Հասարակություն

89 ընտանիքի 23-ի հոկտեմբերից փոխանցում չեն արել

89 ընտանիքի 23-ի հոկտեմբերից փոխանցում չեն արել

44 օրյա պատերազմում զոհված արցախցիների 89 ընտանիքի 2023 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարությունը փոխանցումներ չի արել: «Հրապարակի» հետ զրույցում արցախցի տնտեսագետ Արամ Վերդյանն ասաց, որ այդպես են իրենց բացատրել բանկից: Արամ Վերդյանի հորեղբոր ընտանիքն այդ 89 ընտանիքների մեջ է՝ հորեղբոր որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: 

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմում զոհվածների համար Արցախի կառավարությունը բնակարանային ապահովման ծրագիր էր ներկայացրել և 20 հազար սերտիֆիկատ էր տրամադրել: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արցախից արցախահայերի բռնագաղթից ու Արցախի վերջնական օկուպացիայից հետո ստանձնել է Արցախի կառավարության ստանձնած ֆինանսական բոլոր պարտավորությունները, այսինքն` դրանց դիմաց վճարելու հանձնառությունը: 2023 թվականի հոկտեմբերից մեկնարկած այդ ծրագիրը, որով զոհվածների 89 ընտանիք իրենց տրված սերտիֆիկատների միջոցով բնակարաններ էին ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում, հիմա սառեցվել են: «ԱՄԻՕ բանկից ծանուցում է եկել մարդկանց, որ կառավարությունը գումարները չի վճարում` 2023 թվականի հոկտեմբերից: Այնպես է, որ մարդիկ 2023 թվականի հոկտեմբերից հետաքրքրվել են, գնացել են բանկ, հարցրել, թե` ով է սպասարկում այդ հիփոթեկը: Բանկից ասել են, ձեր գործին եղեք, ժամանակը գա՝ մենք ձեզ կծանուցենք, ոչ մի խնդիր չկա, մի անհանգստացեք: Նույնիսկ բջջային հավելվածով մարդիկ ստուգել են, ցույց չի տվել, որ ժամկետանց պարտք կա, սառեցրած ինչ-որ գումարներ են եղել, բայց շարժ ցույց չի տվել, ոչինչ չի եղել: Նույն բանկով մարդիկ բիզնես վարկեր են ունեցել, որ բանկից ծանուցել են ժամանակին, որ ֆինանսների նախարրարությունը այդ հարցերը՝ սպառողական, ոսկու, բիզնես վարկերի հարցերը լուծել է, «պարտքը առնել» է կոչվում այդ գործընթացը, ու այդ ամենը լուծվել է կառավարության կողմից: Հիմա թե ինչ է կատարվել, բոլորիս համար անհասկանալի է: ԱՄԻՕ բանկի բաժնետոմսերի 25 տոկոսը Կենտրոնական բանկին է պատկանում, մյուս բանկերի հարցերը լուծել է, բայց իրեն պատկանող բանկի հարցերը չի՞ լուծել: Մի քիչ անհասկանալի է, ի՞նչն է խնդիրը. բանկի աշխատակիցներից մե՞կն է թերացել, թե՞ ՀՀ կառավարությունից որևէ մեկը: Եթե դու առևտրային բանկերի բոլոր պարտքերը վերցրել ես, ոչ մի խնդիր չի առաջացել ու հանկարծ 89 ընտանիքի, որոնց մեջ կան 44-օրյա պատերազմում երկու կամ երեք զոհ տված ընտանիքներ, նման խնդիր առաջանա»,-ասաց Վերդյանը: 

ԱՄԻՕ բանկը արցախցիներիներին ծանուցել է, վերջիններս հանդիպել են, փորձում են լուծում գտնել: «Բանկը երևի թե փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում, ու ոչինչ չկարողանալով անել` ստիպված ժողովրդին է դիմել: Այս հարցին արդեն որպես տնտեսագետ պատասխանեմ, սա հիփոթեկ է, եթե չես մարում, գործընթաց է սկսվում` ծանուցում են ուղարկում մարդկանց, որ գումարը վճարեն, եթե չեն վճարում, կգա պահը, որ կպահանջեն տները ազատեն: Հուսանք, որ այդ վատագույն սցենարով չի գնա, վատագույն սցենարով կամ ասելու են` դուք վճարեք կամ էլ` դուրս եկեք»,-ասաց Վերդյանը: 

Հիշեցնենք, որ ԱՀ կառավարության 2022 թվականի մայիսի 10-ի «Պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 505-Ն որոշմանմբ պետական աջակցությունից կարող են օգտվել 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքները: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image