Նիկոլ Փաշինյանը այնպես է ներկայանում, ոնց որ սուպեր պրոֆեսիոնալ գիդ լինի՝ ամբողջ աշխարհով մեկ շրջում է ու բացատրական աշխատանք տանում իր հետամնաց երկրի քաղաքացիների հետ․ ոնց որ նրանք առաջին դասարանի աշակերտներ լինեն։ Հետաքրքիրն այն է, որ նրան չեն զարմացնում ոչ մի երկրի բանակի հզորությունը, ոչ տնտեսության աճը, ոչ էլ գիտական նվաճումները։ Վարչապետը գլուխը կորցնում է միայն այն մտքից, որ «Տոկիոյի փողոցներում աղբ չկա»։
Տեսանյութ է նկարում ու կիսվում՝ գյուտարարի պես․
– Ախր գիտե՞ք, որ Ճապոնիայում աղբ չկա, նույնիսկ աղբաման չկա։
Դա հնչում է այսպես․ «Ճապոնիայում Հայաստանի նման իշխանություն չկա»։
Մի կողմ թողնենք, որ «տեսած չէ», բայց ո՞նց կարող ենք անտեսել, որ երկրի ղեկավար լինելով՝ «լսած, կարդացած էլ չէ»։ Նորաձև կրթությունից է խոսում, բայց անտեսում է, որ ճապոնացիների «աղբ չլինելու հրաշքը» գալիս է հենց իշխանության և հասարակության համատեղ աշխատանքի արդյունքից, որը սկսվում է մանկապարտեզից։ Ասում է՝ նորաձև կրթում ենք։ Բայց զարմանալին այն է, որ հենց Ճապոնիայում «աղբ չլինելը» գալիս է կրթությունից․ դպրոցում երեխաներին սովորեցնում են իրենց հետևից մաքրել, դասի վերջում աշակերտներն իրենք են դասարանը լվանում։ Ու եթե նա իրապես նորաձև կրթության մասին մտածեր, գոնե պիտի իմանար, որ ճապոնացի երեխան նախ գրիչը բռնել է սովորում, հետո աղբը հավաքել։
Ճապոնիայից Ավինյանի վրա քար գլորելու փոխարեն կմտածեր, որ կրթության իր համակարգը ամբողջովին խարխուլ վիճակում է։ Ամենակարևորը՝ և՛ Ավինյանի, և՛ կրթության, և՛ երկրի համար պատասխանատուն ինքն է։ Պատասխանատու լինելու համար պիտի թողնի գիդի պաշտոնը և զբաղվի իր բուն գործով։ Գիդերը շատ են, նրանք մեզ կհաղորդեն այլ երկրների փորձը։ Ինքը այդ պաշտոնին նշանակված է, որ կյանքի կոչի այլ երկրներ առաջընթացը, ոչ թե «չտեսած մարդու» զարմանք արտահայտի։