեսված է, ապա նույնը տեղի կունենա Գերմանիայում: Նման անթաքույց հայտարարությունները ցնցում են ամերիկյան ականջները: Արդեն երկար տարիներ մեզ ասում էին, որ այն, ինչ մենք ֆինանսավորում ենք, եւ այն, ինչ մենք հովանավորում ենք, արվում է հանուն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների: Սկսած Ուկրաինայում մեր քաղաքականությունից, վերջացրած թվային գրաքննությամբ, արվում է հանուն ժողովրդավարական արժեքների պաշտպանության: Բայց երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական դատարանները չեղարկում ընտրության արդյունքները, իսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում չեղարկել այլ ընտրություններ, մենք մեզ հարց ենք տալիս՝ արդյոք մենք բավարար չափո՞վ ենք հետեւում ժողովրդավարության բարձր չափորոշիչներին: Մենք պետք է ավելին անենք, քան ժողովրդավարության մասին խոսելը, մենք պետք է դրանով ապրենք»: 

Ահա այսպես, ԱՄՆ փոխնախագահն ասում է, որ Եվրոպան եւ եվրոպական երկրների իշխանությունները շեղվել են ժողովրդավարությունից, նրանք ժողովրդավարության մասին սխալ ընկալում ունեն, դրա մասին խոսում են, բայց իրականում բռնապետեր են: Նա մի քանի օրինակ բերեց՝ իր ասածը հաստատելու համար․ հակաֆեմինիստներին հետապնդում են, Ղուրանը վառող քրիստոնյա ակտիվիստին դատապարտում են, Բրիտանիայում աղոթելն արդեն հավասարեցված է հանցագործության հետ, որի համար մարդկանց են դատապարտում: Շարունակելով ժողովրդավարության էության մասին իր դասը, Վենսը եվրոպացիներին բացատրում էր. «Մենք պարտավոր չենք ամեն անգամ համաձայնել նրա հետ, ինչ խոսում են մարդիկ, բայց երբ մարդիկ, քաղաքական առաջնորդները ներկայացնում են կարեւոր ընտրազանգված, մենք առնվազն պարտավոր ենք նրանց հետ երկխոսություն սկսել: Դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ՝ գրաքննության ենթարկելով ձեր ընդդիմախոսներին կամ նրանց բանտ նստեցնելով, անկախ նրանից՝ դա ընդդիմության առաջնորդ է, համեստ քրիստոնյա, որն աղոթում է իր տանը, թե լրագրող, որը փորձում է տեղեկություն հաղորդել: Դու չես կարող հաղթել ընտրություններով` արհամարհելով եւ անտեսելով քո հիմնական ընտրազանգվածը: Մենք չպետք է վախենանք մեր քաղաքացիներից, եթե անգամ նրանք արտահայտում են կարծիք, որը չի համընկնում երկրի ղեկավարության կարծիքի հետ»:

Այս ամենը ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում: Անձամբ ես տեսնում եմ, որ սա անմիջականորեն վերաբերում է Հայաստանի ներկա բռնապետական վարչակազմին, որը, խոսելով ժողովրդավարության մասին, անվերջ կեղծում է ընտրությունների արդյունքները, բանտ է նստեցնում ընտրված առաջնորդներին եւ իր քաղաքական հակառակորդներին, տարբեր ապօրինի միջոցներով չեղարկում է ընտրությունների արդյունքները, խեղաթյուրում է քաղաքացիների քվեն: ԱՄՆ փոխնախագահն ասում է, որ նման վարքագիծն այլեւս անթույլատրելի է իրենց համար, եւ իրենք այլեւս մտադիր չեն աջակցություն ցուցաբերել խոսքով ժողովրդավար ձեւացող, բայց գործնականում բռնապետական ռեժիմներին:
Եվրոպական առաջնորդների վարքագիծը տրամաբանական է: Ո՛չ Էմանուել Մակրոնն ունի Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունը, ո՛չ Օլաֆ Շոլցը` Գերմանիայի հասարակության, վերջին ընտրությունները դրա ապացույցն են, մնացածի մասին երեւի թե կարելի է նույնն ասել: Բնական է, որ նրանք համախմբվելու են Եվրոպայում իրենց իշխանությունը պաշտպանելու, իրենց իշխելու իրավունքը երկարաձգելու համար: Եվ ոչ մի տարօրինակ բան չկա, որ այդ դաշինքին են միանում իրենց հասարակությունների կողմից մերժված Փաշինյանը եւ Զելենսկին: 

Միայն թե ամբողջ հարցն այն է, որ եվրոպացիների հակաամերիկյան դաշինքը չի կարող կենսունակ լինել. եվրոպական երկրների մեծ մասն իրենց անվտանգությունն ու տնտեսական կենսունակությունն ապահովում են ամերիկյան ուժի եւ աջակցության շնորհիվ: Առանց ամերիկյան աջակցության եվրոպացիները չեն կարող կռվել Ռուսաստանի դեմ ո՛չ նյութապես, ո՛չ ֆիզիկապես: Որքան էլ թույլերը միավորվեն, նրանք ուժեղ չեն կարող դառնալ, ընդհակառակը՝ թույլերի միավորումն ավելի է ընդգծելու նրանց թուլությունը, իսկ արտաքին ազդեցության տակ այդ դաշինքը շատ արագ կազմալուծվելու է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image