Վրացական համարանիշներով մեքենաների վարորդները թե՛ իրենց մեքենաների եւ թե՛ կառավարության ձեռքը կրակն են ընկել։ Դեռեւս դեկտեմբերին գրել էինք, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն չեն կարողանալու վրացական համարներով մեքենաներ վարել Հայաստանում՝ պետք է մաքսազերծեն այդ ավտոմեքենաները, իսկ մաքսազերծման գներն անհամեմատ մեծ են, եւ մեքենաները վարորդների վրա անհամաչափ թանկ են նստելու։ Օրինակ՝ եթե մեքենան գնվել է 4 հազար դոլարով, ապա Հայաստանում մաքսային արժեքը կարող է կազմել մոտ 7 մլն դրամ, եւ վարորդներին առաջարկվում է 25-օրյա ժամկետում վճարել դրա 30 տոկոսը, այլապես պետք է վճարեն 100 տոկոսը։ Մեզ հետ զրույցում Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության՝ վրացական համարանիշներով մեքենաների խմբի ներկայացուցիչ ղեկավար Սերգեյ Գյոզալյանն ասաց, որ ՊԵԿ-ը թվեր է ուռճացրել՝ նշելով, որ Հայաստանում մոտ 8 հազար մեքենաների 32 տոկոսն է օգտվել կառավարության սուբսիդիայից, իսկ իրականում մոտ 10 հազար մեքենաների 25 տոկոսն է։
Ըստ Գյոզալյանի՝ եթե կառավարությունը պետական աջակցության ծրագիր է իրականացնում, որից օգտվում է շահառուների ընդամենը 25 տոկոսը, դա նշանակում է, որ այդ պետական աջակցության ծրագիրը չի ծառայել իր նպատակներին, եղել է սխալ հաշվարկված, ոչ հասցեական, ոչ նպատակային։
«Հիմա քանի որ մեր վարորդներն անելանելի վիճակի մեջ են հայտնվել․ ո՛չ կարողացան իրենց մեքենաները մաքսազերծել խելամիտ ժամկետներում` խելամիտ գներով, ո՛չ էլ կարողանում են իրենց մեքենաները տանել Վրաստան՝ վաճառելու, կառավարության այդ որոշման պատճառով, մենք ասում ենք՝ եղբայր, թողեք՝ գոնե այս մեքենաները, որ ժամանակավոր ներմուծվել են ՀՀ, ունեն գրավի պայմանագրեր ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ժամկետի մեջ են, թույլ տվեք, որ այդ մեքենաները գնան Վրաստան, հետ գան, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց մեքենաները տանեն Վրաստան, վաճառեն, հետ գան, ոչ թե տունտեղ թողած` գնան մնան Վրաստանում, գումարներ ծախսեն կամ էլ մի օրով գնան, կես գնով մեքենան վաճառեն ադրբեջանցի դիլերներին։ Այդ հարցով դիմել ենք կառավարությանը, դիմել ենք ՄԻՊ-ին։ ՄԻՊ-ի հետ կապված մի աբսուրդ իրավիճակ է․ դիմել էինք փետրվարի 8-ին, այսօր են զանգում ինձ, ասում, որ դիմումն ուղարկել են ՊԵԿ, այսօր պատասխանը եկել է, եթե Դուք դիմում գրեք, մենք դա Ձեզ կուղարկենք։ Այսինքն՝ ես պետք է դիմում գրեմ, որ իմ գրած դիմումի պատասխանն ինձ տան։ Հետո ես ասում եմ, որ ՊԵԿ-ի տեղը լավ գիտեմ, ես ՄԻՊ-ին եմ դիմել, որ մեր իրավունքները պաշտպանի, որովհետեւ ես գտնում եմ, որ մեր իրավունքները խախտվել են, մենք զրկվել ենք սեփականության իրավունքով մեզ պատկանող գույքի հանդեպ մեր իրավունքներն իրացնելու հնարավորությունից»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով․ «Ես 2012 թվականից տաքսու վարորդների շահերն ու իրավունքներն եմ ներկայացնում, նախկինների օրոք այսպիսի բան չի եղել, մեր ամեն գրած դիմումի հետեւանքն այն էր լինում, որ խորհրդակցություններ էին հրավիրում, մեր կարծիքներն էին լսում, շատ դեպքեր են եղել, որ այդ ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, նորմալ գործընթաց է գնացել, իսկ հիմա 2 հոգի նստում, իրենցից բաներ են մոգոնում, մի քանի հազար մարդու կրակի մեջ են գցում, անկապ պատասխաններ են ուղարկում»։
Սերգեյ Գյոզալյանի խոսքով՝ կառավարությունն էլ իր հերթին է մուկնուկատու խաղում վարորդների հետ։ «Կառավարությանը դիմում ենք գրում, այս բոլոր խնդիրները մեջը նշում ենք, լուծման մեր տարբերակները նշում ենք։ Կառավարությունը մեր դիմումն ուղարկում է ՊԵԿ, որտեղից պատասխան է գալիս մեզ, որ այսինչ հարցն այսպես է լուծվել, իսկ մնացած հարցերը մեր լիազորությունների եւ իրավասությունների մեջ չեն մտնում։ Մենք կառավարությանը դիմում ենք գրում, որ ՊԵԿ-ն ասում է՝ այս հարցերն իր լիազորության մեջ չեն մտնում, դրանք հասցեագրեք այն պետական մարմիններին, որոնք իրավասու են այս հարցերի պատասխանը տալ։ Կառավարությունը մեր հարցերին պատասխան է ուղարկում, ասում է՝ ՊԵԿ-ը ձեր պատասխանները տվել է»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին կառավարությունն ու ՊԵԿ-ը փակ շղթայի մեջ են գցել, ՊԵԿ-ին են դիմում, ուղղորդում է դեպի կառավարություն, կառավարությանն են դիմում, ուղղորդում է դեպի ՊԵԿ։