ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սպիտակ Տանը թեժ հանդիպում ունեցան: Հանդիպումը որքան ցնցող էր, նույնքան ողբերգական: Թրամփը Զելենսկուն մեղադրեց սեփական ժողովրդին միլիոններով մահվան ուղարկելու, պատերազմը չդադարեցնելու մեջ, նաև ասաց, որ Զելենսկին այն կարգավիճակում չի, որ խոսի ԱՄՆ-ում ինչ-որ ցավալի հետևանքների մասին
Ուկրաինացի սպա, Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Վասիլչուկը «Հրապարակի» հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Թրամփ-Զելենսկի հանդիպմանը, ասաց, որ Ուկրաինայում բոլորը ուշադիր հետևել են այս հանդիպմանը: Վասիլչուկը նշեց, որ Ուկրաինայում շատերը հույս ունեն, որ ԱՄՆ իրենց գործընկերներին կկարողանան լսելի դարձնել, որ իրենք ուզում են խաղաղություն, սակայն հստակ երաշխիքներով: Ուկրաինացի սպան շեշտեց, որ իրենք ցավալի փորձառություն ունեն, թե իննսունականների, թե 2014 թվականի պատերազմի ու դրանից հետո տրված երաշխիքների չպահպանման ու 2022 պատերազմից հետո:
«Ցավոք, բոլորս տեսանք, որ մեր նախագահը չկարողացավ գտնել այն բառերը, որոնցով կարող էր լսելի դառնալ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարության համար»,-ասաց Վասիլչուկը:
Հարցին, արդյոք այս վիճաբանությունը հանդիպման ժամանակ պատահական էր, թե իրականում վարպետորեն մշակվել էր Սպիտակ Տանը, ասաց, որ դա կարող են ընդամենը ենթադրություններ լինել և այդ մասին իրականությունը , եթե հնարավոր լինի պարզել, ապա շատ տարիներ անց միայն կիմանան:
«Ուկրաինան այնտեղ շատ հստակ ու կարևոր կետ դրեց, որ այդ պայմանագրում պետք է լինեն անվտանգության երաշխիքներ, որպեսզի այն ստորագրվի: Առանց երաշխիքների պայմանագրերը ոչինչ չարժեն: Մենք արդեն տեսել ենք, որ երբ խոսում են ժողովրդավարության մասին, դեմոկրատիայի մասին, որ պետք է լինել ժողվորդավար, բանակցել, քաղաքակիրթ լինել, սակայն պարզվեց, որ բոլորը գեղեցիկ խոսքեր օգտագործելով միայն խոսում են, իսկ մենք կորցրեցինք զինամթերք՝ իննսուն միլիարդի չափով, իսկ մեզ ասում են, որ մենք փող ենք պարտք՝ այն էլ խոստացված միջկոնտինենտալ հրթիռների փոխարեն հակատանկային հրետանային միջոց տալու համար, ինչը ծիծաղելի է: Գիտեք, դա նույնն է, որ աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիաները փոխանցում եք, որոնց նմանը չկա աշխարհում ու դրա դիմաց ձեզ ասում են՝ դե հիմա քարերով պաշտպանվեք»,-ասաց Վասիլչուկը:
Ինչ վերաբերվում է հանդիպմանը, ապա ուկրաինացի սպան նկատում է, որ հանդիպումը չնայած լարված վիճակում էր, բայց կարծես թե հարթ էր ընթանում: Հետո հագուստի մասին հիշատակում եղավ, թե ինչ վիճակում է մոբիլիզացիան, հետո անհասկանալի էր Հանթերի ու ինչ-որ մահճակալների մասին, որոնք ավելի շատ էմոցիոնալ հայտարարություններ էին, և դա խոսում է այն մասին, որ դա նախապես ծրագրված չէր:
«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու կազմակերպել պրես-կոնֆերանս մեկ ժամ տևողությամբ, լավ իմանալով, որ Ձեր տեսակետները հակասում են իրար: Պայմանագիրը ստորագրելուց հետո կարող էին դուրս գալ լրագրողների մոտ, ներկայացնել, թե ինչ են ստորագրել և այլն»,-ասաց Վադիմ Վասիլչուկ:
Այնուամենայնիվ, Ուկրաինայում կարծիքները երկու մասի են բաժանվել ,մի մասը կարծում է, որ Զելենսկին իրեն ճիշտ է պահել և հենց այդպես պետք է իրեն պահեր պատերազմող երկրի նախագահը: Մյուս մասն էլ կարծում է, որ Զելենսկին կարող էր ավելի մեղմ արձագանքել , ավելի դիպլոմատ լինել ու միգուցե, եթե թարգմանիչ հրավիրված լիներ հանդիպմանը ու պատասխանները ավելի մեղմ լիներ:
«Իմ կարծիքով բանակն ամբողջությամբ աջակցում է գերագույն գլխավոր հրամանատարին, որովհետև այս երեք տարիները մենք շատ լավ հասկանում էինք, մեզ ասում էին, որ դուք շատ փոքր երկիր եք ու ձեր երկիրը գոյություն չի ունենալու, այնպես որ ձեր հարցերը ինքներդ լուծել: Ի շնորհիվ մեր բանակի, ժողովրդի միավորման շնորհիվ մենք կարողացանք դիմանալ, պահպանել մեր երկիրը ու վերադարձինք գրավված տարածքների մոտ հիսուն տոկոսը: Նրանք, ովքեր մեզ վաղուց թաղել էին, նրանք շատ սխալվել են և դրա վկայությունը մենք ենք, որ կանգնած ենք ու դեռ մնալու ենք կանգնած: Սխալվել են նաև նրանք, ովքեր մեզ ուղարկում էին հարձակման ասելով, որ բավականաչափ զենք են տվել մեզ, սակայն իրականում չէին տվել զինամթերք: ՈՒ արդեն ուղիղ խոսակցությունները, որ մենք իրենց գումար ենք պարտք, ինչ-որ պայմանագրերի մասին են խոսւոմ, բայց ոչ երկրի գոյատևման, ու չգիտակցելով, որ եթե պարտվենք, մենք պարզապես չենք գոյատևի, դա թե մեր քաղաքական գործիչներին, թե բանակին ու թե մեր ազգին հասկացնել տվեց, որ մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր գորըծընկերներին, ովքեր մեզ աջակցեցին օվալաձև կաբինետում տեղի ունեցածից հետո: Շնորհակալ եմ մեր բոլոր եվրոպական գործընկերներին, ովքեր վտանգն ավելի շատ են գիտակցում, քան թե օվկիանոսից այն կողմ գտնվող մեր ընկերը, ում երևի օվկիանոսի հեռավորությունը հանգստացնում է, ինչը առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է հիշեցնում, մինչև պատերազմը օվկիանոսից այն կողմ չանցավ: Դրա համար պետք է սառը ուղեղով մնանք ու չտրվենք էմոցիաներին և շարունակել պայքարել անկախ Ուկրաինայի համար: Ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է լինելու, սակայն մենք պայքարելու ենք: Փառք Ուկրաինային և ուզում եմ մաղթել, որ Հայաստանի մոտ ամեն ինչ ստացվի»,-եզրափակեց իր խոսքը Վասիլչուկը: