Հասարակություն

Պարույր Հայրիկյանի ողբերգությունը եւ ոչ միայն նրա

Պարույր Հայրիկյանի ողբերգությունը եւ ոչ միայն նրա

Արդեն 10 օրից ավելի է՝ հանրությունը քննարկում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առանձնատան վաճառքի թեման։ Հայրիկյանը սոցցանցերում գրում է այդ մասին՝ փորձելով ուշադրություն գրավել տան վրա, գնորդ գտնելու նպատակով։ Նա իր առանձնատունը գնահատել է 3,2 միլիոն դոլար, բայց պատրաստ է վաճառել կես գնով՝ 1,6 դոլարով։ Չնայած նման աննախադեպ զեղչին, գնորդ չկա․ կա՛մ Պարույր Հայրիկյանն է անիրատեսական գնահատում իր տունը, կա՛մ գնորդները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրան։ Բայց էականը դա չէ։

Հայրիկյանն ասում է, որ տունը վաճառում է բարձրացած գույքահարկի պատճառով, եւ այդ գույքահարկը բարձրացվել է հատուկ իր համար․ իշխանությունն իմացել է, որ այդ տանը բնակվում է Հայրիկյանը, եւ հատուկ այնպես է արել, որ այդ հատվածում գույքահարկը բարձրանա 500 անգամ, եթե նախկինում նա վճարում էր 7 հազար 900 դրամ, ապա անցած տարի՝ 3 միլիոն 900 հազար դրամ։ Նման գումարը Հայրիկյանի համար այնպիսի ֆինանսական բեռ է, որը նա չի կարող կրել։ Դժվար է ասել՝ Հայրիկյանն այդ տունը վաճառելով մտադիր է ավելի՞ էժան գույքահարկ ունեցող տուն գնել Հայաստանում, թե՞ մտադիր է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է նրա ընտանիքի անդամների մի մասը։ Այնտեղ Հարիկյանի դեմ քաղաքական հետապնդում չեն իրականացնի, եւ գույքահարկը հատուկ նրա համար չեն բարձրացնի։

Ո՞րն է Հայրիկյանի ողբեր­գությունը․ նա իր երիտասարդ տարիները նվիրել է Հայաստանի անկախացմանը, համենայնդեպս, իրեն այդպես է թվացել, նա հանուն իր գաղափարի եւ սկզբունքի 17 անցկացրել է խորհրդային բանտերում եւ կալանավայրերում, նաեւ իր պայքարի արդյունքում Հայաստանն անկախացել է, համենայնդեպս, իրեն այդպես է թվում, եւ այն անկախությունը, որին ինքը նվիրել է կյանքի մի մասը, ենթարկվել է հետապնդումների եւ կրել անասելի տառապանքներ, հիմա այդ անկախությունից օգտվում են այլ մարդիկ եւ այդ մարդիկ հետապնդում են իրեն՝ անկախության առաջամարտիկին, ստեղծում են այնպիսի պայմաններ, որ ինքը չկարողանա նույնիսկ սեփական տանն ապրել։

Իրականությունը, սակայն, այն է, որ Հայրիկյանը պայքարել է ոչ թե Հայաստանի անկախության, այլ խորհրդային՝ ռուսական  գաղութատիրությունն ամերիկյան գաղութատիրությամբ փոխելու համար։ Խորհրդային Միությունը չի լուծարվել քաղբանտարկյալների պայքարի արդյունքում, այն լուծարվել է ԱՄՆ-ի դեմ մղված սառը պատերազմում պարտվելու արդյունքում։ Միացյալ Նահանգները խորհրդային քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին բարոյական եւ նյութական աջակցություն էին ցուցաբերում, Միացյալ Նահանգները նրանց ճանաչում էր խղճի կալանավորներ ու պատրաստ էր նրանց ապաստան տալ, եւ քաղբանտարկյալներից շատերն օգտվեցին այդ հնարավորությունից։ ԽՍՀՄ-ից արտաքսվելուց հետո Հայրիկյանը եւս որոշ ժամանակ անցկացրեց Միացյալ Նահանգներում, բայց վերադարձավ Հայաստան՝ այստեղ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Միացյալ Նահանգները հենց այնպես, հանուն բարոյական կամ համամարդկային արժեքների չէին օգնում, խրախուսում կամ պաշտպանում խորհրդային քաղբանտարկյալներին։ Նրանք այն միջոցներից մեկն էին, որով ԱՄՆ-ն պայքարում էր իր աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ եւ արդյունքում կարողացավ հաջողության հասնել, հաղթել Խորհրդային Միությանը եւ լուծարել այդ պետությունը։ Ինչպես ցանկացած պատերազմում, այնպես էլ սառը պատերազմի արդյունքում պարտված Խորհրդային Միությունն անցավ Միացյալ Նահանգների տիրապետության տակ։ Չնայած Հայաստանը եւ մյուս խորհրդային հանրապետությունները ֆորմալ առումով անկախացան, դարձան ՄԱԿ-ի անդամ, ունեցան սեփական դրամական միավորը եւ անկախության այլ ձեւական ատրիբուտներ, սակայն էության մեջ նրանք մնացին գաղութներ՝ խորհրդա-ռուսականը փոխարինվեց ամերիկյանով։

Քաղբանտարկյալները, ովքեր պայքարել էին հանուն Խորհրդային Միության փլուզման, որին ամերիկացիները չարի կայսրություն էին անվանում, իբրեւ թե իրենք էլ բարու մարմնացումն են, չհասան իշխանության, թեեւ ոչ բոլոր հանրապետություններից կային քաղբանտարկյալներ։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգները թույլ չտվեց քաղբանտարկյալներին՝ գալ իշխանության, կամ նրանց չհանձնեցին կառավարչի պաշտոնը, չէ՞ որ նրանք արժանի էին դրան, թեկուզ այն պատճառով, որ իրենց կյանքն ու առողջությունն էին նվիրաբերել այդ պայքարին։ Մի պարզ պատճառով․ քաղբանտարկյալները կամ նրանց ճնշող մեծամասնությունը սկզբունքներ ունեցող եւ այդ սկզբունքներով ապրող մարդիկ էին, անսկզբունք մարդը չի կարող տարիներով մնալ կալանավայրում եւ չծախվել իշխանությանը։ Բացի դա, քաղբանտարկյալները համարում էին, որ իրենք իրենց ներդրումն ունեն Խորհրդային Միության լուծարման գործում, եւ իրենց տեսակետի հետ պետք է հաշվի նստեն։ Մինչդեռ նոր տերերին ոչ սկզբունքային, ոչ էլ փայատիրոջ ամբիցիաներ ունեցող մարդիկ պետք չէին։

Պարույր Հայրիկյանի ողբերգությունն այն է, որ ամերիկացիների հետ ձեռք-ձեռքի տված՝ պայքարել է Խորհրդային Միության լուծարման համար, թվում է, թե իրենք համատեղ ուժերով հասել են հաջողության՝ Հայաստանում հիմա առավել, քան երբեւէ, ամերիկյան դրածո կառավարություն է, բայց այդ հաղթանակի, հաջողության պտուղներից ինքն օգտվել չի կարող, ընդհակառակը՝ այդ պրոամերիկյան վարչախումբն իրենից տարեկան հսկայական գումար է պահանջում՝ իր տանն ապրելու իրավունքի համար։
Այստեղ արդարություն, իհարկե, գոյություն չունի, իսկ խրատն այն է, որ տերերը պարտավոր չեն հաշվի նստել իրենց ծառայողների՝ ծառաների շահերի հետ։ Այն, ինչ նրանց համար արվել է կամ նրանց տրվել է, նրանք պետք է համարեն բավարար եւ իրենց իրավունք չվերապահեն՝ ավելին պահանջել։
Հասկանո՞ւմ է սա Պարույր Հայրիկյանը․ թերեւս, որովհետեւ նրան ճանաչելով, համոզված եմ նրա իմաստնության մեջ։ Ողբերգությունն այն է, որ նա դա հասկանալով, այլեւս ոչինչ չի կարող անել՝ այդ իրավիճակը փոխելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image