«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, տասնյակ տարիներ աշխատելով բազմաթիվ քաղաքացիների հետ, իր խոսքով` վերջին տարիներին մեծ հիասթափություն է ապրում։ «Ես չափազանց լավատես մարդ եմ. կարող էի տասնամյակի պլան կազմել, բայց հիմա ապրում եմ օրով, տպավորությունն այն է, թե վերջին օրերն ենք ապրում։ Թվում է՝ կանգնած ենք մի կայարանում, որտեղից բոլորս մեկնելու ենք»,- ասաց նա hraparak.am-ի հետ զրույցում։
Վահան Թումասյանը նշում է, որ երբ լսում է պնդումներ, թե այսօր եկեղեցու դեմ կատարվող գործողությունները տարիներ անց պատմության դասագրքերում կհիշվեն, ինքը դրան թերահավատորեն է մոտենում. «Մտածում եմ, այսքանից հետո, 40-50 տարի հետո, կունենանք իրական պատմություն թե՞ ոչ։ Ոչ ոք ինձանից լավ չի ճանաչում Միքայել սրբազանին, ոչ ոք իմ չափ չի շփվել նրա հետ, իսկ այսօր նրա հասցեին գրում են՝ տեռորիստ է։ Այդպիսի մարդուն տարել են, մտցրել խուցը, իսկ մենք ազատության մեջ ենք։ Ինչպե՞ս արդարացնեմ դա, որովհետև դրա իրավունքը չունենք», — ասաց Թումասյանը` հավելելով. «Գյումրիում իրավիճակն այլ է։ Այն, ինչ կատարվեց սրբազանի և հետ քաղաքապետարանում, մարդկանց աչքերը բացեց։ Բայց գյուղերում դեռ իրավիճակը այլ է։ Մի գյուղում ծանոթներիցս մեկը, որը մարդկանց էր հավաքել ֆեյք պատարագի համար, իր արածի համար ինձ անհեթեթ ու զավեշտալի պատասխան տվեց՝ ասում է՝ պատարագից հետո եկանք, մեր գյուղի խաչքարի մոտ մոմ վառեցինք, մեղքերի թողություն արեցինք։ Եվ սա այն մարդն է, որը մտերիմ է քահանաների հետ։ Ասում եմ՝ հիմա այդ քահանաները կալանավորված են, իսկ դո՞ւ…։ Ինքն էլ մի փոքր պաշտոնի համար պատրաստ է եղել դրան։ Այսքանից հետո դուք հավատո՞ւմ եք, որ 40-50 տարի հետո մենք պատմություն կունենանք»,- նշեց նա։
Թումասյանի խոսքով՝ ինքն այնքան իշխանություններից ու եպիսկոպոսներից չէ հիասթափված, որքան մեր հասարակությունից, քանի որ հասարկության կողմից համարժեք պատասխան չի տեսնում։
Այն դեպքում` երբ ամեն ինչ կեղծ է՝ կեղծ պատարագ, կարգալույծ քահանա, որը հարված է ոչ թե եկեղեցուն, այլ մեր հավատին։