Հարցազրույց

Նա հաստատ նախագահ չի դառնա, իսկ վարչապետ՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Նա հաստատ նախագահ չի դառնա, իսկ վարչապետ՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

2024 թվականը շռնդալից իրադարձություններ է խոստանում մեր հարևան երկրի՝ Վրաստանի համար, որին նախորդ տարեվերջին շնորհվեց ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակ։ Մասնավորապես, վրացական լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակներն ազդարարում են երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը մեծ քաղաքականություն։ Թե որքանո՞վ են այս խոսակցություններն իրատեսական, զրուցել ենք վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

- Քաղաքական տարին, դատելով վրացական մասմեդիայի և փորձագիտական հանրության հայտարարություններից, կարող է շրջադարձային լինել ձեր երկրի համար, որն ավելի վստահորեն է գնում եվրաինտեգրման ուղղությամբ։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք մեծ առումով, ներքաղաքական ի՞նչ գործընթացներ են ուրվագծվում Վրաստանում։

- Ես «շրջադարձային» բառը չէի օգտագործի: Այս տարի Վրաստանում ընտրական տարի է, իրավիճակը՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ տարածաշրջանում, մեղմ ասած, շատ հեռու է իդեալականից: Մենք ունենք աշխարհի խոշորագույն ռազմական հակամարտություններից երկուսը հարակից տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում (Ուկրաինա) և Մերձավոր Արևելքում (Գազա, Սիրիա), իսկ Հարավային Կովկասում տեղի է ունենում քաղաքական տարածքի վերաֆորմատավորում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա, Վրաստանի երկու տարածաշրջանները շարունակում են մնալ օկուպացիայի տակ: Համաշխարհային և ռեգիոնալ խաղացողները շարունակում են իրենց գործունեությունը տարածաշրջանում, ինչը նաեւ լրացուցիչ ռիսկեր է ստեղծում: Այս ֆոնին Վրաստանն ունի շատ թույլ ընդդիմություն և իշխանության համակարգ, որը հիմնված է մեկ անձի՝ Բիձինա Իվանիշվիլիի վրա։ Հասկանալի է, որ նման պայմաններում անհնար է որեւէ բան կանխատեսել:

- «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նորացված կանոնադրության համաձայն, ի թիվս այլ իրավասությունների, քաղաքական այդ ուժի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ստացել է վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն։ Խոսվում է նաև այն մասին, որ հայտնի միլիարդատերը 2024-ի վերջում կարող է դառնալ Վրաստանի նախագահ։ Նման սցենարը հավանական համարու՞մ եք։

- Իվանիշվիլին որևէ մեկը դառնալու կարիք չունի, նա արդեն կենտրոնական տեղ է զբաղեցնում Վրաստանի քաղաքական համակարգում։ Այլ հարց է, թե ինչու էին նրան անհրաժեշտ լրացուցիչ ֆորմալ լիազորությունները։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ ավելի ստույգ՝ թույլ չտալ արտաքին ուժերին օգտվել նրա իշխանական ֆորմալ լծակների բացակայությունից եւ զրկել նրան իրական լծակներից։ Արտաքին ուժերի ներքո կարող էր լինել ցանկացածը՝ ամերիկացիներ, ռուսներ, չինացիներ։ Նա հաստատ նախագահ չի դառնա, իսկ վարչապետ՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

- Լուրեր են շրջանառվում, որ նախագահ դառնալու դեպքում Իվանիշվիլին կարող է Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին փոխարինել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեով, ինչը, թերեւս, օգտակար կլինի 2024 թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նման վերադասավորումներ կլինե՞ն առաջիկայում և ի՞նչ կտա դա Վրաստանին։

- Վարչապետի փոփոխությունը շատ հավանական է, ընդ որում՝ այն հասունացել է, նույնիսկ շատ է հասունացել։ Դա կլինի ընտրություններից առաջ, թե հետո, կախված է արտաքին գործոններից։ Ինչ վերաբերում է Կալաձեի թեկնածությանը, ապա դա քիչ հավանական է։ Նախ, Կալաձեն մայրաքաղաքի ընտրված քաղաքապետն է, և եթե նա հեռանա, ապա պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Երկրորդ՝ Կալաձեն քիչ թե շատ անկախ քաղաքական գործիչ է, և նրան նշանակելով՝ Իվանիշվիլին վտանգում է կորցնել իշխանությունը։ Նման սցենարը չի կարելի բացառել, բայց Կալաձեի նշանակումը ֆորսմաժոր է։

- Եվրաինտերգրման հաստատուն կուրս որդեգրած Թբիլիսին ի՞նչ նշաձող է դրել ԵՄ անդամակցության հարցում։ Ի՞նչ որակական փոփոխություններ ակնկալել այս ուղղությամբ։

- Ոչ մի նոր նշաձող․ ԵՄ-ն դրոշ է տեղադրել տարածաշրջանում և Թբիլիսին ուրախ է դրա համար։ Այս իշխանության օրոք որակական փոփոխություններ հաստատ չեն լինելու։

- Խոսենք Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Ըստ ձեզ, ի՞նչ քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներ կլինեն մեր ռեգիոնում, և որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, գուցե նաև Թբիլիսիի ջանքերով։

- Խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ հնարավոր է, բայց չմոռանանք, որ դրա կնքումը միայն սկիզբն է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման մի շատ բարդ գործընթացի, և դրա համար տարիներ, եթե ոչ տասնամյակներ կպահանջվեն։ Պարզապես ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլից և այն պետք է գնալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image