Անհնարին է չանդրադառնալ խաղաղության ուղերձի վերաբերյալ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումներին։ Ֆեյքերն այնքան են ակտիվացել, որ էլ խաղաղության մասին ինչեր ասես չեն ձոնում։ Մեկը գրում է․ «100 -ամյա խաղաղության դարաշրջանը այլևս մեկնարկված է։ Անհավատալի է , բայց փաստ։ Դուք դա արեցիք, ի փառս Ձեր հավատի, սիրո, կամքի, բարության ու արդարության»։
Ֆեյքերի տակ թաքնված մարդիկ, դուք լա՞վ եք։ «Զանգեզուրի միջանցքը» 99, թե 100 տարով վարձակալությամբ են տալիս օտարին, ու դուք ուրախացել, գրում եք, թե 100 տարով խաղաղությու՞ն է մեկնարկվում։ Երևի 100 տարի հետո Փաշինյանի՞ց եք խաղաղություն ուզելու, որովհետև, ինչպես դուք եք գրում՝ Փաշինյանը հավերժ է․ «Նիկոլ Փաշինյանը հավերժ կմնա Հայաստանի Հանրապետության վարչապետ»։
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը մահկանացու է, Աստված չէ, որ հավերժ ապրի և խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Ստորագրվելու դեպքում էլ Ադրբեջանը կորոշի ձեր խաղաղությունը։ Ի՜նչ մի ընկել եք հրահանգով խաղաղության էյֆորիայի մեջ, ու ,,խաղաղություն եք խաղում,,․ «Վարչապետս, շնորհակալ ենք, որ մեզ նվիրեցիք խաղաղություն», «Աստված օրհնի քեզ» «Հպարտանում եմ Ձեզանով», «Հզոր Վարչապետ», «Հայրենասեր վարչապետ»։ Այո, սրանք բառեր են, որոնք ուզում է լսել Նիկոլ Փաշինյանը, որ խաբված ժողովուրդը 2018-ին շռայլում էր ու այսօր լրիվ հակառակ բառերով է որակում, բայց չա՜փ կա։ Ձեր խոսքերին մարդիկ պիտի հավատան, որ դրանք անկեղծ գրառումներ են, դուք չափն անցկացնում եք։ Մարդիկ տեսնում են, չէ՞, թե լրատվականների գրառումների տակ ինչեր են գրվում, ո՜նց են որակում Փաշինյանի քայլը, ֆեյսբուքյան իր էջում այս ի՞նչ չլիցենզավորված երգչախումբ եք բացել։ Մեղմ եմ ասում՝ լա՜վ չեք աշխատում։
Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» վերածվել է ֆեյք երգչախմբի անբասիր համերգի։ Տպավորություն է, թե սա ոչ թե քաղաքական իրականություն է, այլ աստվածացման կամ կրոնական նոր պաշտամունք։
Բայց այդ գովերգերի տակ թաքնված ճշմարտությունն այլ է․ Սյունիքի միջանցքը վարձակալությամբ հանձնվում է օտարին։ Եվ սա ներկայացվում է իբրև նվեր ժողովրդին։ Խաղաղություն, այո, բոլորը ցանկանում են, բայց ոչ այնպիսի «խաղաղություն», որը գալիս է հայրենիքի հաշվին։ Խաղաղություն, իհարկե, բոլորն են ուզում, բայց ոչ այսպես՝ կեղծ խաբուսիկ խոստումների ու էյֆորիկ ծափահարությունների գնով։
Ֆեյքերը շարունակում են խաղալ իրենց դերակատարումը՝ գովեստից գովեստ անցնելով, ասես մրցում են, թե ով ավելի բարձր կգոռա․ «Հզոր վարչապետ», «Հայրենասեր առաջնորդ», «Աստված օրհնի քեզ»։ Բայց իրական խաղաղությունը գովերգերով չի ստեղծվում, այլ արժանապատիվ պետականությամբ։ Իսկ այստեղ մենք գործ ունենք կեղծիքի, ոչ թե խաղաղության դարաշրջանի հետ։