Այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վերցնելու հարցին, նշեց, որ վերջնական որոշում դեռևս չկա։ Նա նաև շեշտեց, որ մինչ այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հատկանշական է, որ ընդամենը երկու օր անց՝ հուլիսի 17-ին, նշանակված է նաև Վարդան Ղուկասյանի դատական նիստը, որից, ըստ քաղաքական շրջանակներում շրջանառվող գնահատականների, նույնպես շատ բան կարող է կախված լինել։
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև այն սցենարը, որ եթե Ավետիս Առաքելյանը վերցնի պատգամավորի մանդատը, ապա ընդդիմադիր խմբակցությունները պետք է ընտրեն նոր փոխքաղաքապետ, որը նաև կկատարի քաղաքապետի պարտականությունները։
Ավելի վաղ գրել էինք, որ հավանական թեկնածուների թվում քննարկվում են «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը դաշինքից Լիզա Գասպարյանը։ Սակայն մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր ուժերի մեծ մասը հակված է այդ պաշտոնում առաջադրել հենց Կարեն Սիմոնյանի թեկնածությունը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ տարբերակին կողմ է նաև Վարդան Ղուկասյանը։
Այսօր լրագրողները Կարեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստ է ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը, ինչին նա պատասխանեց.
«Այս պահին չեմ տեսնում մի քաղաքական ուժ, որը կարողանա վիժեցնել մեր ընդդիմադիր համախմբվածությունը, դա հաստատ։ Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն ինձ քիչ են հետաքրքրում նմանատիպ հետապնդումները, որ ես քաղաքական քայլ անելուց հրաժարվեմ կամ հետ մնամ, դա միանշանակ բացառեք, դա լուրջ էլ չի դիտվում։ Այսինքն՝ մարդը մտնի քաղաքականության մեջ՝ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդվել իշխանության կողմից, դա անլուրջ է։ Իմ մասով, իմ թիմի մասով պատրաստ ենք ամեն ինչի, ինչը որ օգուտ է տալիս մեր քաղաքին, մեր երկրին և մեր բանիմաց, գրագետ քաղաքացիներին»։