Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հավատացյալ, կարգալույծ է հռչակում Ամենայն հայոց կաթողիկոսին եւ պնդում՝ կարգալույծը չի կարող կարգալույծ հռչակել Տեր Արամ քահանային։
«Կտրիճ Ներսիսյանը՝ ինքը, կարգալույծ է՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ո՞նց կարա որեւէ քահանայի կարգալույծ անի մինչեւ, այսինքն՝ դրանից հետո էլ, առաջ էլ։ Թող հանրությանը բացատրի՝ որտեղի՞ց եւ ինչպե՞ս ինքն ունի կին եւ երեխաներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ էր արել Հովհաննավանքի քահանա Տեր Արամին։ Նա այլեւս աշխարհիկ մարդ է՝ Ստեփան Ասատրյան անունով։ Բայց, վարչապետի պնդմամբ, հենց կարգալույծ հռչակվելու օրն է Ստեփան Ասատրյանը օծվել որպես քահանա։ «Որպես նոր օծված քահանա, ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա՝ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ»,- ասել է նա՝ զավթելով նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթները: Ըստ Փաշինյանի, միայն ինքը չէ՝ ժողովուրդն է Վեհափառին կարգալույծ արել, այն ժամանակ, երբ կաթողիկոսն իշխող ուժի հեռացումն էր պահանջում, բայց մարդիկ ընտրեցին իրենց. «Այդ ժամանակ է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդն իրեն ասել է՝ դու ո՞վ ես ընդհանրապես։ Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում ընդհանրապես»։ Խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այնքան է բորբոքվել, որ սկսել է հղում անել մամուլի հրապարակումներին՝ հոգեւոր վերնախավի անդամներին կագեբեի գործակալ, սեռական մոլագարներ, բոսյակներ անվանելով։
«Հիմա մեկը КГБ-ի գործակալ է, մեկը քահանաների հետեւից է ընկնում, ձեռ-մեռ է գցում՝ լռություն կատարյալ։ Լսե՛ք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։ Կաթողիկոս կոչվածը՝ Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Այս հարցին պատասխանե՞լ է այդ մարդը։ Ախպերը, որ КГБ-ի գործակալ է, որեւէ բացատրություն տվե՞լ է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ է, մեկը՝ մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ի՞նչ է եղել, իրենց անձնական կյանքն է»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա, եկեղեցական վերնախավը ժողովրդին հաշվետվություն չի տալիս. «Հլը մի հատ էլ մեզ են ասում՝ նեռ, դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք ընդհանրապես»։ Եվ հայտարարեց, որ եթե անգամ մենակ էլ լինի, պայքարելու իր «սրբության» համար եւ հասնելու է իր նպատակին, որը պարզ է՝ Եկեղեցին քանդելն է։ Փաշինյանի խոսքից հասկացանք նաեւ, որ հոգեւորականի նրա իդեալը Ստեփան Ասատրյանն է՝ նախկին Տեր Արամ քահանան. «Ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգեւոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է»։
Կարգալույծ հռչակված քահանան, հիշեցնենք, սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել էր հոգեւոր վերնախավի ճնշումների ու Սուրբ գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին, ասել, որ Արագածոտի թեմի առաջնորդն իրեն ստիպել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Եվ նրա հայտարարության հիման վրա թեմի առաջնորդին 2-ամսյա կալանք տվեցին։ Ի դեպ, վերջին օրերին՝ լրատվամիջոցների հետ շփումներում նախկին քահանան երկու անգամ ստել էր, ասել, որ իրեն չեն հարցաքննել եւ այլն։ Բայց նրա սուտը Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ազնվության դրսեւորում է համարում եւ դեռ երեկ է հայտարարել, որ այս կիրակի գնալու է Հովհաննավանք՝ Տեր Արամի մատուցած անօրինական պատարագին մասնակցելու։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարություններին՝ ուղղված եկեղեցականներին եւ սրբազաններին, ասում է. «Ես բնավ պասիվ քաղաքացի չեմ եւ շատ լավ հետեւում եմ, թե մեր երկրում ինչ է տեղի ունենում: Ուղղակի չեմ արձագանքում այս ամենին, որովհետեւ հասկանում եմ, որ արդեն սրանց լկտիությունը, անպատժելիությունը հասել է գագաթնակետին: Գործ ունենք մի այնպիսի պրոֆեսիոնալ, անգամ բառ չեմ գտնում, որ ասեմ, որոնք ամեն ինչ ներկայացնում են որպես մեծ հաղթանակ, մարդկանց ուղեղը լվանում են, եւ ես հասկանում եմ, որ ես ու ինձ նման մարդիկ արդեն անզոր են այս ստի, կեղծիքի դեմ պայքարում: Ես իմ տեսակի պարտությունն ընդունում եմ: Ինձ նման մտածողները շատ քիչ են: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դրա մեղավորը ոչ միայն իշխանությունն է, այլեւ` բոլորս: Այն մարդիկ, ովքեր սատարում են այս ռեժիմին….»։
Կարծում եք՝ շա՞տ են նրանք, այդ դեպքում ինչո՞ւ են գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում պարտվում։ «Եթե այդպես է, ապա թող կարծիք ասեն, թող խոսեն: Եթե քաղաքապետի ընտրություններում պարտվում են, բայց հետո նույն հաղթած քաղաքապետերի վրա գործեր են կարում, սպանում են ու չգիտես ինչեր են անում, դա հաղթանա՞կ է, ոչ, դա մեր նյարդերը քայքայել է: Ես ամեն օր, երբ բացում եմ համացանցը, խելագարվում եմ՝ տեսնելով, թե մեր երկրի առաջին դեմքը ոնց է մեզ ծաղրում: Այս մարդն ամեն օր ինձ ծաղրում է: Իր ողջույնը, իր սրտիկները… էլ չեմ կարողանում այդ ամենը հանդուրժել: Իմ երկրում ես ապրում եմ կիսախելագար վիճակում: Ես անզոր եմ այս ամենի դեմ պայքարում: Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ պայքարին, ապա թող իրեն իրավունք չվերապահի խառնվել Աստծո եւ սրբազանների գործերին, թող չհամարձակվի խոսել որեւէ հոգեւորականի մասին: Նիկոլի ու իր բանդայի կողմից հնչեցված ցանկացած միտք ինձ համար զրո արժեք ունի, ես նրա ոչ մի խոսքին չեմ հավատում: Այդ ի՞նչ խոսքեր է ասում, բոսյակն ո՞վ է: Ո՞նց է թույլ տալիս իրեն հանրության առաջ նման բառեր օգտագործել կամ խոսել Եկեղեցու մասին: Սրանց լկտիությունն ու անպատժելիությունը չունի չափ ու սահման»: