Այլ

Ինքը օտար է, իսկ օտարից չեն նեղանում․․․

Ինքը օտար է, իսկ օտարից չեն նեղանում․․․

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը  հարձակվեց Հայաստանի վրա։ Հարձակումն ուղղված էր վեց հիմնական ուղղություններով՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի և Գեղամասար՝ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ՝ Վայոց Ձորի մարզում, և Մեծ Իշխանասար, Կապան ու Գորիս՝ Սյունիքի մարզում։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ օկուպացված տարածքի մակերեսն ընդլայնվեց՝ հասնելով մոտ 220 քառակուսի կիլոմետրի։ Հայաստանը հաղորդել է 224 զոհվածների, ավելի քան 20 գերիների և 293 վիրավորների մասին։ Մինչ օրս զոհվածների ամբողջական ցանկը ներկայացված չէ։ Հիշատակի օր․ այլ որակում  չտամ։ Գիտեք, որ ողբերգության  օրերին  երկրի առաջին դեմքի  յուրաքանչյուր բառը, գրառումը կամ լռությունը ձևավորում են հանրային արժեքային դաշտ։  Ինչո՞վ էր զբաղված  2025 թվականի սեպտեմբերի 13-ին  ՀՀ վարչապետ կոչեցյալը։ Ճիշտ գուշակեցիք՝ հեծանիվ էր քշում։ Գրառում էր անում, այն էլ ոչ թե մեկը, այլ մի քանիսը՝ «Սևանի թերակղզուց մինչև Շողակաթ» սիրողական մրցաշարի մասին։

Հասկացանք, հեծանիվը լավ բան է․ առողջություն է, սպորտ է։ Բայց հարց․ գոնե այդ օրը հայրենիքի համար կյանքը տված զինվորի սրբադասու՞մը, հիշատակու՞մն է   էր կարևոր, թե՞ հեծանիվը։ Արդյո՞ք սա իշխանության գիտակցված մարտավարություն չէ՝ մարդկանց արժեզրկման, ողբերգության նսեմացման միջոցով հասարակությանը կոտրելու։ Դա իրական մտահոգություն է․ եթե զոհերը ներկայացվում են «հանուն ոչնչի», ապա դա ոչ միայն ցավոտ է հարազատների համար, այլև հարված պետության արժանապատվությանը։  Փաստորեն, մենք զոհեր ենք տալիս, իսկ զոհերի հիշատակի օրը  նա մրցույթների մեջ է։ Ժողովրդի դժբախտության օրը նա չի կիսում նրա ցավը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա․ իսկ եթե իմ որդին, եղբայրը, հայրը զոհված լիներ ու վարչապետը նման նսեմացնող, արհամարհող, ցավացնող, արժեզրկող  քայլ աներ,  ի՞նչ զգացում կառաջանար իր մոտ։ Ցասու՞մ, վիրավորա՞նք, ատելությու՞ն․․․ Շղթան ձգվում է։ Սա պատահականություն չէ։ Հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունների օրերին Փաշինյանը միշտ զբաղված է այլ բանով։ Երբ զոհվում է զինվոր, նա բացում է փառատոն։ Երբ սահմանին կրակոց է, նա լուսաբանում է սպորտային մրցում։ Երբ հարձակվում են քաղաքների վրա, նա շրջում է Սևանի ափին։ Արդյունքում զոհը դառնում է անտեսված, իսկ իշխանությունը՝ անհոգ զբոսաշրջիկ։ Փաշինյանի վարքագիծը ցույց է տալիս ոչ թե պատահական անտարբերություն, այլ համակարգային վերաբերմունք․ ժողովրդի կորուստները նրա օրակարգում տեղ չունեն։ Դա նշանակում է մեկ բան՝ նա չի կիսում մեր ցավը։ Իսկ ով չի կիսում ժողովրդի ցավը, չի ապրում իր ժողովրդի հոգսով,  չի կարող լինել նրա առաջնորդը։ Ո՞ր զոհի ծնողն է Հիշատակի օրը ուրախանում․․․ Առաջնորդը ժողովրդի համար ծնող է։ Եթե նա իր երեխեքի, զինվորների Հիշատակը չի հարգում, հետևությունը ձեզ եմ թողնում։ 

Սա  նման է ռեալ ծրագրի։ Կարծես ասի․ «Ժողովուրդ, ես իմ օրակարգից չեմ շեղվելու»։ Իսկ օրակարգը պարզ է․ ցավը մղել երկրորդ պլան, իրականությունը թաքցնել փառատոնի, մրցաշարի կամ ֆեյսբուքյան լուսանկարի տակ։ Այդ օրինաչափությունը վտանգավոր է։ Եթե ղեկավարը ժողովրդի ցավը չի կիսում, ապա սկսում է դիտել այն ոչ թե որպես համազգային ողբերգություն, այլ որպես մանր դետալ իր «քաղաքական օրագրում»։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ եթե ինքը լռի, ապա մեր զոհերը  կդառնան մեկ ուրիշ «փառատոնի» կամ «մրցաշարի» թեմա։ Իսկ եթե պահանջենք, ապա զոհը կդառնա սուրբ արժեք, ոչ թե հեծանիվի կիլոմետրերի հաշվարկ։ Ժողովրդի ընկալման մեջ ինքը օտար է․․․ Ժողովրդի ընկալման մեջ Փաշինյանն  օտար է, (ամենամեղմ որակումն եմ տալիս), իսկ օտար մարդուց չեն նեղանում․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image