Հասարակություն

Ավինյանը՝ խցանումների մասին

Ավինյանը՝ խցանումների մասին

Երևանում՝ հատկապես կենտրոնական հատվածներում, տրանսպորտային ծանրաբեռնվածությունն ու խցանումները, ինչպես հայտնի է, վերջին օրերին զգալիորեն ավելացել են՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների հետևանքով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է, որ աշխատանքների ընթացքը բավարար տեմպով է գնում, սակայն միաժամանակ ընդունել է՝ դրանք արդեն իսկ խնդիրներ են ստեղծում քաղաքում։ Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել ներկայիս արագությունը և ավարտել շինարարությունը նախատեսված ժամկետներում։

«Որքան էլ այս աշխատանքներն անհրաժեշտ են ու միտված են անվտանգությանը, այնուամենայնիվ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում։ Խցանումները շատացել են։ Մեր վերահսկողությունն աշխատանքի որակի և ժամկետների հետ կապված պետք է շատ ինտենսիվ լինի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի դարձավ՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով այն փակվելու է հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը։ Այդ որոշումը, թեև ներկայացվում է որպես անվտանգային անհրաժեշտ քայլ, արդեն առաջացրել է լուրջ ազդեցություն քաղաքի երթևեկության վրա։

Փաստացի, մայրաքաղաքում ձևավորվել են ավելի երկար խցանումներ, հատկապես հիմնական փողոցներում, որտեղ երթևեկությունը տեղափոխվել է շրջանցիկ ուղիներ։ Բնակիչների մի մասը նշում է, որ օրական տեղաշարժը դարձել է ավելի դանդաղ և անկանխատեսելի, ինչը ավելացնում է նաև հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image