Քաղաքականություն

«Հրապարակ». Չորս հարց՝ տիրադավ եպիսկոպոսներին

«Հրապարակ». Չորս հարց՝ տիրադավ եպիսկոպոսներին

«Որքանով ես ճանաչել եմ եպիսկոպոս Միրզախանյանին, իր դիրքորոշումն ի սկզբանե եղել է այս ազգակործան հեղափոխությանը կողմ կանգնելը»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով նախկինում վիրահայոց թեմի առաջնորդ, հիմա բալթյան երկրների թեմի առաջնորդ եւ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարին միացած Վազգեն Միրզախանյանին՝ ասաց վրահայ գործիչ Գուրգեն Մխիթարյանը: «Նա պաշտպանել է այս ազգակործան հեղափոխությունը, եւ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ, դա արդյունք է ազգակործան հեղափոխության: Այսօր տեղի ունեցողը տրամաբանական շարունակությունն է այդ հեղափոխության»,-ասաց նա:

Մխիթարյանին վրդովվեցրել է այն, որ վիրահայերի մեջ ոմանք Միրզախանյանին պիղծ են անվանում եւ նրա իրականացրած բոլոր պսակադրություններն ու մկրտություններն էլ են դրանով պղծում: «Որքան էլ Վազգեն Միրզախանյանը լինի վատ անձնավորություն, նա մինչ օրս վեղարակիր բարձրաստիճան հոգեւորական է՝ արքեպիսկոպոս, իրավունք չի տրված պախարակել ու անվանել պիղծ նրան․․․ Եթե Մայր Աթոռը հարմար չի համարել կարգալույծ անել բարձրաստիճան հոգեւորականին, ես իրավունք չունեմ վեղարակիր հոգեւորականին կոչել աշխարհական անունով: Եթե ես վեղարակիր հոգեւորականին կոչեմ աշխարհական անունով, ապա ես ինչո՞վ եմ տարբերվում այն ստահակներից, ովքեր Վեհափառին աշխարհական անունով են անվանում: Ես էլ նրանց եմ հավասարվում, դառնում եմ նրանց նման։ Դա՝ մեկ: Երկրորդը․ մենք գտնում ենք, որ Վազգեն Միրզախանյանը միացել է հակաեկեղեցական արշավին, համաձայն եմ, նրա միացումն այս ազգակործան իշխանությանը շատ դատապարտելի է, բայց հարց է առաջանում՝ այսքան վարկաբեկումներից հետո ի՞նչն է կանգնեցնում կաթողիկոսին՝ Միրզախանյանին ու մյուս տասը եպիսկոպոսներին կարգալույծ անի, ուրեմն, ինձ թվում է, Վեհափառն ինչ-որ բան գիտի եւ հատուկ կարգալույծ չի անում: Գուցե ինչ-որ ծրագիր կա, չգիտեմ․․․ ինչ վերաբերում է Վազգեն Միրզախանյանին, նա շատ բարձր է այն մարդկանցից, ովքեր մասնակցել են ազգակործան հողափոխությանը եւ մինչեւ նոյեմբերի 9-ը պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին, քանի որ Փաշինյանի դիրքերը դեռեւս ամուր էին, հենց Փաշինյանի դիրքերը խարխլվեցին՝ այդ մարդիկ սկսեցին պաշտպանել Վեհափառին»,- շեշտեց Մխիթարյանը: Նա հարց է տալիս՝ ինչո՞ւ այն վիրահայերը, ովքեր այսօր պաշտպանում են Վեհափառին, չպաշտպանեցին նրան, երբ անմիջապես հեղափոխությունից հետո սկսվեց «նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» շարժումը, որովհետեւ իրենք այդ հեղափոխության գաղափարակիցներն էին, ու դա եւս կազմակերպված էր իշխանության կողմից: Իսկ Վազգեն Միրզախանյանի դիրքորոշումը, ըստ Մխիթարյանի, «թշնամական է՝ դա ոչ թե դավաճանություն է, որ իրեն տիրադավ եք անվանում, այլ դա թշնամություն է, եթե ուղիղ խոսենք»:

«Մի բան կարող եմ ասել․ ուսումնասիրելով եւ լսելով Վազգեն Միրզախանյանի քարոզները մեր եկեղեցիներում ու տաճարներում՝ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածնում, տաղավար տոներին եւ այլն, ես եկա այն եզրակացության, որ Վազգեն Միրզախանյանը եղել է կողմնակից էկումենիկ եկեղեցու ստեղծմանը։ Գուցե սխալվում եմ, բայց ինձ մոտ իր քարոզներն այդ տպավորությունն են թողել: Ես համոզված եմ, որ սա ազգակործան հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, եւ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել այդ հեղափոխությանը, մինչ օրս շարունակում են այդ ազգակործան հեղափոխության գաղափարներն առաջ տանել, հաշվի չառնելով, թե Մայր Աթոռի ապագան ինչ կարող է լինել: Արցախատյաց, հայատյաց, պետականակործան, ազգակործան, սփյուռքակործան հեղափոխության՝ դա իմ կարծիքն է»,- ասում է վիրահայ գործիչը: Հայաստանի տարածքում ապրող 2,5 միլիոն հայությունն իրավունք չունի աշխարհով մեկ սփռված 11 միլիոն հայության ճակատագիրը որոշել՝ պնդում է Մխիթարյանը: «Տասը եպիսկոպոսը որոշիչ դեր չեն կարող ունենալ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պառակտման մեջ, քանի որ ՀԱԵ-ն ստեղծել է երկու աթոռ՝ պատմական իրավիճակներից ելնելով՝ հանուն ազգի փրկության, հանուն ազգի ինքնության պահպանման: Եկեղեցին չի պառակտվի»,- շեշտում է նա: Սակայն մի կարեւոր հանգամանք է նշում Մխիթարյանը՝ հեղափոխության որոշ աջակիցներ սկսել են պաշտպանել եկեղեցին, դա նշան է այն բանի, որ Փաշինյանի դիրքերը շատ են թուլացել: «Նմանները բանզդով են զգում, թե ով է հաղթում, ով է ուժեղ, դրա համար էլ անցել են եկեղեցու կողմը: Ինչո՞ւ ոչ ոք չէր բողոքում, երբ անմիջապես հեղափոխությունից հետո հարձակվել էին Մայր Աթոռի վրա, ուզում էին ցած իջեցնել խաչն ու դրա տեղը երկաթյա վարդ դնել՝ իբրեւ թե իրենց թավշյա հեղափոխության խորհրդանիշ: Նրանք Վազգեն Միրզախանյանի ու մյուս տիրադավների հետ կրում են ամբողջ պատասխանատվությունը, որի մեջ այսօր հայտնվել են հայ ազգն ու հայոց պետականությունը»,- հիշեցնում է զրուցակիցս:

Գուրգեն Մխիթարյանը հարց է ուղղում այդ տասը եպիսկոպոսներին եւ առաջին հերթին՝ Վազգեն Միզախանյանին․ «Հարց առաջին․ սրբազաններ, նախքան եպիսկոպոս դառնալը, վարդապետական տքնություն եք անցել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա՝ Օշական գյուղում: Մեսրոպ Մաշտոցը մեր եկեղեցու կողմից սրբադասված գիտնական ու հոգեւորական է, խնդրում եմ պարզաբանել ինձ եւ ամբողջ հայ ազգին՝ երբ որ Այբբենարանի վրայից հանվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկարը, դուք լա՞վ եք ձեզ զգում, երբ կանգնում եք այդ նույն ուժերի կողքը: Երկրորդ հարցը․ Հովհաննավանքում այդ պիղծ պատարագին մասնակցել են Թիֆլիսից գնացած մարդիկ, որոնք հենց իրենք վարկաբեկել են Մայր Աթոռը՝ սկսած կաթողիկոսից, ավարտած Վազգեն Միրզախանյանով, դուք այսօր գտնվում եք այդ մարդկանց հետ միեւնույն ճամբարում, դա սազակա՞ն է ձեզ, թե՞ ոչ: Երրորդը․ Վազգեն Միրզախանյանը հայտարարեց, որ գտնվում է պետականության, պետության պահպանման կողքին եւ այլն, բան չունեմ ասելու՝ պետությունը բոլորն էլ պարտական են հարգել, հատկապես՝ պետության բյուջեն հարկեր վճարողները, բայց ինչո՞ւ այն ժամանակ ինքը չկանգնեց պետության կողքին, երբ որ այս ազգակործան ուժերը քանդում էին մեր պետությունն ու մեր ազգը: Եվ չորրորդ հարցը․ ինչպե՞ս են իրենք իրենց գնահատում այս ամեն ինչի մեջ, ես կուզեի լսել իրենց գնահատականը: Ես վստահ եմ, որ իրենք անպայման կկարդան ձեր թերթը, ու կցանկանայի լսել իրենց պատասխաններն իմ այս հարցադրումներին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image