Քաղաքականություն

Արթիկի փոխքաղաքապետը հեռացավ՝ ակնարկելով կադրային կռիվների մասին

Արթիկի փոխքաղաքապետը հեռացավ՝ ակնարկելով կադրային կռիվների մասին

Օրեր առաջ «Հրապարակը» տեղեկություններ էր հրապարակել Արթիկում կոալիցիայի փլուզման մասին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հունիսի 7-ի ընտրություններից առաջ Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի հարաբերություններում լարվածություն էր առաջացել, քանի որ Ոսկանյանը նկատել էր, որ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն աջակցություն են ցուցաբերում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Ընտրություններից հետո տեղի ունեցած ծանր զրույցների արդյունքում որոշում էր կայացվել խզել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների միջև ձևավորված կոալիցիան։ Արտակ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց լուրերը՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

​Եվ ահա, այսօր Արթիկի համայնքապետարանը հրապարակել է պաշտոնական հայտարարություն փոխհամայնքապետի վերաբերյալ, որտեղ ասվում է.

​«Հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն ձևավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցության միջև 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված համագործակցության հուշագրի դրույթները՝ հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 23-ին կայացած «Ազատական» կուսակցության ավագանու խմբակցության նիստում, հուշագրի 3-րդ կետի շուրջ քննարկման արդյունքում հրաժարվում եմ Արթիկի խոշորացված համայնքի առաջին տեղակալի պաշտոնից՝ հաշվի առնելով համաձայնեցված կադրային քաղաքականության և հաշվետվողականության շուրջ առկա կողմերի միջև տեսակետների տարբերությունը»։

​Ի՞նչ է թաքնված «կադրային անհամաձայնության» հետևում

Փաստորեն, փոխհամայնքապետի պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ հարաբերությունների սառեցման և կոալիցիայի փլուզման պաշտոնական պատճառը կադրային անհամաձայնություններն ու հաշվետվողականության շուրջ եղած տարակարծություններն են: Թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ կադրային փոփոխությունների մասին է խոսքը, հայտարարության մեջ չի մանրամասնվում։

​Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կոալիցիայի այս փլուզումը չի հանգեցնի ավագանու լուծարմանը կամ համայնքապետարանի բնականոն տեղական կառավարման կաթվածահարմանը։
​Անանիկ Ոսկանյանը ունի բավականաչափ ձայներ ավագանիում, ինչը թույլ է տալիս շարունակել պաշտոնավարումը և որոշումների ընդունումը նաև առանց «Ազատական» կուսակցության հետ դաշինքի։
​Մինչև ընտրություններ կարճ ժամանակ է մնացել. քանի որ դեկտեմբերին Արթիկում սպասվում են հերթական ՏԻՄ ընտրությունները։

Հիշեցնենք,որ Արթիկ համայնքում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորվեց կոալիցիոն կառավարում, որի հիմքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության համագործակցությունն էր։ Երկու քաղաքական ուժերը ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրվեց Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ Արտակ Հարությունյանը։ Արդյունքում Արթիկ համայնքի կառավարումը ստանձնեց ՔՊ-«Ազատական» կոալիցիան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image