Քաղաքականություն

Դըկոտինյին ՀՀ-ում միլիոննե՞ր է յուրացրել․ Ֆրանսիայի դեսպանատան պարզաբանումը «Հրապարակ»-ին

Դըկոտինյին ՀՀ-ում միլիոննե՞ր է յուրացրել․ Ֆրանսիայի դեսպանատան պարզաբանումը «Հրապարակ»-ին

Մենք քանիցս գրել ենք, որ ֆրանսահայ բլոգեր, հետաքննող հեռուստալրագրող Լեո Նիկոլյանը սկանդալային հայտարարություն է արել։ X ցանցի  (նախկին Twitter) իր էջում նա դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ այսպես կոչված «երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում գոյություն ունեցող կոռուպցիան բացատրելու պահանջով»։ Նրա պնդմամբ, «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։

Այս տեղեկության հետ կապված պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով

«Հրապարակ»-ը դիմել էր ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանություն՝ հետևյալ հարցադրումներով՝

1․ Արդյո՞ք պարոն Դըկոտինյին տեղյակ է Լեո Նիկոլյանի մատնանշած հրապարակման հետ։

2․ Եթե այո, ինչո՞վ է բացատրում պարոն դեսպանը նման արշավն իր անձի դեմ՝ հատկապես հայ-ֆրանսիական սերտացող հարաբերությունների և առաջընթացի

շրջափուլում։
3․ Ի՞նչ է մտադիր անել պարոն դեսպանը այս տեղեկության հետքերով (հերքում, դատական հայց և այլն)։

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ դեսպանությունում հղում են արել դեսպան Դըկոտինյիի X-ում արած հրապարակումը․ «Առցանց զրպարտչական բովանդակություն տարածելը ենթակա է քրեական հետապնդման»։ Գրառմանը կից է նշվել է ադրբեջանական կայքերից մեկի՝ aze.media-ի անդրադարձը Նիկոլյանի հայտարարությանը: Ադրբեջանական կայքը նաև հետևություն է արել և գրել․

«Հավանական է, որ դեսպանը հարստացել է Ղարաբաղն ինքնակամ լքած հայերի հաշվին, քանի որ հայտնի է, որ նրանց փոքր մասն է բնակություն հաստատել Հայաստանում, մեծամասնությունը մեկնել է Եվրոպա»։

Այլ կերպ ասած, զրպարտչական արշավի ետևում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեսնում է Բաքվին, որտեղ զանգվածային լրատվամիջոցներն առանձնակի ոգևորությամբ և սեփական դատողությունների լույսի ներքո են լուսաբանել ֆրանսահայ լրագրողի սկանդալային գրառումը։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Նիկոլյանը հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հրապարակմամբ՝ կապված ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անն Լույոյի հետ։ Ֆրանսահայ լրագրողը հրապարակել էր HSBC բանկի փաստաթուղթ, որում երեւում է, որ «դեսպան Անն Լույոյի հաշվին Ադրբեջանից 2 մլն դոլար է փոխանցվել»։ Ավելի ուշ, Նիկոլյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, որ Ֆրանսիայի դեսպանը հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել Հայաստանում։
Հավելենք, որ հայազգի բլոգերը 90-ականներին, որպես ռազմական լրագրող, եղել է Հայաստանում, հարցազրույցներ է վարել ՀՀ բոլոր նախագահների հետ։ Թե կողմերից ո՞րն է իրականում զրպարտում մյուսին, պարզ չէ․․․
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image