Քաղաքականություն

Թե ինչու «Հայաստան» դաշինքը որոշեց օրը տեղափոխել

Թե ինչու «Հայաստան» դաշինքը որոշեց օրը տեղափոխել

Տեղեկացրել էինք, որ ԱԺԲ-ի և «Հայաստան» դաշինքի միջև հնարավոր բախումների պատճառով  պայթյունավտանգ վիճակ էր ստեղծվել, քանի որ Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում երկուսի հայտերն էլ բավարարել էր։ Թե՛ ԱԺԲ-ն, թե՛ «Հայաստան» դաշինքը, ամեն ինչի համար մեղադրելով իշխանությանը, իրենցն էին պնդել, որ առաջնության իրավունքը իրենց պետք է տրվի։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի ասել էր, որ չեն չեղարկելու հանրահավաքը և ընդգծել, որ իրենք մոտ 20 օր առաջ են հայտը ներկայացրել։ Վարուժան Ավետիսյանն էլ  ստեղծված իրավիճակի հետ կապված  2-րդ նախագահի համակիրներն էլ անուղղակի դիմել էր՝ ասելով․ «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դիմացը ողջամիտ մարդիկ են, թեկուզ անհայրենիք են, բայց իրենց կլանային և անձնական շահերը գիտակցում են և պատկերացնում են՝ ինչն ինչոց է, և չեն խցկվի այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ»։

Այնուամենայնիվ դաշինքը վերանայեց իր այդ մոտեցումը և հավաքը տեղափոխեց նոյեմբերի 8-ին։

«Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը հարցին, թե ինչու որոշեցին տեղափոխել ասաց․ «Ինչպես հայտնի է՝ նույն օրը քաղաքապետարանը բավարարել է ե՛ւ մեր, ե՛ւ «Սասնա ծռերի»՝ Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտերը։ Այդ հարցով անգամ հանդիպում է եղել քաղաքապետարանում, բայց «Սասնա ծռերի» ներկայացուցիչը չի ներկայացել։ Եվ չնայած նրան, որ մենք հայտը վաղուց էինք ներկայացրել նոյեմբերի 9-ի համար, բայց մյուս կողմից մեզ համար այլեւս ակնհայտ էր դառնում, որ իշխանության ջանքերով, «Սասնա ծռերի» ձեռամբ փորձ է արվելու բախում հրահրել այդ օրը, իսկ նոյեմբերի 9-ը ամենեւին այդպես չպետք է հիշվի. նոյեմբերի 9-ը հիշատակի օր է: Ուստի դաշինքում որոշում կայացվեց հանրահավաքն անել նոյեմբերի 8-ին։

Իսկ երբ մեջբերեցինք Արամ Վարդևանյանին, որ, միևնույն է, չեն չեղարկի, Ագնեսա Խամոյանն ասաց՝ Ձեր հարցին արդեն պատասխանեցի։

Նույն հարցն ուղղեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ով ասաց․

«Երաշխքի չկար, որ իրենք մի 100 հոգով չէին գա սկսեին, քաշքշել և խանգարել հանրահավաքը, որոշեցինք մեկ օր շուտ անել։ Մենք ավելի ուշ հասկացանք, թե ինչի պիտի նույն օրը լիներ, որ իշխանությունը կարող էր նայել և տեսնել, որ վայ էսօրը տվել ենք արդեն։ Կարողա բաներ լինեին, չնայած ոստիկանությունը ասել էին՝ մենք կփորձենք, թող իրենք գնան Մատենադարան և այլն,  բայց մենք ասացինք՝ ոչ »։

Հիշեցնենք, որ դաշինքն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում էր․ «Պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ սկսվելու է հանրահավաքային պայքար՝ շարունակական ռեժիմով, թե ՞ բավարարվելու են Նոյեմբերի 9-ին նվիրված հիշատակի հանրահավաքով։ Գեղամ Նազարյանն այս պահին կոնկրետ հանրահավաքային շարունակականության մասին չի կարող ասել, սակայն հիշեցնում է, որ   հանրահավաքի կարգախոսն է՝ «Սկիզբ դնենք դիմադրության շարժմանը»։ Ընդգծեց, որ լինելու է  նոր իրավիճակ, նոր պայքար։

ԱԺԲ-ից էլ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ Նոյեմբերի 9-ով ո՛չ իրենց պայքարն է ավարտվում, ո՛չ իրենց իրազեկման միջոցառումները։ Տարբեր ֆորմատներով․ խմբերով, մեքենաներով, միասին։
«Եվ, առհասարակ, մեր գործունեությունը միայն ամսի 9-ի թեմայով չէ։ Մենք վերսկսել էինք մեր պայքարը ոչ ամսի 9-ի հանգամանքը նկատի ունենալով։ Բայց քանի որ դա եղավ, հրատապ հարց է, պետք է
անդրադառնանք։ Հիմա, եթե արտաքին ճնշման կամ մեր ժողովրդի պայքարի շնորհիվ իրենք հետ կանգնեն կամ ժամանակավորապես հետ կանգնեն իրենց մտադրությունից, կարձանագրենք էդ ընթացիկ փոքր հաղթանակը և կշարունակենք մեր պայքարը, որի իմաստն է՝ հեռացնել ռեժիմին և ստեղծել ազգային ժամանակավոր կառավարություն»։

Հարցին, թե ոնց է գնահատում դաշինքի՝ հանրահավաքը տեղափոխելու քայլը, ասաց, «Ոչ մի կերպ չեմ գնահատում, իրենք տեսել են, որ չի լինի ուրիշ կերպ, մենք ենք անում, փոխել են»։ Իսկ տեղեկանալով, որ հանրահավաքի տեղափոխման պատճառը հնարավոր բախումներից խուսափելն է, Ավետիսյանն ասաց՝ ավելի լավ, որ այդքան ողջամտություն ունեցել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image