Հասարակություն

Էկոպարեկ աշխատելու համար բարձրագույն կրթություն պետք չէ

Էկոպարեկ աշխատելու համար բարձրագույն կրթություն պետք չէ

Այս տարվա հունվարի 1-ից, ոստիկանության պարեկներից բացի, անտառներում, Սեւանա լճի ափին սկսել են շրջել նաեւ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկները։ Էկոպարեկային ծառայությունն ունի շուրջ 1176 հաստիք, որից 114-ը կենտրոնական մարմնի ծառայողներն են՝ «շեֆերը», մյուսները` երկրով մեկ։ Նրանք իրականացնում են գրեթե նույն գործառույթը, ինչ մի շարք ուրիշ գերատեսչություններ, օրինակ՝ համապատասխան տեսչական մարմինը։ Ստացվում է, որ պետական ապարատում առնվազն 3 կառույց նույն բանն է անում։ Օրինակ՝ Սեւան ազգային պարկի տարածքում ձկնագողության դեմ պայքարում կանխում, կանխարգելում եւ բացահայտում են ե՛ւ ջրային պարեկները, ե՛ւ տեսչական մարմինը, ե՛ւ էկոպարեկները։ Այսինքն՝ պետությունն անտեղի գումար է վատնում, եւ արդյունքն էլ դեռ բավարար չէ ապօրինի ձկնորսությամբ ինչպես զբաղվում էին, այնպես էլ շարունակում են զբաղվել։ 

Իշխանությունն էկոպարեկային ծառայություն ստեղծելը հիմնավորել է նրանով, թե վերլուծության արդյունքներով պարզել են, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառախախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին։ Ուստի որոշել են Անտառային կոմիտեն փոխարինել շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից եւ ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանության ծառայությունը։ «Ծառայությունը կիրականացվի 24 ժամ տեւողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը եւ կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Ծառայողին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու եւ տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաեւ՝ ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք»։ Էկոպարեկներն ունեն նաեւ զենք կրելու իրավունք։ Փաստացի, կրկնվում է ՆԳՆ պարեկային ծառայության գործառույթը՝ կանխում, կանխարգելում, բացահայտում։  
Այս տեսակետին, իհարկե, համաձայն չէ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, նա շեշտում է՝ ՆԳՆ-ի պարեկներն այլ գործառույթ ունեն։ «ՆԳՆ-ի մեր գործընկերները ցամաքի վրա են իրենց գործառույթներն իրականացնում, իսկ մենք իրականացնելու ենք ջրի վրա։ Բացի այդ, իրենց գործառույթն այլ է, իսկ մերը շրջակա միջավայրի ոլորտի մասնագիտական գործառույթն է»,- ասում է նա։

Ալեքսանյանը թերեւս չգիտի, որ գոյություն ունեն նաեւ ջրային պարեկներ, որոնք շուրջօրյա ծառայություն են իրականացնում Սեւանի ափին։ 

Ներկայացնելով ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ՝ Ալեքսանյանն ասաց նաեւ, որ մինչեւ օրենքով սահմանված կարգով մրցույթի համալրումը, «Հայանտառ» եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների» կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների՝ պահպանություն իրականացնող աշխատակիցները շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ալեքսանյանը վստահեցնում է՝ 6 ՊՈԱԿ-ներում կրճատումներ չեն լինելու, նրանք հնարավորություն ունեն էկոպարեկ դառնալու։ 

«Նախկինում 6 ՊՈԱԿ-ների աշխատակիցները միայն իրավախախտումն էին արձանագրում եւ փոխանցում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի վնասի հաշվարկն իրականացվեր, եւ վարչական վարույթ նախաձեռնվեր։ Բայց օրենսդրական փոփոխության կարեւոր առանձնահատկությունն է, որ նաեւ իրականացնելու են վնասի հաշվարկը եւ վարչական վարույթը։ Այն ժամանակ մինչեւ տեսչականից մոտենում էին, ապացուցողական դաշտը կորում էր։ Մի խոսքով, իրավախախտին հնարավոր չէր լինում բացահայտել»,- ասում է նա: Շրջակա միջավայրի նախարարությունում բարձրագույն կրթություն չունեցողների համար լավ լուր ունեն։ «Կրտսեր էկոպարեկների ստաժ կա, որի դեպքում բարձրագույն կրթության առկայությունն անհրաժեշտ չէ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ Ոստիկանության դպրոցն ավարտած պարեկներին, փաստորեն, էլի նորմալ կրթություն չունեցող էկոպարեկներն են ավելանում: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով էկոպարեկների մասին, ասել էր, որ խոսքը ոչ թե նոր պետական մարմին ստեղծելու, այլ նոր ծառայություն ձեւավորելու մասին է․ «Ուզում ենք պայմանական աշխատանքային մակարդակում էկոպարեկների ծառայություն ձեւավորել... Հիմա մենք, ըստ էության, Անտառային կոմիտեն ենք վերակազմակերպում եւ օրենքի ուժով ստեղծում ենք Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Գիտեք, թե ինչ սկզբունքային պայքար ենք փորձում մղել անտառների պահպանման եւ նաեւ բնապահպանական իրավիճակի պահպանման առումով: Մենք այս ընթացքում բախվում ենք մի իրավիճակի, օրինակ՝ լինում են ծառահատման դեպքեր, երբ անտառապահը երեկոյան ժամը 9-ին է արձանագրում, բայց պարզվում է՝ արձանագրումն աշխատանքային ժամից դուրս է արվել: Դեպքեր ունենք, երբ նույնիսկ դատական կարգերով համապատասխան ակտերն անվավեր են ճանաչվել կամ չեղարկվել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image