Այլ

«Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան

«Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. .

«Հարգելի հայրենակիցներ
Վերջին օրերին համացանցում և հանրային տարբեր հարթակներում որոշ անձանց կողմից շրջանառվում են «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ միակողմանի, չճշտված և քաղաքական շահարկումների հիմք դարձած հրապարակումներ։

Հանրությանը մոտ ստեղծված տարակուսանքն ու կասկածը փարատելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման և դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ և տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։
Անընդունելի է, երբ առանձին անձինք, առանց փաստերին տիրապետելու և որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, սոցհարթակներում փորձում են հանրային զգայուն թեմաները վերածել քաղաքական հաշվեհարդարի, վարկաբեկման և կեղծ օրակարգերի ձևավորման։

Որևէ բարձրաձայն հայտարարություն, ենթադրություն կամ սոցիալական ցանցերում տարածված գրառում դեռևս փաստ չէ։ Հանրությանը մոլորեցնելու, կեղծ տեղեկատվություն տարածելու և մարդկանց հեղինակությունը թիրախավորելու փորձերը չեն կարող փոխարինել փաստերի վրա հիմնված, իրավական և մասնագիտական գնահատականին։

Հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով՝ առաջիկա օրերին կձևավորվի հատուկ հանձնաժողով, որի առջև խնդիր կդրվի բազմակողմանիորեն ուսումնասիրել Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը, ինչպես նաև նշված դրամական միջոցների նպատակային օգտագործման հետ կապված բոլոր հանգամանքները։

Հանձնաժողովին կտրամադրվեն ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ֆինանսական հաշվետվությունները, ծախսերը հիմնավորող նյութերն ու համապատասխան պարզաբանումները։
Ուսումնասիրության գործընթացը պետք է լինի անաչառ և զերծ քաղաքական ճնշումներից ու նախապես ձևավորված գնահատականներից։ Դրա ավարտից հետո հանձնաժողովը կներկայացնի փաստերի վրա հիմնված եզրակացություն և համապատասխան առաջարկություններ։
Վստահեցնում եմ՝ թաքցնելու որևէ փաստ կամ հանգամանք չկա։ Հանրությանը հուզող բոլոր հարցերը կստանան հստակ, սպառիչ և փաստերով հիմնավորված պատասխաններ։
Միաժամանակ հստակ արձանագրում եմ՝ անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության կամ իմ հեղինակության վրա։

Հանրային հարթակներում աղմուկ բարձրացնելը դեռևս ապացույց չէ, իսկ փաստերի բացակայությունը չի կարող փոխարինվել քաղաքական պատվերով, անձնական վիրավորանքներով և հասարակությանը մոլորեցնելու փորձերով։

Նրանք, ովքեր առանց որևէ հիմնավոր փաստաթղթի հանդես են գալիս որպես մեղադրող, ուսումնասիրության ավարտից հետո պարտավոր են լինելու պատասխան տալ իրենց տարածած յուրաքանչյուր կեղծ տեղեկության և վարկաբեկող հայտարարության համար։

Ես պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը և պատասխանել յուրաքանչյուր հիմնավորված հարցի, սակայն չեմ պատրաստվում լռությամբ հետևել, թե ինչպես են առանձին անձինք Արցախի և արցախահայության ծանրագույն վիճակն օգտագործում քաղաքական հաշվարկների, անձնական վրեժխնդրության և էժան հեղինակություն ձեռք բերելու համար։

Հանձնախմբի աշխատանքի արդյունքում իրավական գնահատականի ենթակա որևէ հանգամանք ի հայտ գալու պարագայում այն կքննարկվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակում։ Նույն իրավական սկզբունքով պետք է գնահատվեն նաև զրպարտության, ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման և անձի հեղինակությանը միտումնավոր վնաս հասցնելու հնարավոր հանգամանքները»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image