«Սարսափելի եղեռնագործություններ են կատարվել. Հայոց Ցեղասպանության կրկնությունն է՝ պարզապես ավելի քիչ թվով, սակայն գազանությամբ` նույնությամբ կրկնում է հայերի դեմ ցեղասպանությունը», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հալեպի մեր աղբյուրը, ով հասկանալի պատճառներով խնդրում է գաղտնի պահել իր անունը: Ոչ մուսուլմանները Սիրիայում այժմ փորձում են հնարավորինս քիչ կապի դուրս գալ, շատերը նույնիսկ վախենում են զաnգահարել, սոցիալական ցանցերով գրել իրենց բարեկամներին, ընկերներին:
Եղեռնագործություն իրականացնող ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչները Սիրիայի նոր իշխանությունների թիկունքն են: Դրանք մեկ ամիս առաջ լուծարվել են ձևականորեն, սակայն փաստացի շարունակում են գործել, ասում է Հալեպի մեր աղբյուրը: Այս պահի դրությամբ իրավիճակը լարված է Հալեպի անմիջական հարևանությամբ գտնվող քրդական թաղամասում, որտեղ ահաբեկիչներից հինգ հազար հոգի է մոտեցել բնակավայրին:
Ավելի վաղ իսլամիստ ահաբեկիչները ընդհարում են ունեցել քրդերի հետ, ինչին հաջորդել է հինգ հազար ահաբեկչի տեղափոխումը այս շրջան: Հալեպի մեր աղբյուրն ասաց, որ ամենայն հավանականությամբ, Սիրիայի ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչները գիշերը պատրաստվում են հարձակվել քրդաբնակ շրջանների վրա: Երևի թե պետք էլ չէ բացատրել, որ Թուրքիայի անմիջական ղեկավարությամբ աշխատող ու թրքական ազդեցության տակ գտնվող ծայրահեղ իսլամիստական-ահաբեկչական խմբավորումների ինյալները Էրդողանի համար են աշխատում՝ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող խնդիր է համարվում քրդական պետության ստեղծումը, իսկ այս պահին քրդերը Սիրիայում կարող են լուրջ վտանգ սպառնալ Թուրքիային: Հետաքրքիր է, որ Սիրիայի նորահռչակ իշխանությունը՝ նախկին ահաբեկիչներից բաղկացած, չշտապեց բռնել երեխաներին ու կանանց մորթող ահաբեկիչների ձեռքը:
Եւ այստեղ հնարավոր չէ չհիշել եվրոպացի առաջադեմ քաղաքական գործիչների ու արաբ առաջնորդների ջերմ հանդիպումներն ու գրկախառնությունները դեռևս երեկ մարդու վիզ կտրող ու սիրտ հանող ալ Շարայի հետ:
Հիշեցնենք, որ շուրջ ութ հազար ալավի պատսպարվել է Տարտուսի ռազմաբազայում՝ կոտորածից փրկվելու համար: Իհարկե, չեն ուշացել նաև «քաղաքակիրթ աշխարհի մտահոգ հայտարարությունները»՝ Սիրիայում տեղի ունեցող կոտորածների մասով, իսկ Ահմեդ ալ Շարայի պաշտպանության նախարարության խոսնակն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Ասադի «կողմնակիցների դեմ օպերացիան» հաջողությամբ է պսակվել: Հիշեցնենք, որ Ասադի կողմնակիցների շարքերում էին անմեղ մարդիկ՝ խաղաղ բնակիչներ, մանկահասակ երեխաներ, կանայք ու ծերունիներ։ Փաստացի, Սիրիայի նոր իշխանությունները հայտարարում են՝ ցեղասպանությունը իրենց համար գործիք է և զոհի կարգավիճակը նշանակություն չունի: Փաստորեն Թուրքիան ոչ միայն ֆինանսապես է սնում այս ահաբեկչական կառույցներին, այլև գաղափարապես: