«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:
- Մինչ հարեւան Իրանում ռազմական գործողությունները նոր թափ են հավաքում, եւ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում, ՀՀ վարչապետը որոշել է շարունակել հոգեւորականների «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելու գործը` գռեհիկ բառապաշար կիրառելով: Իսկ երեկ նրա անձնական հրամանով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը` Եկեղեցուն աջակցություն հայտնելու համար: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին: Ինչո՞ւ է Փաշինյանն այս բարդ փուլում որոշել պայքարել Եկեղեցու, նաեւ՝ Եկեղեցուն սատարողների դեմ:
- Մերձավոր Արեւելքը եռում է, Մերձավոր Արեւելքի բոլոր ժողովուրդները լցված են այժմ տագնապով, յուրաքանչյուրի համար իրավիճակը կարող է ճակատագրական լինել, բառի բուն իմաստով, այս առումով Հայաստանը չի կարող բացառություն լինել: Առանց այդ էլ մենք գիտենք, որ Արեւմուտքից եւ Արեւելքից մեր տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության առումով ինչպիսի հավակնություններ ու ռազմաքաղաքական ճնշումներ են կիրառվում, մենք, փաստորեն, զբաղված ենք այլ հարցերով…. նման պայմաններում որեւէ ողջամիտ քաղաքական գործիչ, էլ չեմ ասում՝ պետության ղեկավար, առաջին հերթին պետք է զբաղվեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու փորձերով, պետք է քայլեր մշակեր, եւ դա պետք է իր համար այս շրջանում լիներ առաջնային հարցը: Մենք ընդհանրապես չունե՞նք մտահոգվելու կարիք, այսինքն` մեր անվտանգությունը, որ առանց այս զարգացումների էլ վտանգի տակ էր` փխրուն, եթե չասենք՝ անկայուն վիճակում, չեն կարեւորում, չեն էլ փորձում համապատասխան քայլեր ձեռնարկել: Ինձ համար այս վարքագիծն առնվազն տարօրինակ է` որպես նախկին վարչապետ, որպես նախկին ԱԺ նախագահ: Այլ պետություններում նման իրավիճակներում իշխանությունն ամեն գնով փորձում է հասնել հնարավոր կոնսոլիդացման, միասնականության, իսկ մեզ մոտ արվում է հակառակը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ազգապահպան գործում ամենակարեւոր ազգային ինստիտուտը` Հայ առաքելական եկեղեցին, հալածանքների ու արշավների ենթարկում, բարոյական բոլոր հնարավոր նորմերի խախտմամբ: Լեքսիկոնի մասին էլ չենք խոսում: Անգամ փողոցային, թաղային լեքսիկոնում չկան նման բառեր: Հայհոյախոսությունը մեր բառապաշարում գերակա է դարձել: Անգամ այնպիսի բառեր է ասվում հոգեւորականների մասին, որ նույնիսկ չեմ ցանկանում մեջբերել, ամոթալի է շատ, հարիր չէ անգամ փողոցին: Նույնիսկ թաղային հեղինակություններն իրենց երբեք թույլ չեն տա եկեղեցու մասին նման բանաձեւումներով խոսել: Ես քաղաքի տղա եմ, մեծացել եմ քաղաքում, նման բան երբեք չեմ տեսել:
- Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցուց:
- Մեր ազգային կարեւորագույն ինստիտուտներն արժեզրկելով, կազմաքանդելով՝ նա փորձում է նպաստավոր միջավայր ստեղծել մեր ոխերիմ հարեւանների համար: Ես ձեր լսարանի ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, թե երբ Նիկոլ Փաշինյանն արշավ սկսեց Եկեղեցու դեմ: Դա եղավ ճիշտ այն ժամանակ, երբ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, ի պատասխան Վեհափառ հայրապետի այն նախաձեռնությանը, որով նա հանդես էր եկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում, որը կայացել էր Բեռնում, կրոնականին ոչ հարիր բառապաշարով հայտարարություններ արեց: Դրանից անմիջապես հետո Եկեղեցու վրա հարձակում գործեց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, երբ նա ներկայանում է որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ես ուզում եմ նրան հարց ուղղել. ե՞րբ է վերջին անգամ եկեղեցի այցելել, ո՞ր եկեղեցում է վերջին անգամ մոմ վառել:
- Սամվել Կարապետյանին Փաշինյանը մեղադրում է իշխանությունը զավթելու նպատակով կոչեր անելու մեջ: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք Եկեղեցուն աջակցելն իշխանազավթման փորձ է:
- Եթե Սամվել Կարապետյանն իշխանություն զավթելու ցանկություն ունենար, ապա նա վաղուց կարձագանքեր իշխանություններին` բազում առիթներով, այդ թվում՝ մեր պետության եւ պետականության ինստիտուտների կազմաքանդմանը միտված քայլերին կարող էր արձագանքել: Սամվել Կարապետյանն ընդամենը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդին հարիր արձագանք է տվել՝ իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, ինչը շատ նորմալ է: Այն, որ Կարապետյանն ասում է՝ մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, այդտեղ բնավ չկա իշխանազավթման փորձ, դա ընդամենը աջակցության խոսք է՝ եկեղեցին իշխանական հարձակումներից պաշտպանելու համար: Չգիտեմ, թե ինչպիսի վառ երեւակայություն է պետք ունենալ՝ Կարապետյանի հայտարարությունն այլ կոնտեքստում ընկալելու համար:
- Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն ավելի հաճախակի է փոխում, քան իր հագուստը: Ինչո՞ւ Արմեն Աբազյանը հեռացվեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնից:
- Լուրեր են շրջանառվում առ այն, որ Աբազյանին հանձնարարական է տրվել՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու, սակայն նա հրաժարվել է ուժային գործողություններ կատարելուց: Եթե սա ճիշտ է, ապա Աբազյանը ճիշտ է վարվել: Ինչ վերաբերում է այս պրոցեսին, ես այս փուլում չէի ցանկանա կենտրոնանալ Արմեն Աբազյանի պաշտոնանկության թեմայի վրա, որովհետեւ անհամեմատ առավել կարեւոր հարցեր կան, հատկապես՝ Եկեղեցու եւ մեր հովվապետի շուրջ կատարվող իրադարձությունները: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը փաթեթավորված ներկայացնում է որպես պայքարի նպատակ, իրականում իր հիմնական նպատակները քողարկելու համար են: Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բառի բուն իմաստով, քաղաքական հետապնդումներ են սկսվել: Ես ուզում եմ նաեւ մի շատ կարեւոր հանգամանքի մասին խոսել: ՀՀ սահմանադրությունը հստակ նշում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, սա նշանակում է, որ իշխանությունը չունի իրավունք՝ խառնվելու Եկեղեցու հարցերի մեջ, եւ դա չի նշանակում, որ հանրային լուրջ ինստիտուտ հանդիսացող Եկեղեցին, որի հետեւորդները կարող են շատ հանգիստ քաղաքականությամբ զբաղվել, պետք է անհաղորդ մնա քաղաքական պրոցեսներից: Սահմանադրության այդ կետը Եկեղեցին իշխանությունից պաշտպանելու մասին է, այլ ոչ թե՝ հակառակը: Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, սակայն քաղաքականությամբ եմ զբաղվում, չունե՞մ իրավունք՝ հոգեւորականների հետ քաղաքականությունից խոսելու, ո՞վ է որոշել, որ հոգեւորականի հետ պետք է միայն աստվածաբանական թեմաներից խոսել: Արդյո՞ք Եկեղեցին չունի իրավունք՝ միասնականություն քարոզելու, հայապահպան խնդիրներ լուծելու, իհարկե՝ ունի….