«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ Գարիկ Քեռյանն է.
- Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկին պնդում է, որ, վերջին տվյալներով, իրենք Կուրսկի մարզում գրավել են 1294 քառ. կմ տարածք, վերահսկողություն են հաստատել 100 բնակավայրի նկատմամբ: Ռուսները, ըստ էության, չեն հերքում, իսկ ՊՆ-ի շուրթերով կցկտուր տեղեկություններ են հայտնում երկրի տարբեր հատվածներում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին: Տարօրինակ չէ՞ ռուսների այս պահվածքը, ինչո՞ւ են հապաղում բեկում մտցնել Կուրսկում, Բելգորոդում:
- Այո, իսկապես տարօրինակ եւ անհասկանալի իրավիճակի ականատեսն ենք: Կան տարբեր մեկնաբանություններ, որոշ փորձագետների կարծիքով՝ ուկրաինական բանակին թողնում են առաջ գալ, որպեսզի հետո շրջապատեն:
- Զելենսկին, խոսելով Կուրսկ ներխուժման նպատակների մասին, հայտարարել է, որ դրանով Կիեւը չորս հիմնական խնդիր է լուծում, այդ թվում՝ ՌԴ-ին խաղաղություն պարտադրելը: Միաժամանակ խոստովանում է, որ ռուսական բանակն ուժեղացնում է ճնշումն այլ ուղղություններով՝ գլխավորապես նպատակ ունենալով ամրապնդել դիրքերը Դոնբասում: Կողմերից որի՞ ռազմավարությունն է հաղթելու, ի վերջո:
- Զելենսկին չարաչար սխալվում է. Ռուսաստանը միջուկային գերտերություն է, եւ նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել, թե իրականում ինչպես է պարտվելու, Զելենսկու պարտադրված խաղաղությունը տեխնիկապես անհնար է պատկերացնել: Պարտությունից խուսափելու համար Մոսկվան կդիմի միջուկային զենքի կիրառմանը: Հենց այս պահին էլ Արեւմուտքը կհանձնարարի գնալ հաշտության, որովհետեւ միջուկային պատերազմը երկրագնդի երաշխավորված ոչնչացում կնշանակի:
- Այդուհանդերձ, ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ ժամկետում եք իրատեսական համարում Մոսկվայի եւ Կիեւի հաշտությունը, 2 տարի ձգվող արյունալի պատերազմի ավարտը:
- Դեկտեմբերին, հավանաբար, եթե հաղթի Թրամփը, եթե Հարիսը հաղթի, պատերազմը հնարավոր է ձգի եւս մեկ տարի:
- Օրերս Բաքու կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ակնարկեց, որ, չնայած Կրեմլը գլխավորապես կենտրոնացած է Ուկրաինայում շարունակվող հատուկ ռազմական գործողության վրա, այդուհանդերձ, պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եթե նման պահանջ ներկայացնեն Երեւանն ու Բաքուն: Ի՞նչ կասեք այս առթիվ:
- Պուտինի նպատակն է՝ բանակցային գործընթացի մոդերատորությունը կրկին վերցնել եւ ապահովել ռուսական շահերը տարածաշրջանում: Ալիեւը դրան դեմ չէ, մնում է Փաշինյանին կտրել Վաշինգտոնից եւ Բրյուսելից․ սա մրցակցություն է մոդերատորության համար։