Այլ

Զելենսկին «շախ» հայտարարեց Թրամփին եւ Պուտինին

Զելենսկին «շախ» հայտարարեց Թրամփին եւ Պուտինին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը չեղարկելու, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ Ռուսաստանի նավթային 2 խոշոր ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, Վաշինգտոնն ու Մոսկվան անցան դիվանագիտական «փոխհրաձգության»: Իսկ դրա նախանշաններն արդեն երեւում էին վերջին օրերի հաղորդագրություններում. Կրեմլը մերժել էր Թրամփի՝ Ուկրաինայի դեմ պատերազմն այս պահին եղած սահմաններում կանգնեցնելու առաջարկը:

«Մենք չեղարկեցինք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Պարզապես չէի կարծում, որ այն ճիշտ է։ Մենք չէինք հասնի այն արդյունքին, որը մեզ անհրաժեշտ էր։ Այդ պատճառով չեղարկեցի։ Բայց հանդիպումը կկայանա ապագայում»,- ասել է Թրամփը եւ նշել, որ Պուտինի հետ իր զրույցները միշտ «լավ են ընթանում, բայց դրանք չեն հանգեցնում կոնկրետ արդյունքի»։ Ըստ նրա՝ «Պուտինը ցանկանում է ամեն ինչ մեկ կտորով, ոչ թե մաս-մաս», եւ ներկայում «պատրաստ չէ բանակցել»։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ «Պուտինն ավելի խելամիտ կդառնա, եւ Զելենսկին, հուսով եմ՝ նույնպես», քանի որ «բանակցելու համար երկուսն են պետք»։ Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել էին հանդիպել Բուդապեշտում, դրանից մեկ օր անց Սպիտակ տանը հյուրընկալեցին Զելենսկուն. ԶԼՄ-ները նշեցին, որ «զրույցն այնքան էլ ջերմ չի եղել», թեպետ դիվանագիտական «լեզուն» ավելի կարճ է, քան ԶԼՄ-ներինը: Ինչ վերաբերում է «Ռոսնեֆտ»-ի եւ «Լուկօյլ»-ի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցներին, Թրամփը հույս է հայտնել, որ դրանք երկարաժամկետ չեն լինի։

«Սրանք շատ լուրջ պատժամիջոցներ են... Մենք հույս ունենք, որ դրանք երկարաժամկետ չեն լինի։ Ես պարզապես զգացի, որ ժամանակն է։ Մենք չափազանց երկար սպասեցինք։ Մենք հույս ունենք, որ պատերազմը կլուծվի»,- ասել է նա լրագրողներին Օվալաձեւ աշխատասենյակում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։ Իսկ «Ռոսնեֆտ»-ի եւ «Լուկօյլ»-ի դեմ դրանք, փաստորեն, Թրամփի օրոք ՌԴ-ի դեմ առաջին նոր պատժամիջոցներն են: ԱՄՆ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ «աջակցելու նախագահ Թրամփի ջանքերին՝ վերջ դնելու» հակամարտությանը։ ԱՄՆ ֆիննախը կոչ է արել «դաշնակիցներին՝ միանալ» եւ «հետեւել այս պատժամիջոցներին»։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» եւ «Լուկօյլ» նավթային ընկերությունների նկատմամբ, քանի որ Ռուսաստանի նախագահն «ազնիվ եւ անկեղծ» չէր Ուկրաինայի շուրջ բանակցություններում:

«Նախագահ Պուտինը Ալյասկայի բանակցություններին այնքան անկեղծ եւ բացահայտ չմոտեցավ, որքան մենք հույս ունեինք»,- ասել է նա Fox Business-ին։ Ըստ Բեսենթի, ԱՄՆ նախագահը լքել է հանդիպումները, երբ պարզ է դարձել, որ բանակցությունները կանգ են առել։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զգալի խստացման մասին, որոնք մեր կողմից երբեւէ կիրառված ամենաընդգրկուն սահմանափակումներից են»,- ընդգծել է նախարարը։

