Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Ալեքսանդր Ավետիսյանի հետ։
- Կիրակի օրը կարգալույծ քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցված պատարագին Դուք էլ էիք ներկա, ի՞նչն էր Ձեզ տարել այնտեղ։
- Այդ հարցի վերաբերյալ դեռեւս մեկնաբանություն չտամ.․․ Իմ հոգու կանչով մասնակցել եմ, այսինքն՝ ես չեմ համարում, որ Տեր Արամը կարգալույծ է։
- Հոգու կանչը հենց Հովհաննավա՞նք էր Ձեզ ուղարկել, ինչո՞ւ հենց այնտեղ, այլ ոչ թե այնտեղ, որտեղ բնակվում եք` այդ տարածքի եկեղեցի չէր տարել։
- Ես բոլոր վանքերն էլ գնում-մասնակցում եմ։
- Այս անգամ գուցե Փաշինյանի կանչո՞վ եք մասնակցել։
- Դե, վարչապետը պետք է ներկա լիներ, մեր պարտքն ենք համարել իր կողքին լինել, մեր դիրքորոշումն այդկերպ հայտնել։
- Ասացիք՝ չեք կարծում, որ քահանան կարգալույծ է։ Ինչո՞ւ։
- Իմ բազում գործընկերները պարզաբանումներ են տվել այդ մասին, ես էլ եմ նույն կարծիքին, խնդրում եմ՝ որպես հիմք ընդունեք այդ պարզաբանումները։
- Այսինքն՝ Վեհափառը, որ իբր խախտել է կուսակրոնության ուխտը, չէ՞ր կարող կարգալույծ անել, բայց չէ՞ որ նա է օծել իբրեւ քահանա։
- Մեր հիմնավորումները գիտեք, կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
- Վարչական ռեսուրսի, ադմինիստրատիվ լծակների գործադրմամբ՝ մի քանի հարյուր յուրային էր, փաստորեն, պաշտպանում Փաշինյանի դիրքորոշումը, ինչպես Դուք ասացիք: Կարո՞ղ ենք ասել, որ աջակցություն նա չունի իր հակաեկեղեցական արշավում։
- Ես Ձեզ հավատացնում եմ, որ վարչական ռեսուրս չի կիրառվել, բացառում եմ, հավատացնում եմ` եթե կիրառվեր, ապա այնտեղ քսան անգամ շատ մարդ կլիներ, Դուք քանի՞ մարզպետ, քանի՞ նախարար եք տեսել։ Մի քանի պատգամավոր էին, որոնք վարչապետի խոսքը լսել են ու իրենց պարտքը համարել, գնացել՝ ներկա են եղել։
- Մի քանի նախարար ու մարզպետ, ինչպես նաեւ համայնքապետեր, ավագանու անդամներ, ուժայինների աշխատակիցներ: Իսկ մոտ 2.5 հազար բնակիչ ունեցող գյուղից՝ շարքային քաղաքացիներից հաշված մարդիկ էին ներկա այդ միջոցառմանը, որոնք էլ եթե հետաքրքրվենք` իշխանության հետ կապ ունեն։
- Ձեր կարծիքով, մեր առաջ խնդիր էր դրված այդ գյուղի առանցքային մասին բերել պատարագի՞։
- Բա ձեր առջեւ ի՞նչ խնդիր էր դրված, ասում էիք` գյուղը չի ուզում, որ Տեր Արամը հեռանա։
- Ամեն մեկն իր առջեւ իր անձնական խնդիրն էր դրել՝ գնալ մասնակցել պատարագին, եւ ցավով պետք է արձանագրեմ, որ այնքան շատ մարդ կար, որ հնարավորություն չեմ ունեցել ներս մտնել եւ դրսից եմ հետեւել։
- Ո՞նց եք պատկերացնում իշխանություն-եկեղեցի հակամարտության հանգուցալուծումը։
- Հակամարտություն, որպես այդպիսին, չեմ տեսնում, բայց հանգուցալուծումն ինչքան շուտ լինի, այնքան բոլորիս շահերից է բխում։
- Ո՞րն է, Ձեր կարծիքով, այդ հանգուցալուծումը։
- Եկեղեցու կանոնակարգին համահունչ՝ եկեղեցու ղեկավարության ներկայություն, կարծում եմ՝ ճիշտ լուծում կլինի, որ Վեհափառը գնա։
- Այսինքն՝ հոգեւոր սպասավորների ամենամեծ մեղքն այն է, որ․․․
- Ես դատավոր չեմ, որ որեւէ մեկին դատեմ, հազար ներողություն, ես այլեւս չեմ կարող պատասխանել, շտապում եմ քննարկման։