2021 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համաճարակի դեպքերի նվազ թվերով։ Սույն թվականի հունվարի 1-ին գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վարակվածության 159 հազար 798 դեպք, որից 60-ը նոր դեպքեր էին, փաստացի բուժում էր ստանում 12 հազար 635-ը, նոր մահվան ելքերի թիվը կազմել էր 8, իսկ ընդհանուր բուժվածների թիվը կազմել է 143 հազար 640, նոր բուժվածները՝ 285։
Տարվա կեսին՝ հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք, 120 առողջացած, իսկ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 28-ի դրությամբ, օրինակ, կատարվել էր 6995 թեստավորում, որից հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 692 և 16 մահվան նոր դեպքեր: Պայմանավորված բուհերի և դպրոցների բացվելով՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 1192 նոր դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 27:
Քովիդի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ մտցրեց՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Անահիտ Ավանեսյանի որոշումը, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Իսկ մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը որոշեց, որ աշխատողի վրա նման պարտականություն դնելը հակասում է Սահմանադրությանը։ Երկշաբթյա պարբերականությամբ թեստ պահանջելու մեխանիզմը հետագայում դարձավ ամենշաբաթյա կտրվածքով։
Հայաստանում ստեղծված ծանր համաճարակային վիճակով պայմանավորված հոկտեմբերի 1-ից կրկին մտցվեց բաց տարածքներում դիմակ կրելու ռեժիմը, հետո հանվեց։ Հոկտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում քովիդը 638 մարդու կյանք է խլել։ Դեկտեմբեր ամսվա տվյալների համաձայն, բավական նվազել է քովիդով վարակվածների ու մահվան ելքերով դեպքերի թիվը։ Իսկ դեկտեմբերի 29-ի դրությամբ արձանագրվել է վարակվածության 88 նոր և մահվան 5 դեպք։ Թեստավորվել է 6788 քաղաքացի, իսկ առողջացածների թիվը կազմում է՝ 125։
ՀՀ առողջապահության փոխնարար Գևորգ Սիմոնյանը մեզ հետ զրուցում ներկայացրեց այս պահին հանրապետությունում քովիդ հիվանդությամբ պայմանավորված դրությունը։ «Այս պահին հոսպիտալացված և հիվանդանոցային բուժում ստացող քաղաքացիների թիվը 500 է, իսկ ակտիվ հիվանդների թիվն ավելի շատ է, մոտ 3000-4000։ Նվազման ու կայունացման միտում կա՝ համաճարակի, բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ փետրվար-մարտ ամիսներին միգուցե թվերի աճ կունենանք նաև նոր շտամով պայմանավորված»,- ընդգծեց Սիմոնյանը։
Փոխնախարարը նշեց նաեւ, որ այս պահին ակտիվ պատվաստումային գործընթացի մեջ ենք գտնվում․ «Առաջին դեղաչափով պատվաստվել է բնակչության շուրջ 40%-ը, շարունակում ենք նույն տեմպերով, որպեսզի ունենանք բարձր ցուցանիշ և ավելի ապահով համաճարակաբանական իրավիճակ երկրում»։