Մշակույթ

Ինչ ճակատագրի կարժանանա 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը

Ինչ ճակատագրի կարժանանա 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը

Անցած տարի մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա դասագրքերի մրցույթին եւս մասնակցության հայտ է ներկայացրել։ Այս անգամ նա հեղինակել է 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, որը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ոչ պակաս վիճահարույց է, քան 7-րդ դասարանի դասագիրքը, եւ նոր սկանդալ է հասունացնելու պատմագիտական հանրույթի շրջանում: Ավելին` նախարարությունը, մինչեւ երաշխավորելը, հենց ինքն է դասագիրքն ուղարկել լրացուցիչ փորձաքննության:

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նորություն կա 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հետ կապված: Նա ասաց, որ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ դեռ չի ավարտվել դասագրքի փորձաքննության գործընթացը։ «Երբ ավարտվի, կայքում կտեղադրվի արդյունքների մասին: Ես հիմա չեմ ուզում որեւէ բան ասել, որովհետեւ դա փուլային, շարունակական գործընթաց է»,- ասում է նա ու նկատում, որ չի կարող նաեւ ասել, թե հիմա որ փուլում է այն: 

Այդուհանդերձ, մենք դեռ 2 շաբաթ առաջ գրել էինք, որ Պատմության ինստիտուտից անկախ փորձագիտական կարծիքն արդեն ուղարկվել է նախարարությանը, ԿԳՄՍՆ-ն ծանոթացե՞լ է դրանց, ի՞նչ ընթացակարգ է հաջորդելու դրան։ «Ընթացակարգը սա է․ երբ դասագիրքն ուղարկվում է փորձաքննության, փորձաքննող մասնագետները տրամադրում են եզրակացություն, այսինքն՝ բովանդակային դիտարկումներ են անում դասագրքի վերաբերյալ, որոնք հետո ուղարկվում են հեղինակներին՝ լրամշակման նպատակով: Եթե հեղինակը համաձայն է լինում այդ դիտարկումներին, իրականացնում է համապատասխան լրամշակում, եւ դրանից հետո նորից ուղարկվում է փորձագետների խմբին՝ եւս մեկ անգամ դիտարկելու, եւ եթե բավարար են լինում այդ կատարված փոփոխությունները, արդեն եւս մեկ անգամ փորձաքննվում է դասագիրքը եւ ըստ բաժինների գնահատվում: Ընթացակարգն այսպիսին է՝ բոլոր դասագրքերի պահով»:

Ի՞նչ տեսակ խնդիրներ են մատնանշել փորձագետները Հայոց պատմության դասագրքի հետ կապված` քարտեզներ, տեղանուններ, տեխնիկական վրիպակներ։ «Չեմ ուզում բովանդակության մեջ խորանալ, որովհետեւ դա պրոֆեսիոնալ չի լինի, մի կողմում հեղինակն է, հեղինակային խումբը, մյուս կողմում` փորձագետները, բովանդակային մասով իրենք իրար հետ են աշխատում, եւ նախարարությունն ազդեցություն չունի այս պրոցեսների վրա, որովհետեւ մենք այս գործը վստահում ենք մասնագետներին: Եթե զգանք, որ հանրայնացնելու անհրաժեշտություն կա, կհանրայնացնենք, բայց քանի դեռ վերջնական պատկեր չունենք, չեմ կարող ոչինչ ասել: Երբ փորձաքննության փուլը վերջնականապես կամփոփվի, եւ մենք կունենանք դասագրքի երաշխավորման կամ չերաշխավորման հրամանը, նոր, ըստ այդմ, կհասկանանք, թե հետագա ինչ քննարկումների անհրաժեշտություն կա»:      

Մտավախություն չկա՞, որ 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը նույն ճակատագրին կարժանանա, ինչ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը՝ անցած տարի։ «Անցած տարվա համեմատ այս տարի փորձաքննության գործընթացին մենք կարողացել ենք ավելի երկար ժամանակ հատկացնել, եւ եթե լրամշակումներից ու դիտարկումներից հետո այնպես ստացվի, որ փորձագիտական խումբը գտնի, որ դեռեւս դասագիրքը պատրաստ չէ գործածության, այստեղ հնարավոր է նաեւ այնպիսի սցենար, որ չերաշխավորվի որեւէ դասագիրք։ Այսինքն՝ ես հիմա չեմ կարող ասել, թե վերջնական որոշումն ինչ կլինի, որովհետեւ դասագիրքը երաշխավորվում է՝ հիմնվելով փորձագիտական եզրակացության վրա, ու դա՝ բոլոր դասագրքերի դեպքում: Օրինակ, մենք ունենք 7-րդ դասարանի «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» դասագիրքը, որի հետ կապված՝ փորձագետներն էլի շատ մտավախություններ ունեն։ Այսինքն՝ կարող են լինել դասագրքեր, որոնք այս պահին չերաշխավորվեն: Հետո՝ ներկայացվել են բազմաթիվ դասագրքեր, որոնցից ոչ բոլորն են անհրաժեշտ շեմերը` հատկապես գիտականության եւ չափորոշչային համապատասխանության տեսանկյունից, հաղթահարել: Իսկ այդ դեպքում նորից նոր մրցույթ ենք հայտարարելու»:

Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած անցած տարվա 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը մի քանի լրամշակումների փուլից հետո, այս տարի նոր տպագրությա՞մբ է մտնելու դպրոցներ, թե՞ աշակերտներն ու ուսուցիչները բավարարվելու են թղթային ներդիրներով եւ դասագրքի էլեկտրոնային շտկումներով։ «Դասագրքի նոր տպագրություն չի արվել: Այն շտկումները, որոնք առաջարկվել էին, էլեկտրոնային դասագրքում արվել են, ու դա կարող են օգտագործել, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ այս պահին ոչ միայն 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, այլեւ բոլոր դասագրքերը մեկ տարի է, ինչ գործածության մեջ են, եւ ուսուցիչներն աշխատելու ընթացքում են, որ ինչ-որ հարցեր բարձրացնում են, առաջարկներ են ներկայացնում՝ դասագրքերի փոփոխության հետ կապված: Նաեւ մի քանի անգամ հանդիպումներ են եղել դասագրքերի հեղինակների հետ, ու մենք իրենց առաջարկել ենք ակտիվորեն աշխատել դպրոցների, ուսուցչական համայնքների հետ եւ ստանալ այն դիտարկումները, առաջարկությունները, որ կարողանան դասագրքերը խմբագրել, լրամշակել, ինչ-որ բաներ փոփոխել։ Այսինքն՝ սա դինամիկ գործընթաց է, եւ կարծում եմ` ժամանակի ընթացքում բոլոր դասագրքերն էլ փոփոխությունների, լրամշակումների ենթարկվելու են, բայց ոչ ամեն տարվա կտրվածքով, մի որոշակի ժամանակահատված այդ առաջարկությունները կհավաքվեն, եւ երբ գնանք դասագրքերի վերահրատարակման, այդ ժամանակ արդեն կունենանք փոփոխությունները»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image