Մշակույթ

«Հրապարակ». Նիկոլին ձեռք է տալիս թե՛ կաթողիկոսին գահընկեց անելը, թե՛ ժողովրդի մեջ կռիվ-ղալմաղալ գցելը

«Հրապարակ». Նիկոլին ձեռք է տալիս թե՛ կաթողիկոսին գահընկեց անելը, թե՛ ժողովրդի մեջ կռիվ-ղալմաղալ գցելը

Բագրատ եւ Միքայել սրբազանների ձերբակալություններից, Վեհարանը շրջափակելու կոչերից եւ կաթողիկոսական նոր ընտրություններ պահանջելուց հետո՝ նախօրեին, երկրի վարչապետն արդեն հայտարարեց, որ ինքն է առաջնորդելու այդ ազատագրական պայքարը։ «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- մասնավորապես նշել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն ասում է՝ իր համար, որպես հասարակ քաղաքացու, ակնհայտ է մի բան, որ օր-օրի սրվող այս հակամարտությունը շատ վատ տեղ է տանելու մեզ․ «Սա մեր ազգին շատ վատ տեղ է տանելու, ափսոս է Հայաստանը, որ այսպես ոտքի տակ պետք է կորչի, թե ինչ կանեն, ժողովուրդն ում հետեւից կգնա՝ սրանք հարցեր են, որոնց այսօր դժվար է պատասխանելը, որովհետեւ երբեմն երբ իջնում եմ քաղաք ու տեսնում եմ մարդկանց տրամադրությունները, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ոչինչ էլ չի կատարվում մեր երկրում, մարդիկ հանգիստ, իրենց շների կապից բռնած՝ գնում են այստեղ-այնտեղ, կարծես ոչ մի բան էլ չկա»։  
Այդուհանդերձ, հունիսի 27-ին մի քանի ժամ շարունակ հնչում էին Մայր Աթոռի եւ մի շարք եկեղեցիների զանգերը, մարդկանց դա թմբիրից դուրս չհանե՞ց։ «Հավատացյալները թմբիրի մեջ չեն մնացել եւ չեն էլ մնալու, բայց դրանք հավատացյալ մարդիկ են եւ գիտեն ինչումն է բանը, ու թե հայ ազգի համար ինչ նշանակություն են ունեցել Եկեղեցին, դպրոցն ու լեզուն, այդ երեքն իրար հետ մինչեւ այսօր ազգ են պահել։ Հիմա թե սրանից հետո ինչ ու ոնց կլինի, դժվարանում եմ ասել, որովհետեւ դիմացը մշուշոտ է»,- նկատում է զրուցակիցս։

Ինչպե՞ս է ընկալել վարչապետի այն խոսքերը, ըստ որի՝ ինքն է առաջնորդելու այդ ազատագրումը։ «Ես էլ չեմ հասկանում, թե ինչպես է առաջնորդելու, գուցե նա առաջվա նման սուրը վերցնելու է՝ առաջ ընկնի, ու իր հետեւից գնա՞ն մարդիկ։ Կամ՝ գուցե իր տանը նստելու է, կարգադրություննե՞ր անի, գուցե ի՞նքն է առաջինը գնալու մտնի Վեհարան՝ չգիտեմ, չեմ կարող ասել, ես այդ մարդուց ոչ մի լավ բան չեմ սպասում ու չգիտեմ, թե իր մտքում ինչ կա, ինչ մտադրություններ ունի, բայց մի բան հաստատ գիտեմ՝ ափսոս է մեր հայ ազգը, ժողովուրդը, այսպես որ գնաց, սա լավ տեղ չի տանելու մեզ։ Դրա մասին հարկավոր է լուրջ մտածել, եւ ինձ համար շատ տարօրինակ է այս ամենը, որպես հայ մարդու ու արվեստագետի»։

Ք․ Հարությունյանն ասում է՝ Փաշինյանը վաղուց է մարդկանց բաժանել սեւի ու սպիտակի, եւ նոր չէ, որ դա անում է, պարզապես հիմա փորձում է նաեւ Եկեղեցուն բաժանել։ «Եթե այդպիսի բան լինի, դա նշանակում է մի սեւ բիծ մեր ազգի վրա»,- մտահոգություն է հայտնում արտիստն ու խոհեմության կոչ անում երկրի իշխանությանը։  

Արցախցի գրող Համլետ Մարտիրոսյանի կարծիքով, սա հայ ժողովրդին հոգեբանորեն վերջնականապես կոտրելու փուլն է, քանի որ հայոց ինքնության պահպանումը հենց Եկեղեցին է խորհրդանշում։ «Հիմա Եկեղեցու դեմ արշավն ինչքան էլ նիկոլիստներն ասեն, որ Եկեղեցու դեմ չէ, ու քողարկվելու համար իրենք մահանա են բռնում, թիրախավորում են կաթողիկոսին, իբր կաթողիկոսը երդմնազանց է եղել։ Սակայն իրենց խնդիրը կաթողիկոսը չէ, այլ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պախարակելն ու հեղինակազրկելը, հայ մարդու մեջ սպանել հավատքն առ Աստված, այսինքն՝ սա հայ ժողովրդին վերջնականապես հոգեբանորեն ջարդելու արշավ է։ Այնպես որ, կաթողիկոսին թող հանգիստ թողնեն, եթե անգամ կաթողիկոսը երդմնազանց է եղել, հիմա, այս պահին դրա ժամանակը չէ։ Կաթողիկոսի երդմնազանցությունը ներկա պահին հայ ժողովրդին մեծ չարիք չի պատճառում, բայց քանի որ Փաշազադեն հայտարարեց, որ հայոց եկեղեցին վտանգ է ներկայացնում Կովկասի տարածաշրջանում, մեկ օր անց Նիկոլն անցավ գրոհի»,-ասում է գրողն ու ընդգծում, որ սա մեսիջ էր Փաշինյանին, որից հետո նա անցավ գործի։

