Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը համոզեն ԱՄՆ-ին եւ բացեն «Զանգեզուրի միջանցք», Իրանը ոչինչ չի կարողանա անել

«Հրապարակ». Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը համոզեն ԱՄՆ-ին եւ բացեն «Զանգեզուրի միջանցք», Իրանը ոչինչ չի կարողանա անել

Մինչ ԱՄՆ-ն սպասողական դիրքավորվել է իսրայելաիրանական պատերազմում` հօգուտ Իսրայելի ուղիղ ներգրավվելու հարցում, աշխարհի մյուս խոշոր խաղացողները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, դատապարտել են Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար: Նախօրեին Պուտինն ու Սի Ցինպինը հեռախոսով քննարկել են մերձավորարեւելյան օրակարգը: «Հակամարտության կողմերը, մասնավորապես՝ Իսրայելը, պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ռուսական կողմի հաղորդմամբ՝  Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ղեկավարը, իսկ ՌԴ նախագահը խոսել է Մոսկվայի միջնորդական պատրաստակամության մասին։

Այս ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Կացն անգամ բաց հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդին ֆիզիկապես ոչնչացնելու նպատակի մասին: Թեհրանն ու Թել Ավիվը շարունակում են օդային դաժան պատերազմը՝ ավերելով ոչ միայն միմյանց ռազմավարական ու արդյունաբերական նշանակության օբյեկտները, այլեւ քաղաքային տարածքները: «Հաշվի առնելով իրանական պաշտոնյաների հայտարարությունները՝ լայնածավալ պատերազմի հնարավորությունը մնում է իրական, եւ թվում է, որ Իրանն արդեն կուտակում է զինամթերք՝ նման հակամարտության համար։ Սակայն չպետք է մոռանալ, որ միջազգային հանրությունը պարտավոր է կանխել այս աղետը եւ հնարավորինս շուտ դիվանագիտական ճանապարհով լուծել հակամարտությունը։ 90 միլիոն բնակչություն ունեցող Իրանի նման երկրի տարածքում պատերազմն ու քաոսը ոչ մեկի շահերին չեն համապատասխանում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է իրանցի փորձագետ, Իրան-Չինաստան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր քարտուղար, փիլիսոփայության, քաղաքագիտության եւ ռազմավարության հետազոտող Ֆարշադ Ադելը՝ շեշտելով, որ այս հակամարտության հումանիտար, անվտանգային եւ տնտեսական հետեւանքներն անպայման կանդրադառնան ողջ տարածաշրջանի, հատկապես՝ Իրանի հարեւանների վրա։ 

Ռազմական գործողությունների թեժացումը, նրա խոսքով, անխուսափելիորեն հանգեցնելու է Իրանից զանգվածային միգրացիոն ալիքների, իսկ տարածաշրջանում ոչ մի երկիր պատրաստ չէ այդքան մեծ թվով փախստականներ ընդունելուն։ Բացի այդ, ինչպես շեշտում է մեր զրուցակիցը, Միջին Արեւելքի սրտում անկայունությունը ահաբեկչական խմբավորումների տարածման համար բարենպաստ հող կդառնա։

«Այսօր բոլոր պետությունները պետք է կանգնեն իրանցի ժողովրդի կողքին եւ բարձրացնեն ցանկացած թշնամական գործողության գինը ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Այս համատեքստում Իրանի հարեւանների դիվանագիտական ջանքերը՝ այս ճգնաժամը լուծելու ուղղությամբ, առանձնահատուկ կարեւորություն ունեն»,- ասում է փորձագետը։ 

Իրանի շուրջ ռազմական էսկալացիան ուղիղ ու անմիջական վտանգ կարող է առաջացնել Հայաստանի համար: Ֆարշադ Ադելի խոսքով՝ կարող ենք ականատես լինել հնարավոր ու գուցե անսպասելի աշխարհաքաղաքական հետեւանքների, եթե Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան բացել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ինչի ռիսկն իրանցի փորձագետը տեսնում է: Գաղտնիք չէ, որ Իրանն այս հարցում կոշտ կարմիր գծեր ունի, ինչի մասին մշտապես է հայտարարել, բայց ստեղծված իրավիճակում, երբ ինքն է պատերազմի անմիջական թատերաբեմ, ինչպիսի՞ն կարող է լինել Թեհրանի մոտեցումը:

«Քանի որ այս պատերազմում ոչ մի երկիր չի աջակցել Իրանին, ես չեմ կարծում, որ Իրանն ունի հնարավորություն՝ նոր հակամարտության մեջ մտնելու։ Սա, անկասկած, կունենա անսպասելի աշխարհաքաղաքական հետեւանքներ, եւ կարծում եմ՝ առաջինը դա կզգան Կովկասն ու Ռուսաստանը։ Այս պայմաններում, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան համոզել ԱՄՆ-ին, որ Զանգեզուրի միջանցքի բացումը համապատասխանում է արեւմտյան աշխարհակարգի շահերին, դա անպայման տեղի կունենա, եւ Իրանը որեւէ պատասխանատվություն չի կրի հետեւանքների համար։ Իրանն այնքան, որքան կարող էր, դիմադրեց արեւմտյան աշխարհակարգին, սակայն չստացավ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Չինաստանի աջակցությունը։ Բնականաբար, այս զարգացումներից հետո իրավիճակը կփոխվի արեւմտյան առանցքի օգտին»,- ահազանգում է իրանցի փորձագետը։ Վերադառնալով բուն պատերազմական գործողություններին՝ նա ընդգծում է․ ականատես ենք լինում ոչ միայն Իսրայելի կողմից Իրանի ռազմական օբյեկտների թիրախավորմանը, այլեւ խաղաղ բնակիչների սպանություններին:

«Վերջին օրերին տասնյակ իրանցի խաղաղ բնակիչներ սպանվել կամ վիրավորվել են, իսկ հազարավոր մարդիկ փախել են Թեհրանից ու մնացել անօթեւան։ Իսրայելի կողմից տարածված զգուշացումները՝ որոշ տարածքներից տարհանման պահանջով, հանգեցրել են զանգվածային տեղաշարժերի, ինչը գրեթե անհնար է դարձրել Թեհրանում նախանշված գոտիներից մեծաթիվ բնակչության արագ դուրսբերումը։ Այս պայմաններում անշրջելի վնասներ են հասցվելու կանանց եւ երեխաներին, քանի որ նրանք պատրաստ չեն նման իրավիճակների։ Վերջին օրերին արդեն իսկ բազմաթիվ երեխաներ, կանայք եւ խաղաղ բնակիչներ զոհվել են հենց այս պատճառով։ Ցավոք, այս խնդիրը համաշխարհային մեդիայում համակարգված կերպով գրաքննվում է, ինչի հետեւանքով իրանցի ժողովրդի իրավունքներն անտեսվում են»,-եզրափակում է մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով արեւմտյան մեդիաների՝ երկակի ստանդարտներով լուսաբանումը, որի ականատեսն ավելի վաղ եղել ենք Գազայում, որտեղ Իսրայելն ուղղակի ցեղասպանություն իրականացրեց:
Վերջին մի քանի օրերին արդեն նկատելի է Իրանից դեպի Հայաստան մեծաքանակ ներհոսք: Նախօրեին արդեն Կարմիր խաչի հայաստանյան կառույցն առաջին վրանը տեղադրեց Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image