Հասարակություն

Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողամասի թեման հասավ CNN

Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողամասի թեման հասավ CNN

Երուսաղեմահայ համայնքի, առաքելական եկեղեցու մի շարք հոգեւորականների եւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջեւ ծավալվող եւ համահայկական-համազգային մասշտաբներ ստացած «Կովերի պարտեզ» հողամասի օտարման թեման շարունակում է ծավալվել ու արդեն համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մասնավորապես՝ հունիսի 24-ին CNN ամերիկյան հեռուստակայանը թեմային նվիրված ռեժորտաժ է հրապարակել։ Ռեպորտաժում նշվում է խնդրի մասին՝ պատմական անդրադարձ կատարելով Սուրբ երկրում հայերի ավելի քան 1600-ամյա ներկայությանը եւ հարակից այլ հարցերի։ Ամերիկյան առաջատար հեռուստաընկերության զրուցակիցը երուսաղեմահայ լուսանկարիչ Կարո Նալբանդյանն է, ով էլ ներկայացրել է խնդիրը։

«Կովերի պարտեզի» հետ կապված խնդրում նորությունը թերեւս այն է, որ հունիսին Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից իրավաբանների խումբ է մեկնել Երուսաղեմ՝ մեկշաբաթյա այցով, որի ընթացքում հանդիպումներ են ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես է հնարավոր պաշտպանել համայնականների իրավունքներն ու Սուրբ երկրում հայկական մշտական ներկայությունը։ Պատրիարք Նուրհան Մանուկյանը մեկնաբանություններ չի տվել եւ շարունակում է խուսափել մամուլի եւ հանրության հետ շփումներից։ Համայնքի ներկայացուցիչների ուշադրությունից չի վրիպել այն, որ հունիսի կեսերին պատրիարքարանում սարկավագների ձեռնադրություն է եղել, որին սովորաբար պատրիարքը ներկա պետք է լիներ, սակայն վերջինս նույնիսկ այդ ծիսակատարությանը ներկա չի եղել։

CNN-ի հետ զրուցել է պատրիարքարանի ներկայացուցիչներից Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը, ով հայտարարել է, որ «Կովերի պարտեզը», ճիշտ է՝ վարձակալության է տրամադրվել 99 տարով, սակայն հիմա աշխատում են գործարքի չեղարկման ուղղությամբ։ Թե որքանով կարելի է արժանահավատ համարել նրա խոսքերը, դժվար է ասել, եթե հաշվի առնենք, որ Նուրհան պատրիարքն էլ բազմաթիվ անգամներ այդ հողամասի ապագայի հետ կապված տարբեր տեսլականներ է հայտնել, որոնք, պարզվել է, կեղծիք են եւ հետապնդում են մի նպատակ՝ քողարկել անօրինական օտարման գործարքը, որն ուղիղ հարված է Երուսաղեմում հայկական ներկայությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image