Ամիսներ առաջ մենք անդրադարձել էինք նրան, որ Արթիկում վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմի հուշարձանն են ուզում ապամոնտաժել։ Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը թեև մեզ հետ զրույցում հերքեց լուրերը՝ պնդելով, թե մեզանից է դա լսում, վերջերս հուշարձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները կրկին ակտիվացել են։ Ուշագրավ է, որ նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մի ամբողջ օր շրջայց է իրականացրել Արթիկ համայնքում եւ ըստ պաշտոնական հաղորդագրության ՝ դիտարկել է Արթիկ համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։«Հայաստան» խմբակցության ՝ Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Մհեր Մելքոնյանը մտահոգված է, կարծում է, որ հուշարձանի ապամոնտաժման ծրագրի հետ կապված կուլիսային գործընթաց կա։
«Այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և անձնազոհության խորհրդանիշն է։ Մրցույթ են հայտարարել, մրցույթը շահել են, ու այս իշխանության ամեն մի քայլը մեր ազգային ինքնությանը, մեր արժեքների դեմ մի բան է պարունակում ։ Մարզպետն էլ տեղում ուսումնասիրություն էր անում, իսկ արթիկցիները դեռ ամիսներ առաջ ահազանգեցին, որ համայնքապետարանը հուշարձանը տեղափոխելու միտք ունի։Ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։ Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք ։Սա հիշողություն է՝ հերոսների, կորուստների, հաղթանակի։ Սա քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մաս է» ,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ պահանջել է ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես գան հուշարձանի ապամոնտաժման կամ տեղաշարժման հետ կապված։ Արթիկի համայնքապետարանից ևս պահանջել է, որ մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքի հուշարձանի ապամոնտաժման ծրագրերի մասին տեղեկությունը։ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից էլ հստակ պարզաբանում եմ պահանջում՝ արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է, թե տեղական չինովնիկների ինքնագործունեությունը»,-հավելեց Մելքոնյանը` hraparak.am-ին տրամադրելով ԿԳՄՍ և ֆինանսների նախարարության պատասխանները, որտեղ մրցույթի կատարմ,ան պայմաններն ու ֆինանսի չափն է ներկայացված։