Պատժամիջոցներն ազդում են ռուսական նավթարդյունաբերության հիմնական ընկերությունների վրա եւ կարող են զգալի ազդեցություն ունենալ Ռուսաստանի նավթի արտահանման եւ ֆինանսական հոսքերի վրա։ Վաշինգտոնից ետ չմնաց նաեւ Բրյուսելը. ԵՄ-ն հոկտեմբերի 23-ին ազդարարեց Ռուսաստանի դեմ նոր՝ 19-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին, որը, ըստ էության, գալիս է լրացնելու ամերիկյան կողմի՝ Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշումն ու պատժամիջոցային քաղաքականությունը: Reuters-ի տվյալներով՝ պատժամիջոցների այս փաթեթը ներառում է ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելք։ Այս արգելքը կգործի փուլ առ փուլ. 6 ամիս անց այն կվերաբերի կարճաժամկետ պայմանագրերին, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից՝ երկարաժամկետ պայմանագրերին։ Անդրադառնալով որոշմանը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է. «Նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական բանկերին, կրիպտո բորսաներին եւ այլն»։ Նա հայտնել է նաեւ ԵՄ երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումների մասին՝ «անկայունացման փորձերին հակազդելու» համար. «Պուտինի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ֆինանսավորել այս պատերազմը»: «Այսօր լավ օր է Եվրոպայի եւ Ուկրաինայի համար»,- Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ հրապարակված հայտարարության մասին ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը եւ հավելել, որ նոր պատժամիջոցները «Ռուսաստանի նավթի, գազի, ստվերային նավատորմի եւ ֆինանսական հատվածի դեմ նոր եւ համապարփակ միջոցներ են ներդնում»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի որոշումներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդել է, որ դրանք «չեն աշխատի, իսկ եթե գործեն էլ, ապա ԵՄ-ի դեպքում հենց նրա դեմ են աշխատելու, քանի որ Բրյուսելի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու ներուժը սպառված է»: Մոսկվայի արձագանքը, ինչպես սպասվում էր, դրանով չսահմանափակվեց, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը եւ երկու երկրների նախագահների միջեւ Բուդապեշտում կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են. «ԱՄՆ-ն մեր հակառակորդն է, եւ նրանց «խաղաղարարն» այժմ պատերազմի ուղի է ընտրել Ռուսաստանի հետ։ Այժմ սա նրա՛նց հակամարտությունն է»: Նրա կարծիքով, ԱՄՆ որոշումները եւ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանին հնարավորություն են տալիս գործել առանց սահմանափակումների։ Ստացվում է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը մշտապես ու սեւեռուն կերպով ԱՄՆ-ից ու եվրատլանտյան գործընկերներից ակնկալում է առավել նոր, մեծ ու ազդեցիկ ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմի շուրջ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար, առավել հնարամիտ գտնվեց: Նա մի կողմից հաջողեց առաջ քաշել սեփական երկրի շահերը, մյուս կողմից՝ ցուցադրել, որ իր դիվանագիտությունն ու ջանքերն առավել արդյունավետ են, քան՝ առնվազն Թրամփինը, որը բարձրագոչ հայտարարություններ էր անում՝ Ուկրաինայում պատերազմը «24 ժամում» ավարտելու մասին:

Հիշեցնեմ․ օրերս էլ նա եւ ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ, ԵՄ պաշտոնյաներ հանդես եկան համանման կոչով, համոզմունք հայտնելով, որ միայն հակառուսական պատժամիջոցները կարող են Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, սպառված չհամարելով Պուտինի հետ առաջիկա հանդիպման հնարավորությունն ու այդ պատերազմը դադարեցնելու իր ձգտումը՝ Թրամփը խոստովանել է, որ առաջիկայում մտադիր է հանդիպել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին՝ ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար. «Նա շատ մեծ երկրի շատ մեծ առաջնորդ է, կարող է ազդել Պուտինի վրա: Նրան հարգում են, նա կարող է ազդել բոլորի վրա»: Ստացվում է՝ Թրամփի վերջին հույսը Սի Ծինփի՞նն է: Վերջինիս ազդեցիկ որոշմանը սպասում են նաեւ Կիեւում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image