Մշակույթ

«Արտոյի երկիրը» բացեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը

«Արտոյի երկիրը» բացեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը

 

Փարիզաբնակ հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով մեկնարկել է Լոկառնոյի հեղինակավոր 78-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է օգոստոսի 6-16-ը։

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրն» ընտրվել էր որպես փառատոնի բացման ֆիլմ եւ նախորդ գիշեր ցուցադրվել աշխարհի ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ Պիացցա Գրանդե բացօթյա հրապարակում՝ 8 հազար հանդիսատեսի ներկայությամբ: Ֆիլմում Սելինն առաջին անգամ գալիս է Հայաստան՝ ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով։

Նա հայտնաբերում է, որ ամուսինը խաբել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, եւ նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչեւ 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Քոթթենը, Զար Ամիր Էբրահիմին, Շանթ Հովհաննիսյանը, Հովնաթան Ավեդիկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ Բաբկեն Չոբանյանը։

Իր տեսաուղերձում Կամիլ Քոթթենը մասնավորապես նշել է. «Կներեք, որ չեմ կարող ձեր կողքին լինել, Թամարա, բայց ուզում էի նորից շնորհակալություն հայտնել ձեզ այս անհավանական ճանապարհորդության համար` թե՛ գեղարվեստական, թե՛ աշխարհագրական առումով։Սա անմոռանալի փորձառություն էր ճանապարհորդել Հայաստանով՝ մի երկիր, որը ես երբեք չէի ճանաչել։ Գիտեմ, թե որքան հուզիչ պետք է լինի ձեզ համար այնտեղ կանգնած լինելը, քանի որ այս ֆիլմի վրա աշխատել եք երկար տարիներ։ Թե՛ քաղաքական, թե՛ անձնական առումով այս ֆիլմը շատ բան է նշանակում ձեզ համար»։

Հատկանշական է, որ The Hollywood Reporter-ն անդրադառնալով Լոկառնոյի բացման երեկոյին, այն անվանել է «շատ հուզիչ», քանի որ «Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնի առաջին գիշերը Իրանի կանացի ուժը, Գազան եւ Հայաստանը ուշադրության կենտրոնում էին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image