Քաղաքականություն

Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան կադրային ցեղասպանությունն արյունալի է դառնալու

Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան կադրային ցեղասպանությունն արյունալի է դառնալու

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը հենվում է 2 սկզբունքի վրա. նա կադրեր է ընտրում իր ճանաչած մարդկանցից, նրանցից, ում վստահում է: Թե ովքեր են շրջապատում Փաշինյանին եւ ում է նա վստահում, շատ լավ երեւում է իր նշանակած կադրերի որակից, եւ դրանց աշխատանքի արդյունավետությունից: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Փաշինյանը աշխատանքից ազատեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանին, ով նշանակվել էր ընդամենը 4 ամիս առաջ` մայիսին: Մինչ այդ Կոմիտեն գրեթե մեկուկես տարի նախագահ չուներ: Կարեն Սեդրակյանը, ասում էին` նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Փաշինյանը երեւի որոշել էր Ջհանգիրյանին լավություն անել` փեսային պաշտոնի նշանակելով, բայց նա չարդարացրեց իր վստահությունը: Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանը հիմա էլ այդ պաշտոնին ուզում է նշանակել իր թերթի նախկին աշխատակից Արամազդ Ղալամքարյանին: Մենք հարց չենք տա, թե ինչ կապ ունի նախկին լրագրողը ջրային տնտեսության հետ, կամ ինչպես է ղեկավարելու նման բարդ եւ պատասխանատու ոլորտ, որովհետեւ եթե մի նախկին լրագրող, չունենալով ոչ մարդկային, ոչ մասնագիտական որակներ, կարող է բռնազավթել երկրի վարչապետի պաշտոնը եւ կործանել մի ամբողջ երկիր, մնացած բոլոր նշանակումները դրա համեմատ զրո են: Չի կարող երկիրը կործանվել, իսկ ջրային տնտեսությունը` զարգանալ: 

Փաշինյանը չբավարարվեց միայն Ջրային կոմիտեի նախագահին հեռացնելով, նրա հետ միաժամանակ ազատեց նաեւ տեղակալին` Զավեն Փեփոյանին, Ջրառ ընկերության տնօրեն Արտաշես Աբգարյանին, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վարդան Կոստանյանին: Մենք իհարկե շնորհավորում ենք սույն անձանց Փաշինյանի լծից ազատագրվելու կապակցությամբ, ցավալին այն է, որ դա նրանք արել են ոչ թե ինքնակամ, այլ ստիպողաբար: 

Փաշինյանական իշխանությունը սույն ազատումների հետ կապված թատերական բեմականացում կազմակերպեց ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ով վերադասին քծնելու հարցում բացառիկ պրոֆեսիոնալիզմ է դրսեւորում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց` արդյո՞ք այդ ազատումները կապ ունեն ոռոգման նպատակով Սեւանա լճից հավելյալ 30 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու նախագծի հետ, վերջինս էլ դասը անգիր արած, բայց դասի իմաստը չհասկացած գերազանցիկի պես հայտարարեց. «Ազատումները կախված են նախարարության եւ Ջրային կոմիտեի աշխատանքային տարբեր գործընթացների հետ»: Բաթոյանն էլ, թե բա` այո թերացողները պետք է պատժվեն, իբրեւ թե իշխանությունն այնքան լավ է աշխատում, որ եթե հանկարծ մեկը ինչ որ հարցում թերանում է, միանգամից տեղում Փաշինյանն ու իր նախարարը բռնում` պատժում են, որ թերացողներին դաս լինի, իսկ նոր նշանակվածներից ոչ մեկի մտքով անգամ չանցնի թերանալ: Նման գարշելի տեսարանների ականատեսը լինելուց հետո, մտածում ես` արդյոք կարո՞ղ է մարդը ծնվի, մեծանա, միայն մի բանի համար, որ քծնի վերադասին, ու դրանից հաճույք ստանա:

Ըստ պլանի, տարեկան Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվում է 170 միլիոն խորանարդ մետր ջուր, եթե տարին անձեւառատ է լինում, այդ քանակը բավարարում է Աշտարակի եւ Էջմիածնի գյուղերի ոռոգման կարիքները հոգալու համար, չորային է լինում` չի բավարարում, ստիպված նոր քանակ են վերնում, տարի է եղել` 70 միլիոն, մինչեւ 100 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր են վերցրել: Բայց ոչ մեկը դրա համար չի պատժվել: Կարող են ասել, որ ջրային տնտեսության պատասխանատուները արդյունավետ չեն օգտագործել ջրային ռեսուրսը, կարող են ասել, որ իրականում պատճառը եղել է երաշտը եւ ջրի սակավությունը, բայց նման պնդում անելու համար առնվազն պետք է մասնագետ լինել, իսկ նախկին լրագրող Փաշինյանը եւ նախկին վարկային մասնագետ Խուդաթյանը հաստատ նման մասնագիտական ընդունակություններ չունեն: Նրանց մոտիվացիան բոլորովին այլ է:

Այս տարի նախատեսել էին Սեւանից 170 միլիոնի փոխարեն վերցնել 130 միլիոն խորանարդ մետր ջուր, դե որ Փաշինյանը նախընտրական տարվա համար կարողանար ասել, թե տեսեք` ես ինչ արդյունավետ եմ կառավարում մեր երկրի ջրային ռեսուրսը, իմ շնորհիվ Սեւանից վերցվող ջրի քանակը էականորեն նվազել է, Սեւանի մակարդակը բարձրանում է, բայց այդ 4 պաշտոնյաները տապալել են Փաշինյանի նախընտրական տրամադրությունը` հերիք չի, որ 130-ի փոխարեն 170 միլիոնն արդեն վերցրել են, լրացուցիչ 30 միլիոն էլ են վերցնում, որի համար խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները որոշում կայացրեցին: Իհարկե, կարող էին չվերցնել, բայց եթե չվերցնեին, գյուղացիներին աշնանը պետք է ջուր չտային, գյուղացին էլ պետք է ասեր` չհասկացանք, նախկինների օրոք իմ դաշտը ոռոգում էի, Փաշինյանը ջուրս կտրեց: Տարին նախընտրական չլիներ, ինչ ուզում է` ասեին, կարելի էր ոստիկանության միջոցով գյուղացիներին լռեցնել. մի քանիսին կծեծեին, մի քանիսին կնստեցնեին հակասահմանադրական կոչեր անելու համար, հարցը կփակվեր: Բայց տարին նախընտրական է: 

Ի՞նչ ենք ուզում ասել. այս նախընտրական փուլում պետք է շատ զգույշ լինել` Փաշինյանն առանց այն էլ նյարդերից թույլ հիստերիկ է, հիմա իրավիճակը էլ ավելի լարված է եւ նա դարձել է չափազանց դյուրագրգիռ` ցանկացած թերացում նա դիտում է որպես իր անձի եւ իր իշխանության դեմ ուղղված ոտնձգություն, որին պատասխանում է կադրային ցեղասպանություն իրականացնելով: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ ցեղասպանությունը կարող է ավելի արյունալի ձեւեր ընդունել, ի վերջո, նա չի ամաչում` երբ իրեն թուրք են ասում, թուրք չէ` թող Թայլաթ կամ Էնվեր ասեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image