Հարցազրույց

«Հրապարակ»․ Եթե արդյունավետ դաշինք ձեւավորվի, մենք ճկուն ենք․ դա բանակցելի է

«Հրապարակ»․ Եթե արդյունավետ դաշինք ձեւավորվի, մենք ճկուն ենք․ դա բանակցելի է

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն է:

- Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել եւ իր աջակցությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցուն: Տեսակետ-առաջարկ է հնչել, որ ընդդիմադիր ուժերը պետք է ընտրացուցակի առաջին տեղերը հոգեւորականներին տրամադրեն, որպեսզի հանրությունն ավելի մեծ վստահություն ցուցաբերի տվյալ ուժերի նկատմամբ, եւ, առհասարակ` կան տեսակետներ, որ հոգեւորականների ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում կարող է խիստ օգտակար լինել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ասեմ, որ այդ առաջարկն ինքնին չեփված առաջարկ է, մենք պետք է նախ հասկանանք՝ որքանով կարող է այն լինել խլամիտ, սակայն մի օրինակ բերեմ` 90 թվականին, երբ Գերագույն խորհուրդը կազմավորվեց, այդ ժամանակ մի հնարք կիրառվեց: Մոսկվայում երկու քննիչ էին ապրում` Թելման Գդլյանը եւ Իվանով Վալենտինը: Նրանց նկատմամբ Մոսկվան հալածանքներ էր կենտրոնացրել, ստանալով ՀՀ ԳԽ մանդատ, մենք, ըստ էության, մեր պաշտպանության տակ վերցրինք այդ երկու քննիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի հետ կապված աղմկահարույց գործ էին բացահայտել: Մենք փաստացի պաշտպանության բացիկ ստեղծեցինք նրանց համար, եւ այդ երկուսը զերծ մնացին կրեմլյան բռնաճնշումներից: Այժմ որպես անվտանգության բարձիկ եկեղեցականներին քաղաքական պրոցեսներում ներգրավելը միտք է, որն ունի քննարկման իրավունք: Իհարկե, անպայման պետք է հասկանալ Եկեղեցու տրամադրությունը, պետք է հասկանալ այդ պրոցեսների պլյուսներն ու մինուսները, սակայն կարծում եմ, որ, ամեն դեպքում, այդ առաջարկն ունի ապրելու իրավունք: Քաղաքական ուժերը կարող են քննարկել եւ կիրառել այն: Այս մասին միանշանակ ու հստակ կարծիք հայտնելը բարդ է, առանց դրա հետեւանքները հասկանալու, այնուամենայնիվ, արժե այդ մասով քննարկումներ կազմակերպել եւ հասկանալ Եկեղեցու դիրքորոշումն այդ հարցում: Բայց, ամեն դեպքում, մենք օրենսդիր մարմնում ունեցել ենք հոգեւորական, դա նախադեպ է, եւ դրանից աշխարհը չի քանդվել, հակառակը: Եկեղեցին համայնք է, որը կարող է ներկայացուցիչ ունենալ տարբեր մարմիններում, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում:

- Այժմ կոնկրետ ո՞ր հոգեւորականին կամ հոգեւորականներին եք պատկերացնում ակտիվ քաղաքականության մեջ: Ի վերջո` նրանցից ոչ բոլորն են ուզում կամ պատրաստ են քաղաքականությամբ զբաղվել:

- Քանի որ անձամբ ես նրանց չեմ ճանաչում քաղաքականության մեջ, կդժվարանամ հստակ գնահատականներ տալ, բայց, օրինակ, Միքայել եւ Բագրատ սրբազանները կարող են լինել քաղաքականության մեջ, ես եթե անգամ ինչ-որ քննադատական տեսակետ ունենամ նրանց քաղաքական գործունեության վերաբերյալ, բնականաբար, այս փուլում դրանք բարձրաձայնելուց զերծ կմնամ: Առհասարակ, այս փուլում եկեղեցականներին քննադատելուց պետք է հնարավորինս զերծ մնալ, անկախ բոլոր տարաձայնություններից: Եկեղեցին պետք է հիմա պաշտպանել:

- Հայտարարվել է, որ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լեւոն Զուրաբյանն է: Ի՞նչ եք կարծում՝ եթե ինչ-որ ուժերի հետ համագործակցության գնաք, դաշինք կազմեք, հնարավո՞ր է փոխվի ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, թե՞ ոչ:

- Եթե հնարավոր արդյունավետ դաշինք ձեւավորվի, մենք ճկուն ենք, եւ այդ հարցը բանակցելի կարող է լինել: Այնպես որ, եթե լավ դաշինք կազմվի, որը դրական արդյունք ցույց կտա, ապա այդտեղ մենք քարացած, կարծրացած դիրքորոշման վրա չենք մնա:

- Այս պահին կոնկրետ ո՞ր ուժերի հետ եք քննարկումներ ունենում:

- Քննարկումները լայն դիապազոնով շարունակվում են, եթե դրանք հասնեն արդյունքի, անպայման հասարակությունն այդ մասին կիմանա, իսկ եթե արդյունք չլինի, ի՞նչ իմաստ կա խոսել այդ մասին: Ակնհայտ է մի բան` բոլոր բանակցություններն ու կոնսուլտացիաներն ընդդիմադիր ուժերի հետ են, եւ այդտեղ չկա որեւէ կոնֆորմիստական ձգտում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image