ՀՀ քաղաքացիներին ուղղված իր նախօրեի ուղերձում Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովն անվանեց շրջադարձային, քանի որ դրանով նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ հաստատվեց խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ավելին, ըստ Փաշինյանի, հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում, ինչպես «նորածին երեխան կամ նոր ավտոմեքենան»:
Փաշինյանն այդ ուղերձում անդրադարձել էր նաեւ քննադատություններին, որ այս օրերին արվել են համաձայնագրի շուրջ, մասնավորապես, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։ Նա հիշեցրել է այս տարվա մարտին ԱԺ ամբիոնից արված իր այն հայտարարությունը, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ու քանի որ դրանից հետո ընդվզում չեղավ այս հարցի շուրջ, ապա կարող է եզրակացնել, որ մարդիկ հասկացան, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։
Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ, հասարակական գործիչ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Փաշինյանի ուղերձին, նկատում է, որ Արցախի հարցը նախեւառաջ միջազգային հարց է, եւ միայն Հայաստանից կախված չէ դրա փակելն ու չփակելը։ «Իր այս հայտարարությունները գալիս են ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեռ 2018-ից ասում էինք` այս մարդիկ գալիս են իշխանության, որպեսզի Արցախը հանձնեն, ու 7 տարի հետո պարզվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք եկան, որ նախ Արցախը հանձնեն, հետո Ռուսաստանի հետ կապերը խզեն, եւ այսպես՝ մնացած բոլոր հարցերում: Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն, ապա դա միջազգային հարց է, եւ ինչքան էլ Հայաստանի իշխանություններն այս հարցը փակել են, ու ՀՀ օրակարգում այս հարցը չկա, բայց ժամանակը ցույց կտա, թե որ գերտերությունները, ինչ դերակատարներ են այս հարցը նորից օրակարգ վերադարձնելու, որովհետեւ այն, ինչ կատարվել է 21-րդ դարում Արցախի ժողովրդի հետ, դա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ` մարդկության հանդեպ: 21-րդ դարում մի ողջ ժողովուրդ ենթարկվեց բռնության ու բռնի տեղահանման իր հազարամյա բնօրրանից»,- նշում է զրուցակիցս:
Փաշինյանն անդրադարձել էր նաեւ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի հարցին եւ շարադրել իր պատկերացումը, այն է` «նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։
Այս առնչությամբ Պետրոսյանը նշում է. «Այո, այստեղ 2-րդ կարծիք չի կարող լինել, ես էլ եմ նույնն ասում, որովհետեւ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման համար թիվ մեկ պայմանն արցախցիներին Հայաստանում պահելն է: Մենք պետք է մնանք Հայաստանում, կարողանանք այստեղ ամրապնդվել, հզորանալ, մեր ներուժն օգտագործել Հայաստանի հզորացման համար, որ հետագայում բարենպաստ պայմաններ լինեն՝ Արցախ վերադարձի կամ հենց Արցախը վերադարձնելու, Արցախի հարցը բարձրացնելու համար»:
Սակայն Փաշինյանը վերադարձի մասին արցախցիների պատկերացումներն իրատեսական չի համարում, ավելին` «ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ, այո, դա վտանգավոր եւ վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»,- նշել է Փաշինյանը։
«16-րդ դարում հրեաները հո չէի՞ն մտածում, որ 1947-ին Իսրայել անունով պետություն կունենան, մենք հիմա հո չե՞նք ասում, որ 5 տարի հետո վերադառնալու ենք Արցախ, պատմությանը երկարաժամկետ հայացքով պետք է նայես, կարող է 100 տարի հետո Արցախը նորից հայկական լինի: Իսկ այն, որ վտանգ է տեսնում իշխանությունը այդ ցանկությունների բարձրաձայնման հարցում, ապա այդ վտանգը կարող է լինել, երբ իրենք այդ արտահայտությունն անեն, բայց հասարակ ժողովուրդը կամ կոշկակարը վերադարձի իր իրավունքի մասին բարձրաձայնելով ի՞նչ վտանգ պետք է ներկայացնի: Ուղղակի իրենք վախենում են, որ այդ ամենը շղթայական ռեակցիա կունենա, եւ 2026-ի ընտրություններում հայ ժողովուրդն իր խոսքը կասի, եւ սրանով հիմք են ստեղծում առաջիկա ընտրություններում վերարտադրվելու համար»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ այդ ուղերձից հետո մարդկանց մոտ հուսահատությունն ավելի է խորացել:
«Ընդհանուր առմամբ, մարդկանց մոտ այդ՝ անտեր մնալու զգացողությունն ավելի է խորացել, իսկ նախորդ իշխանությունների օրոք, նրանց բոլոր թերություններով հանդերձ, արցախցին իրեն երբեք անտեր չէր զգում, փոխարենը զգում էր, որ ՀՀ իշխանությունը կանգնած է Արցախի թիկունքին: Այսօր Հայաստանը խոսելով իր ինքնիշխանության եւ սուվերենության մասին, շատ բան է կորցրել: Այդ թվացյալ ինքնիշխանությամբ կորցրել է սփյուռքը, Արցախը, իսկ 30 տարի շարունակ 2 հայկական պետություն ունենալու գրավականը հենց այդ եռամիասնությունն էր, որը հիմա փլվել է: Ու հիմա Հայաստանը ոչ թե կանգնած է պատերազմի ու խաղաղության ընտրության առջեւ, ոչ, պատերազմը միշտ էլ գնում է, դրա վարման ձեւերն են փոխվում։ Այսօր Հայաստանն ավելի վատ վիճակում է հայտնվել, քան եթե ռեալ մարտական գործողություններ լինեին, ինքը կանգնած է Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի վտանգի առաջ: Թուրքիան այն երկիրը չէ, որից ռազմական սպառնալիք սպասենք, որովհետեւ դրա կարիքն ինքը չունի եւ Հայաստանը դարձնելու է 2-րդ Բաթումի ու տնտեսապես կլանելու է: Եթե մեկ-մեկ ու կես դար առաջ Թուրքիային պետք էր Հայաստանն առանց հայերի, ապա հիմա իրեն պետք է Հայաստանը հայերով` տնտեսապես կուլ տալու համար»: