Ծնունդով երևանցի, 23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանը 1 տարուց ավել է ինչ զորակոչվել է հայոց բանակ ու զինվորական պարտքն է կատարում հանուն հայրենիքի: Ծառայելով հանդերձ Ալեքսանդրը հասցրել է գիրք գրել: Արվեստն ու մշակույթն իր մեջ կրող մարդու համար ծառայությունը, հագեցած զինվորական գրաֆիկը ոչ միայն չի խոչընդոտել, հակառակը՝ խթանել է ստեղծագործելու հարցում: Մինչ բանակ զորակոչվելը Ալեքսանդրը սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտը, ինչպես նաև աշխատել Բոհեմ թատրոնում:
55 էջից բաղկացած, իր բովանդակությամբ գեղարվեստական նամակ փոքրածավալ գիրքը հեղինակը վերնագրել է ՝ «Նամակ Մատնաչափիկին»: Վերնագիրը պատահական չի ընտրվել, Ալեքսանդրը միշտ ցանկություն է ունեցել ռոմանտիկ նամակ գրել բանակից սիրած աղջկան ու այն իրականություն դարձավ. «Իմ անձնական նամակն է ուղղված իրական Մատնաչափիկին: Գիտե՛ք, երբ գրքի հերոսուհուն առաջին անգամ հանդիպել եմ բնականաբար չեմ իմացել նրա անունը, բայց տեսնելուն պես մտքումս ասել եմ այս աղջիկը կարծես մատնաչափիկ լինի:
Գիրքը սիրային նամակ է զինորից ուղղված իր սիրելիին, որի ամենառոմանտիկ պահերն ընդհատվում են ծառայողական հումորային դրվագներով»:
Ալեքսանդրը անկեղծանում է, հեշտ չի եղել արվեստից կտրվելն ու ծառայության անցնելը. «Ծառայության անցնելով միանգամից կտրվեցի թատրոնից, երաժշտությունից և ընդհանրապես արվեստից, որովհետև բանակի և հայրենիքի պաշտպանության կարևոր գործի նախապայմաններից մեկն է: Բայց միևնույն ժամանակ ես ինձ չէի ների, եթե մի ելք չգտնեի արվեստով զբաղվելու»:
Դեկտեմբերի 30-ին գրքի փոքրիկ շնորհանդեսը տեղի է Տավուշի մարզի, Բերդ քաղաքի մշակույթի տանը, բայց հեղինակը խոստանում է, որ հունվարին, տոներից հետո Երևանում շնորհանդես է կազմակերպելու. «Ես այստեղ սկսել եմ մեկնարկը դեպի երևանյան մեծ շնորհանդեսի և ի վերջո ստեղծագործությունը ծնվել է այստեղ, պետք էր փոքրիկ միջոցառում այստեղ կազմակերպել: Երբ սկսվի գրքի վաճառքը, հավաքված գումարն ուղղվելու է բարեգործության: Կարծում եմ, եթե յուրաքանչյուրս մեր ուժերի գունե տասը տոկոսն ուղղենք հայրենիքի բարելավմանը կկարողանանք կարճ ժամանակում ունենալ բարգավաճող հասարակություն և պետություն»:
Զինվորի խոսքով ծառույությունը բաղկացած է բավական խիտ գրաֆիկից և գտնել ժամանակ գրելու դժվար էր, բայց այստեղ կա մի մեծ, բայց, եթե կա ցանկություն ուրեմն անհնար ոչինչ չկա:
Ալեքսանդրին հարցրի, եթե նույն գիրքը փորձեր գրել քաղաքացիական կյանքում ի՞նչը տեղ չէր գտնի գրքում, կամ ի՞նչը կպակասեր գրքից . «Երևի քաղաքացիական կյանքում չանեի այս համարձակ քայլը, որովհետև ես գրող չեմ այլ պարզապես տղա ով սիրում է գրել, բայց և այնպես, եթե այս գիրք-նամակը գրեի քաղաքացիական կյանքում, ապա այն լիովին այլ բան կաստացվեր, որովհետև բանակը վայր է որտեղ վերաարժևորում ես յուրաքանչյուր բան»:


