Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքբերումների առաջին հորիզոնականում ճանապարհաշինական ծրագրերն են։ Սակայն դրանցից շատերի իրականացման ժամկետները խախտվել են, կառավարությունն էլ ձգձգման տարբեր պատճառաբանություններ է ներկայացնում։ Ինչպես ասում են՝ արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ։
Իջեւանը Բերդի տարածաշրջանին կապող Իծաքար-Գանձաքար ավտոճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանզի այն, ի տարբերություն Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհի, չի անցնում Ադրբեջանի հետ սահմանի եզրով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հունվարի 13-ին հարցում էի արել․ «Ե՞րբ է սկսվել Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնում, ո՞վ է աշխատանքների պատվիրատուն, որքա՞ն գումար է նախատեսված ծրագրով, ի սկզբանե ե՞րբ էր նախատեսված ծրագրի ավարտը, ե՞րբ կավարտվի»։
Հունվարի 20-ին ստացել եմ նախարարի տեղակալ Ք․ Ղալեչյանի ստորագրությամբ պատասխան․ «Տեղեկացնում ենք, որ Հ36, /Մ4/(Իջեւան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022 թ․, սակայն որակական եւ ժամկետային պահանջների հետ կապված խնդիրների պատճառով 2023 թվականին կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է։ 2024 թվականին իրականացվել է նոր գնման ընթացակարգ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Էկո Բիլդինգ» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2025 թվականի սեպտեմբերին, սակայն կապալառուն չի կարողացել ժամկետում կատարել պարտավորությունները, ինչի պատճառով աշխատանքների կատարման նոր ժամկետ է սահմանվել 2026-ի մարտ ամիսը։ Պարտավորությունների չկատարման համար սահմանված կարգով կապալառուից կգանձվեն տույժեր։ Մինչ օրս կատարված եւ ընդունված աշխատանքների արժեքը՝ 2,7 մլրդ դրամ, իսկ 2026թ․ իրականացվելիք աշխատանքների արժեքը՝ 0,3 մլրդ դրամ։ Կապալառու՝ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ, պատվիրատու՝ ՀՀ ՏԿԵՆ»։
Նախարար Խուդաթյանին նաեւ հարցրել եմ․ «Ե՞րբ է սկսվել Վերին Կարմիրաղբյուր-Չինարի ավտոճանապարհի կառուցապատումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնում, ո՞վ է աշխատանքների պատվիրատուն, որքա՞ն գումար է նախատեսված ծրագրով, ի սկզբանե ե՞րբ էր նախատեսված ծրագրի ավարտը, ե՞րբ այն կավարտվի»: Փոխնախարար Ղալեչյանի պատասխանում գրված է․ «Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 եւ կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլին: Ավարտը նախատեսվում էր նույն տարվա սեպտեմբերին։ Տեղում, տեղանքի իրադրությամբ պայմանավորված, ի հայտ եկած խնդիրներին նախագծային նոր լուծումներ տալու եւ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, որի պատճառով աշխատանքների ավարտը տեղափոխվել է 2026 թվականի ամռան սկիզբ։ Մինչ օրս կատարված եւ ընդունված աշխատանքների արժեքը՝ 1 198 428 524 դրամ։ 2026-ին իրականացվելիք աշխատանքների արժեքը՝ 433 571 426 դրամ։ Կապալառու՝ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ եւ «ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊ կոնսորցիում։ Պատվիրատու՝ ՀՀ ՏԿԵՆ»։
«Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն խախտել է Հ36, /Մ4/(Իջեւան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ժամկետային պարտավորությունները, սակայն դրա համար տույժերի ենթարկելու փոխարեն, այդ կազմակերպությանն է տրվել Հ36, /Մ4/(Իջեւան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների պատվերը։ ՏԿԵ նախարարության պատասխանում որպես Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհի հատվածների հիմնանորոգման ժամկետների խախտման պատճառ նշված են տեղանքում ի հայտ եկած խնդիրները։ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն շինարարական տեխնիկայի եւ աշխատուժի ինչքա՞ն մեծ ռեսուրսներ ունի, որ միաժամանակ 2 մեծ ծրագիր իրականացնի։ Սակայն միաժամանակ 2 ծրագիր է իրականացնում, երկուսի ժամկետներն էլ խախտվել են։ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն վայքեցի Կառլեն Մինասյանինն է, այս կազմակերպությունը կառավարությունից խոշոր տենդերներ է շահում։ Կառլեն Մինասյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մերձավորն է` նախկին թիմակիցը։ Նա կուսակցության ցուցակով Վայքի համայնքապետի թեկնածու է եղել։ Շատերը կասկածում են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի իրական շահառուն ոչ թե Կառլեն Մինասյանն է, այլ՝ Արամ Սարգսյանը, եւ դրանով է պայմանավորված, որ կառավարությունն այդ կազմակերպության նկատմամբ այսքան բարեհաճ վերաբերմունք ունի: