Մշակույթ

«Չեբուրաշկա 2»․ նոր ֆիլմ, որն արժե դիտել արձակուրդներին

«Չեբուրաշկա 2»․ նոր ֆիլմ, որն արժե դիտել արձակուրդներին

Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Չեբուրաշկա 2» նոր կինոնկարի պրեմիերան։ Ռեժիսորը Դմիտրի Դյաչենկոն է։ Հիշեցնենք, որ այս սիրված կերպարի մասին պատմող նախորդ ֆիլմն էկրան էր բարձրացել 2023 թվականին եւ վարձույթում հավաքել էր ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Հասույթը, ինչ խոսք, ռուսական կինովարձույթի համար ռեկորդային է։ Պրեմիերային ներկա են եղել Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, հայտնի դեմքեր, այդ թվում՝ Յուրի Բորիսովը՝ կնոջ՝ Աննայի եւ երկու դուստրերի հետ։ Այս կինոնկարի վրա աշխատել է նույն խումբը, որն աշխատել էր նաեւ նախորդ ֆիլմի վրա։ Թիմում սպասում են, որ «Չեբուրաշկա 2»-ն էլ կունենա ֆինանսական նույն հաջողությունը, ինչ «Չեբուրաշկան», թեեւ ռուսական վարձույթում կան վերջինիս բավական լուրջ մրցակիցներ՝ «Բուրատինոն» ու «Պրոստակվաշինոն»։

Սակայն ընտրված ճիշտ բանաձեւն ու մատուցումը թերեւս իրենցը կանեն։
Իսկ բանաձեւը պարզ է՝ խորհրդային մանկության նկատմամբ նոստալգիկ հիշողությունները՝ համադրված ընտանեկան արժեքների հետ։ «Չեբուրաշկա 2»-ի գլխավոր եւ սպասված առանձնահատկությունն այն է, որ այստեղ, ի վերջո, հայտնվում է Կոկորդիլոս Գենան։ Կինոնկարում Չեբուրաշկան մեկ տարով մեծացել է ու իրեն արդեն լրիվ հասուն է համարում, դրա համար էլ բացարձակ չի ենթարկվում որեւէ դաստիարակչական ազդեցության։ Ու Կոկորդիլոս Գենան, որ միշտ հաղորդակցության խնդիրներ է ունեցել, կարողանում է միայն նախատել ու խրատել Չեբուրաշկային։ Խնդիրներ կան նաեւ մյուս հերոսների մոտ։

Ի դեպ, հայտնի Շապոկլյակի փոխարեն կինոնկարում մեծահարուստ Ռիման է, որի կերպարը մարմնավորել է Ելենա Յակովլեւան, թոռնուհի Սոնյայի կերպարում Եվա Սմիրնովան է։ Գնահատականները տարբեր են։ Նախ՝ ուշադրությունից չի վրիպել այն, որ այս անգամ կինոնկարը նախորդից 10 րոպեով կարճ է, ու կարծես թե ֆիլմի ստեղծողները վախենում են դրանից, եւ լռության ակնթարթները, պաուզաները գրեթե բացակայում են։ Ողջ ընթացքում անզուսպ էքշըն է՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ է վազում, ինչ-որ տեղից ընկնում է, թռչկոտում, ու այսպես շարունակ։ Նաեւ նկատում են, որ չափից դուրս շատ են կատակները։ Իսկ, առհասարակ, որպես տոնական օրերին դիտելու համար նախատեսված ընտանեկան ֆիլմ՝ այն լիովին հաջողված է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image