Ըստ Մարտիրոսյանի, հիմա Փաշինյանը վա բանկ է գնում, հատկապես՝ Թուրքիա գնալուց հետո․ «Նիկոլի առաջ կանաչ լույս է վառել Էրդողանը, ու հիմա արդեն ինքն անցել է վա բանկ։ Սա վերջին ճակատամարտն է՝ Նիկոլի եւ հայ ժողովրդի միջեւ, սրանից դենը ուրիշ կարմիր գիծ չկա։ Եթե Նիկոլը նորից արշավի կաթողիկոսարանի վրա, եւ Վեհափառին ձերբակալեն, սա մեծ խժդժության, եթե չասեմ՝ քաղաքացիական պատերազմի առիթ է հանդիսանալու։ Իսկ Նիկոլին դա էլ է ձեռք տալիս՝ թե՛ կաթողիկոսին գահընկեց անելը, թե՛ այս փուլում ժողովրդի մեջ կռիվ-ղալմաղալ գցելը, որովհետեւ, ըստ երեւույթին, Նիկոլը Թուրքիային ինչ-որ բան է խոստացել, մեծ բան, օրինակ՝ Սյունիքը, դրա համար այստեղ վա բանկ է գնում, որ այս խառնաշփոթի մեջ ինքն իր անելիքն անի, իսկ ժողովուրդը հայտնվի կայացած փաստի առաջ»։
Գրողի կարծիքով, որպեսզի իր ծրագիրը կյանքի կոչվի, Փաշինյանը սկսել է ձերբակալել այն մարդկանց, ովքեր իր համար վտանգ են ներկայացնում․ «Յուրաքանչյուրի դեմ մի մահանա բռնելով, եթե Աջապահյանին ձերբակալում էր, թող 3 տարի առաջ ձերբակալեր, երբ այդ մարդը նման հայտարարություններ էր արել, այն ժամանակ իր ասածի մեջ քրեական գործ չկար, հիմա հանկարծ եղա՞վ։ Դա ընդամենը մի մահանա էր, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր իր համար ախոյան են, վտանգ են ներկայացնում, խաղից հանում է, որպեսզի կարողանա իր ծրագիրը գլուխ բերել, եւ որեւէ մեկը չընդդիմանա, չխոչընդոտի իր նենգ ծրագիրն իրականություն դարձնելուն, դրա համար անցել է այս գործունեությանը։ Բայց Նիկոլը պետք է որ հասկանա, որ, միեւնույն է, ինչ էլ լինի, իր ապագան շատ վատ է լինելու։ Անգամ եթե ինքը կարողանա փախչել Թուրքիա, միեւնույն է՝ այնտեղ մի վրիժառու հայտնվելու է․․․, նա իր մահով չի մահանալու, եթե ոչ հայերը, ապա դա անելու են թուրքերը, ես թուրքերին շատ լավ գիտեմ։ Նրանք կօգտագործեն Նիկոլին, եւ երբ ամեն ինչ վերջացած լինի, իրենց այլեւս պետք չլինի, հենց իրենք էլ նրա վերջը տալու են»։

Հ․ Մարտիրոսյանն ասում է՝ շատ վատ օրեր ենք ապրում, ամեն օր  նյարդայնանալու առիթ կա․ «Այսօր տեսա, թե Ազգային ժողովում ինչ տուրուդմփոց էր․․․, այսպիսի ԱԺ ես երբեւէ տեսած չկամ, դարձրել են շենքի հետնաբակ, միայն այդտեղ են այսպիսի ռազբորկաներ անում, ո՛չ տարրական կուլտուրա կա, ո՛չ դիմացինի հանդեպ հարգանք, ամենավերջին հայհոյանքն են տալիս, հղի կնոջը հրում են, սրանք պատգամավո՞ր են, թե՞ բոսյակներ, դրա համար էլ այսօր Հայաստանի վիճակը սա է։ Ժամ առաջ սրանց պետք է հեռացնել, որովհետեւ Հայաստանը կործանման եզրին է, էլ չեմ ասում, որ աշխարհն այլեւս լուրջ չի ընդունում մեզ եւ ծիծաղում է մեզ վրա, իսկ դա Նիկոլին ձեռք է տալիս։ Եթե մենք արագ կերպով չկարողանանք ժողովրդին մոբիլիզացնել ընդդեմ ներսի թուրքի, իսկապես կարող ենք կորցնել մեր հանրապետությունը, ինքնությունը, անկախությունը։ Հիմա, օրինակ, Սամվել Կարապետյանին չբռնեցին նրա համար, որ ինչ-որ հայտարարություն էր արել, Նիկոլը գիտի, որ իր դեմ հզոր ուժ է կանգնած, որին լիկվիդացնել է պետք, որպեսզի խոչընդոտ չլինի իր ծրագիրն իրագործելիս։ Ու նրան մի կողմ քաշելով հանդերձ, հարց է դրել ՀԷՑ-ը պետականացնել, որը, ինչպես ինքը նշեց, հնարավոր է հետո հանձնեն մի մասնավորի, իսկ դա նշանակում է, որ մի ընթացք հետո էլեկտրացանցը կհանձնի թուրքերին՝ մրցույթի անվան տակ, հետո կլինեն ջուրը, գազը, ու այդպես՝ մաս առ մաս Հայաստանը կնվաճեն այս եղանակով, եւ մենք կվերջանանք որպես պետություն։ Այս անգամ փափուկ ձեւով են մեզ նվաճելու, ո՛չ 1915-ի պես»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image