Հասարակություն

Վարուժան Բաբաջանյանը շուրջ 200 հազար դոլարի վնաս է կրել

Վարուժան Բաբաջանյանը շուրջ 200 հազար դոլարի վնաս է կրել

Հունիսի 14-ին եւ 15-ին Հայաստանի մի շարք մարզերում բնական աղետներ արձանագրվեցին՝ տորնադո, փոթորիկ, կարկուտ։ Վնասի հասցրած չափերը, պարզվում է, չափազանց մեծ են։ Գյումրիում գարեջրի փառատոնը խաթարվեց, եւ երկու մեծ եղեւնի տապալվեց։ Իսկ Ապարանում պտտահողմի հետեւանքով առաջացած ավերածություններն ահռելի են։ Ըստ նախնական տվյալների` վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի եւ 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում տուժել են Ապարանի թիվ 1 եւ 2 դպրոցների, արվեստի եւ մշակույթի կենտրոնների, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերն ու այլ հաստատություններ։ Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել պատերն ու արտաքին հարդարանքը:

Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ահազանգեր են ստացվել՝ Երեւանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու եւ Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքների վերաբերյալ: Ուժեղ քամու հետեւանքով գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որից մեկը՝ Երեւանում, երեքը՝ Արագածոտնի, մեկը՝ Լոռու, 33-ը՝ Շիրակի մարզերում։ Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան։ Հունիսի 14-15-ը Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։
Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել են 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավելի ծառ: Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են։

Ուժեղ քամու հետեւանքով տուժել է նաեւ մեր գործընկեր, «Փաստ» օրաթերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի՝ Տավուշում գտնվող ամառանոցը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ միայն ինքը չի տուժել․ «Իմ մշակած այգին է վնասվել, պետք չէ իմ անձի վրա կենտրոնանալ, ընդհանրապես․․․ Գագիկ Աղաբաբյանի հիմնած այգին է հողին հավասարվել․ այդ մարդը զրոյից գինու այգի էր հիմնել։ Չկա մի ընտանիք, որը վնաս չունենա, այնքան անսպասելի է եղել։ Իմ հորեղբոր մեծ պտղատու այգու ծառերին մի հատ բերք չի մնացել։ Հայտնի էլ չէ՝ հանձնաժողով կա՞ ձեւավորված, տեղեկություն չկա, որ վնասներն են հաշվում․․․ Չկա ընտանիք, որից մեքենա ջարդուխուրդ չի եղել»։ 

Մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ իր կրած վնասը շուրջ 200 հազար դոլար է կազմում։ Նշենք, որ վնասների չափը որոշելու համար համայնքապետարաններում աշխատանքներ են տարվում։ Ապարանի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ այս պահին հարյուրավոր հասցեներում վնասների գույքագրում է տեղի ունենում, առայժմ օգնություն է ցուցաբերվել ֆիզիկապես տուժած բնակիչներին, որոնց երկուսը դեռ հիվանդանոցում են։ Հետաքրքրվեցինք՝ գույքագրումից հետո տուժած քաղաքացիներին օգնություն կտրամադրվի՞։ «Մեր նպատակը դա է»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image